...

Քաղաքական ռեցիդիվիստը

Քաղաքական ռեցիդիվիստը

Գագիկ Ծառուկյանը թեև չի ընդունել «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն կատարելու մարտահրավերն ու այն չի փոխանցել մեկ ուրիշին, սակայն փոխարենը տևական ժամանակ է, ինչ միացել է մեկ այլ մարտահրավերի: Խոսքը իշխանությանը նետված ռևանշի՝ մարտահրավերի մասին է: Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած զարգացումները` ԻՔ-ի և ԲՀԿ-ի միջև լեզվակռիվը, երեստվանք-հիշոցները, ապաև ԲՀԿ-ի հայտարարած քաղաքական բոյկոտը այդ ռևանշին միացած լինելու վառ ախտանշաններից են: Ի դեպ, այդ ախտանշանները անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ ընտրություններից և ԱԺ-ում տնավորվելուց կարճ ժամանակ հետո էլ էին դրսևորվում՝ հուշելով, որ ԲՀԿ-ին սպառնալու է «քաղաքական չարիք» դառնալու ռեցիդիվը: 

Ենթադրվում էր, որ նախկին իշխանության հետ կոալիցիոն և այլազան, այդ թվում`«բամփիչ» և դեպի Ռուսաստան տանող «հետբամփիչ» կապերը չէին թողնելու, որպեսզի այդ ուժը հանգիստ նստի իր տեղն ու վայելի քաղաքական վերականգնողական կուրսը` օլիգարխից վերածվի խոշոր սեփականատիրոջ: ԲՀԿ-ն, որը ինքնակամ «մուծվել» էր հեղափոխությանը` ցուցարարներին ջուր մատակարարելու, ապաև Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու տեսքով, այժմ նույն էնտուզիազմով կմուծվի հակահեղափոխությանը և որպես տրանզիտային քաղաքական ուժ ռևանշը փողոցից կտեղափոխի խորհրդարան, ապաև իշխանության մյուս օղակներ: Իսկ ռևանշի առաջին արարին ամենայն հավանականությամբ ականատես կլինենք եկող հունվարից, երբ կլրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին և հնարավոր կլինի կիրառել նրան անվստահություն հայտնելու սահմանադրական ընթացակարգը: Մենք այդ սցենարին անդրադարձել ենք նախորդիվ: 

«Կապիտուլյացիայի» համար հող են նախապատրաստում 

ՔՊ-ից հետո մեծությամբ երկրորդ էլեկտորատն ունեցող ուժը տևական ժամանակ է, ինչ անթաքույց խաղում է ռևանշիստների թելադրած սցենարով, ըստ որի էլ կատարվել են բոլոր դերաբաշխումները` ամեն մեկին իր տաղանդի ու ձեռնահասության չափով: 

Այս ընթացքում Գևորգ Պետրոսյանի շուրթերով հղում անելով Ստամբուլյան կոնվենցիային, Ծառուկյանը կարողացավ կերտել իշխանության` ընտանեկան արժեքներին դեմ գնացող ու այլասերվածներին պաշտպանության տակ առնողի կերպարը: Նույն Գ. Պետրոսյանի «համոզիչ» կատարմամբ ԲՀԿ-ին հաջողվեց նաև ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը լուծելու իշխանության ջանքերը մեկնաբանել նախ որպես մանկամիտ գործընթաց, ապաև խեղաթյուրել այդ գործընթացի նպատակը, որն իբրև թե ՍԴ անցանկալի դատավորներին հարկատուների հաշվին «դրախտի պուտյովկա» տալն է, յուրային թեկնածուներով համալրելը, «որպեսզի կարողանան հեշտությամբ սղացնելով վավերացնեն ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող պայմանագրերը»: 

Հակաիշխանական քարոզչության մեջ հաջորդ կարևոր ներդրումը  բառիս բուն իմաստով տնտեսության ոլորտին առնչվող ներդրումներին է վերաբերում, որը Ծառուկյանի սիրելի թեման է` «կոնյոկը»: Խորհրդարանի միակ և անկրկնելի գործարար Ծառուկյանը, մտնելով Ադամ Սմիթի կերպարի մեջ, պարբերաբար խաղարկում է այս թեման` հաճախ դիմելով նաև բլեֆի: Այս հարցում Ծառուկյանին, բնականաբար, «քոմագ» են անում ԲՀԿ տնտեսական բլոկի ներկայացուցիչները` ՀՀ-ում տիրող ներդրումային «ողբալի վիճակ»ի մասին ԱԺ ամբիոնից «դամ պահելով»: Փաստ է, որ նախորդ իշխանությունից ժառանգություն ստացած «հիվանդ տնտեսությունը» ոտքի հանելու հարցում կարևոր է խոշոր ներդրումների ներգրավումը` որպես երկրի տնտեսության առաջընթացի հիմնական միջոց: 

Եվ իշխանությանը մեղադրելով հավանական ներդրողներին գրկաբաց ընդունելու փոխարեն «բշտել-լարելու» մեջ, Ծառուկյանը փորձում է առ ոչինչ համարել իշխանության անդուլ ջանքերը, որոնք ուղղված են ՀՀ-ն աշխարհին որպես տնտեսական հեղափոխության օազիս, ներդրումների համար հրապուրիչ երկիր ներկայացնելուն: Նախկին իշխանության ներկայացուցիչները այս ընթացքում քանիցս չարախնդացել են այս թեմայով, թե` Նիկոլի խոստացած ներդրումային բումը այդպես էլ տեղի չի ունենում և ՀՀ-ին սպառնում է տնտեսական լճացման հեռանկարը: Այսինքն` ներդրումների թեմայով իշխանությանը «հուպ» տալու ԲՀԿ-ի կեցվածքը ևս ռևանշի օրակարգի կարևոր կետերից մեկն է, որի նպատակը հանրությանը հասկացնելն է` ժողովուրդ ջան, ձեր սառնարանը դեռ երկար ժամանակ լիքը չի լինելու, և ես եմ ձեր «ձուկն ու հացը» բազմացնող միակ «մեսիան»:   

Մոսկվան «դուխ» է տվել  

Մամուլը գրեց, որ Գագիկ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների, որի ընթացքում ԲՀԿ ղեկավարին «դուխ են տվել» ու հասկացրել, որ ՀՀ-ում պետք է արմատական ընդդիմություն ձևավորվի, և ամենահարմար ուժն այդ առումով ԲՀԿ-ն է, ում իրենք պատրաստ են աջակցել։ Մոսկվայից վերադառնալուց հետո էլ, Ծառուկյանը որոշեց գնալ քաղաքական սադրանքի` վերհիշել 8 ամիս առաջ արաբ շեյխերի կողմից ներդրումներ անելու, իր կողմից Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի ԱՊԶ-ի մասին պատմությունները, քաղաքապետին անհասկացող անվանելը: 

Առաջիկայում ևս, ըստ սցենարի, ականատես կլինենք իշխանության դեմ ուղղված դեմարշի այլ դրսևորումների, չի բացառվում նաև Ամանորի նախօրյակին ենթադրվող թանկացումների հողի վրա ժողովրդին փողոց դուրս բերելու տարբերակը: Այսինքն, եթե «չարիք դառնալու» 2015-ի գործողության կրկնությունը տեղի ունենա, ապա Մոսկվան, ի դեմս Սամվել Կարապետյանի, այլևս ստիպված չի լինի հաշտարարի նախկին դերը տանել` ստիպելով ԲՀԿ առաջնորդին փակել քաղաքականության էջն ու սպորտով զբաղվել: Մոսկվան, դատելով զարգացումներից, Հայաստանում քաղաքականության նոր էջ բացելու ծրագրեր ունի, և այն կարող է միս ու արյուն ստանալ նոր` բարեգործներ Ծառուկյան-Կարապետյան տանդեմի տեսքով:

Պատահական չէ, որ այս օրերին շրջանառվում է այդ նախագծի անունը` «Պատիվ ունեմ» կուսակցություն: Այն, ըստ մամուլի,  ԱԱԾ նախկին տնօրենի «ֆասադով» է ներկայանալու, որում, չի բացառվում, որ ընդգրկվեն հեղափոխությունից հետո ՌԴ-ում հայտնված մյուս տարագիրները: Եվ ոչ միայն նրանք:  

Հեղինե Մանուկյան
  
Հ.Գ. Իհարկե, իշխանությունը այս ամենը չտեսնել ու չիմանալ չի կարող: Իսկ ԲՀԿ-ի «չարիքացման» և այլազան ռևանշիստական սցենարները կանխարգելելու համար քիչ են միայն պետական թալանի և այլ այլանդակությունների մասնակիցների «թաթիկները կտրելու», «ծնոտը ջարդելու» մասին մատթափտվոցիները: 
Մինչ իշխանությունը կորոշի, թե ինչպես է այս ամենի դեմն առնելու` հիշեցնենք, որ 2007-ից քանիցս ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր կնքած և մասնավորապես «Մարտի 1»-ի իրադարձություններից 20 օր անց այն թարմացրած ԲՀԿ առաջնորդը հերքում է իր առնչությունը այդ արյունալի դեպքերին: Իրեն «բյուրեղ» անվանող Գ. Ծառուկյանը, սակայն, ամիսներ առաջ ՀՔԾ-ում հարցաքննվել է այս գործով: «Բյուրեղը» պնդում է, որ եթե ապացուցվի իր մասնակցությունը այդ արյունալի դեպքերին, ապա պատրաստ է հրապարակում գնդակահարվել:    

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2992 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ