Նախօրեին ԱԺ-ում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ ԲՀԿ-ական մեցոսոպրանո Նաիրա Զոհրաբյանը, ինչպես ասում են` «կախվել էր դատախազի ունքերից» ու նրան մեղադրում էր քաղաքական պատվեր կատարելու մեջ: Զոհրաբյանը հիշել էր 2018-ին գլխավոր դատախազի նույնաբովանդակ միջնորդությունը «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի վերաբերյալ: «Դուք կատարում եք այն մարդու քաղաքական պատվերը, որի համար 2018թ. ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել՝ չթույլատրված մասսայական անկարգություններ, հավաքներ, երթերի հիմքով՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Դուք այսօր հաստատեցիք, որ Դուք քաղաքական պատվեր կատարող եք, և հաստատեցիք, որ պատրաստ եք կատարել թե՛ նախորդ իշխանության, թե՛ այս, թե՛ հաջորդիվ բոլոր հնարավոր իշխանությունների քաղաքական պատվերը»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց, թե դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսում:
Հարկ է ընդգծել, որ գլխավոր դատախազը 2018-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով հետ է վերցրել միջնորդությունն ու Աժ-ում այն չի քննարկվել, քանի որ երկրում տեղծված իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, և իշխանությունը կառավարական կաբինետներից ու ԱԺ-ի նիստերի դահլիճից փաստացի տեղափոխվել էր ողջ հանրապետության փողոցներն ու հրապարակները: Ապրիլի 23-ին՝ հիշյալ միջնորդությունը ներկայացնելուց ժամեր անց, ինչպես գիտենք, տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այն, որ գլխավոր դատախազի նման որոշումը երկրում առկա քաղաքական իրավիճակով է պայմանավորված, դրանում կասկած չկա, և հայտնի չէ, թե ինչ տեղի կունենար, թե միջնորդությունը դրվեր ԱԺ-ի քննարկմանն ու բավարարվեր:
Նշենք, որ դատախազի անաչառությունը կասկածի տակ առած Զոհրաբյանը 2018 թ հունիսի 19-ին, երբ նույն դատախազը, նույն Արթուր Դավթյանը այս անգամ Մանվել Գրիգորյանին նույն` անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել էր նույն ԱԺ-ին, կասկածի տակ չառավ դատախազի անաչառությունն ու քաղաքական պատվեր կատարելու հանգամանքը: Հավանաբար քաղաքական նպատակահարմարությունը թույլ չտվեց:
Առաջարկում ենք, որ Զոհրաբյանն ԱԺ կայքի արխիվում փնտրի այդ օրվա նիստի սղագրությունն ու վերհիշի իր ահեղադղիրդ ելույթը: «Հարգելի խորհրդարան, ես մշտապես հարգել եմ և հարգում եմ անմեղության կանխավարկածը, սակայն կարծում եմ` բոլորդ ինձ հետ կհամաձայնեք, որ այստեղ որևէ դեպքում չի կարելի խոսել անմեղության կանխավարկածի մասին` մենք գործ ունենք սովորական դիակապտության հետ, մենք գործ ունենք նրա հետ, որ Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը սովորական շարքային գող է, ով կարող է իրեն թույլ տալ գողանալ զինվորի հացը: ...Եվ այսպես, տարիներ շարունակ մենք, այն ինչ ներկայացրեց գլխավոր դատախազը, սա, միանշանակ, մեկ կամ երկու օրվա հանցագործություն չէ. սա երկար տարիների ամենաթողության, բեսպրեդելի արդյունք է...Այս օրերին շատ խոսվեց, որ մեղավորությունը, որ այս ամբողջ շղթան պետք է բացահայտվի: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Մ. Գրիգորյանը մենակ չէ, մեր երկրում բազմաթիվ մանվել գրիգորյաններ կան, և նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա: Եթե մենք նոր խաղի կանոն ենք սահմանում մեր երկրում, ապա այդ խաղի կանոնի հիմնական կոդը պետք է լինի զրո հանդուրժողականություն` կոռուպցիայի և բեսպրեդելի հանդեպ:..Մ. Գրիգորյանը և բոլոր մանվել գրիգորյանները, անպայմանորեն, պատասխան պետք է տան: Եթե հիշում եք, մեկ-երկու տարի առաջ Մ. Գրիգորյանը հերոսական հորդորներ էր հնչեցնում, ասելով` մեխն էլ է ձեր ձեռքը, մուրճն էլ է ձեր ձեռքը, նալն էլ է ձեր ձեռքը: Մենք սամոսուդի կոչ չենք անում: Ես ընդամենն ասում եմ, որ հիմա նալն էլ, մուրճն էլ, մեխն էլ օրենքի և օրինականության ձեռքում է, և ակնկալում ենք, որ Մանվել Գրիգորյանը և բոլոր մանվել գրիգորյաններն իրենց արժանի պատիժը պետք է ստանան և, անպայմանորեն, պետք է ստանան: Երեկ Մ. Գրիգորյանը նամակ տարածեց, և տեսակետ է հայտնում, որ ինքը փրկելու է իր բարի անունը: Ես հիմա խոսում եմ որպես քաղաքացի. սպա Մ. Գրիգորյանը, իմ վստահ կարծիքով, մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե այդքան տղամարդկություն և քաջություն, իհարկե, ունենա: Կարծում եմ` հասկացաք, ես ինչ նկատի ունեմ»:
Այժմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժովի նախագահը, փաստորեն, ինքնասպանության կոչ արեց գեներալին, Արցախի հերոսին, մի վայրկյան անգամ չկասկածելով ոչ նրա մեղավորությանը, ոչ էլ դատախազի պրոֆեսիոնալիզմին ու բարոյականությանը: Իսկ այժմ, երբ նույն ուղտը չոքել է իրենց ղեկավարի դռանը, նոր է հիշել Արթուր Դավթյանին անվստահություն հայտնելու մասին, մինչդեռ ամիսներ առաջ` նախորդ տարվա նոյեմբերին, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նույն խնդրով դիմել էր Աժ խմբակցություններին, սևահեր տիկինը չի ցանկացել, Պողոսյանի բնութագրմամբ` իր մարմնի փափուկ մասը կտրել փափուկ բազկաթոռից և լսել իրենց: Իսկ այսօր դարակից հանել է իրենց հայտարարությունն ու դատախազին «կերցնում» է այն փաստարկներով, որոնք հայտնել էին իրավապաշտպանները:
Հ.Գ. 77 կողմ, 3 դեմ ձայներով 2018-ին ԱԺ-ն, ՀՀԿ-ի գլխավորությամբ, «հանձնեց» Մանվելին:
Հեղինե Մանուկյան