«ԲՀԿ ցուցակից դուրս մնացածներին Ծառուկյանը փոխանցել է՝ խուճապի չմատնվեն, անգործ ու անփող չեն մնա, և պատրաստվում է հանդիպել նրանց հետ, ճշտել, թե ով իրեն որտեղ է պատկերացնում»,- գրում է «Հրապարակ» թերթը:
«ՉԻ». Թող սա դաս լինի Գևորգ Պետրոսյանի համար, որ շտապեց և դավաճանեց պարոն Ծառուկյանին: Մնար թիմում, գուցե պատգամավոր չդառնար, բայց հաստատ նաև գործազուրկ չէր լինի: Օրինակ՝ նրան կնշանակեին «Փարավոն» ռեստորանի երաժշտախմբի մենակատար: Հաստատ ավելի եկամտաբեր գործ է, քան պատգամավոր աշխատելը: Դրան գումարած՝ ավելի քիչ ծաղրանքի կարժանանար:
Նաիրա Զոհրաբյանին էլ թիմում մնալու դեպքում կարելի էր նշանակել «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր հաղորդավար: Խոսելու նրա ինքնատիպ ոճը հաստատ լրացուցիչ հեռուստադիտողներ կբերեր ճգնաժամում գտնվող հեռուստաընկերությանը:
Ներկայումս պատգամավոր, նախկինում թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կյանքում ոչինչ էլ չի փոխվի: Նա կշարունակի Ծառուկյանի հետ շրջել, գալ Ազգային ժողով, պարզապես չի մտնի նիստերի դահլիճ: Մեծ հաշվով՝ նա վաստակել է նման ընդմիջումներ ունենալու իրավունքը:
Ասում են, որ այս անգամ նաև փեսաներին չի բերի խորհրդարան: Միանշանակ իմաստուն քայլ: Փեսաներին մեկ-մեկ պետք է ցույց տալ իրենց տեղը: Սերժ Սարգսյանը չարեց, և ինչի վերածվեց Միքայել Մինասյանը՝ բոլորը տեսան:
Իմաստուն առաջնորդը սովորում է ուրիշների սխալների վրա: