...

Գագիկ Ծառուկյանի երազը

Գագիկ Ծառուկյանի երազը

Ինքն այլևս բարի մարդ է: Երկրով մեկ շրջում է և բարություն քարոզում: Իրեն ուղեկցում են Նառա և Գևորգ առաքյալները: Անցնում են Հյուսիսային պողոտայով, մեկ էլ մի խումբ թափառական շներ հարձակվում են իրենց վրա, դրանցից մեկը կծում է Գևորգ առաքյալին: Սա ուզում է քացով հարվածել, ինքը ձեռքը նրա ուսին է դնում ու մեղմությամբ սաստում. «Պետք չէ, որդյակս, եթե շունը կծում է քո աջ ոտքը, ապա ձախն էլ պետք է դեմ տաս»: 

Եվ նրա մոտ են տարբեր տեղերից մարդիկ գալիս ու խնդրում օգնել, բուժել իրենց արատները: Եվ նրան է մոտենում Արմեն Աշոտյանը. «Ների՛ր, տեր իմ, որ ժամանակին քեզ ՀՀԿ համագումարում վիրավորել եմ, զղջում եմ, ապաշխարում»: «Ներում եմ, տղա ջան, թեպետ դու վանդակ գցելու արժանի արարք էիր թույլ տվել: Ասա, ի՞նչ խնդիր ունես»,- հարցնում է ինքը: «Տեր իմ, մանկուց տառապում եմ ճաղատությամբ, և ես լսել եմ, որ դու կարող ես բուժել: Ահա ինքդ էլ էիր ճաղատ, բայց հիմա մազերով ես»: «Գնա խաղաղությամբ, Ծառուկյանը քո արատը կբուժի, և առաջին իսկ հեռուստաեթերում քո մազերը բիզ-բիզ կկանգնեն»:

Քայլելով հասնում են Սահմանադրական տաճար. նա ներս է մտնում ու զայրանում. մի խումբ դատավորներ տաճարը բաստիոն են դարձրել ու առևտուր են անում: Ինքը չի սպասում հանրաքվեին ու տաճարից վռնդում է առուծախ անող չաթլախներին և նույնիսկ թույլ չի տալիս, որ Քոչարյանին ազատ արձակելու ճանապարհը կարճացնելու նպատակով անցնեն տաճարի կաբինետներով: 

Եվ իր ու երկու առաքյալների անունը տարածվում է ամենուրեք, նաև մի քաղաք, որտեղ ապրում է կորոնավիրուսով տառապող մի մարդ: Քոչարյանական ֆեյքերը գրում են, որ նա սարսափելի վիճակում է, ունի խղճալի տեսք և ստիպված է ապրել մարդկանցից հեռու։ Եվ իր մեղքը գալիս է, և ձեռքը պարզելով դեպի հիվանդը, ասում է. «Ապեր, դու խնդիր չունես»: Եվ տեղի է ունենում հրաշքը. այդ մարդը հայտնվում է Ծաղկաձորում, թագավորի պես ապրում իրեն պատկանող «Ոսկե Փալաս» արքայական օբյեկտում և օրը երեք անգամ ջակուզիում ախտահանվում: 

Եվ հասկանում են մարդիկ, որ ինքը երկնային թագավորի թագավոր տղա է, օրհնում են նրան, բացի թափառական դերվիշ Վահան Արծրունուց, որն իր երգերում շարունակում է պահանջել Արսեն Թորոսյանի հրաժարականը: 
Բայց այդ պահին նրանց է մոտենում մի սատանայապաշտ գողական և ասում. «Տեր իմ, ուզում եմ աբրաշչատ լինել...»: Ինքը զայրացած շրջվում է դեպի Գևորգ առաքյալը. «Արա՛, ես չէի զգուշացրել, որ էս Վարդանիկին ինձանից հեռու պահեք»... 

Արթնանում է հարության ճանապարհին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ