...

Շինիչ հորդոր սիմուլյանտներին՝ Բոմարշեի ոճով

Շինիչ հորդոր սիմուլյանտներին՝ Բոմարշեի ոճով

Տևական ժամանակ ուսումնասիրելով նախկին ռեժիմի քարոզչական ճակատի «առաջին ջութակների» ու «ողբանվագ սազանդարների» վարքը` հայտարարությունների տեսքով, տպավորություն է, որ նրանցից շատերը տառապում են ամնեզիայի մի քանի տեսակով: Ուստի ստիպված ենք նրանց կոչել բժշկական տերմինաբանությամբ` պացիենտ ու նշել, որ նրանցից շատերի մոտ ամենավառ արտահայտվածը ամնեզիայի ռետրոգրադ տեսակն է, որը հիշողության մթագնմանը կամ կորստին նախորդող ժամանակահատվածի հիշողության կորուստն է։  

Միաժամանակ ընդգծենք, որ պացիենտներից ոմանք ակնհայտ սիմուլյանտներ են, ինչը նշանակում է, որ նրանց հիշողության հետ կապված ամեն բան կարգին է, նույնիսկ գերազանց, սակայն հեղափոխությունից հետո ի հայտ եկած քաղաքական իրավիճակն ու պաշտոնի կորուստը նրանց ստիպում է «սաչոկություն» անել, միտումնավոր մոռանալ այն, ինչը հիշում են բոլորը, և ինչը մոռանալ հնարավոր չէ առնվազն Գուտենբերգի գյուտի պատճառով: Էլ չասենք մնացած գյուտերի մասին: Այս մարդիկ, փաստորեն, ձևացնում են, թե չեն հիշում այն ժամանակահատվածը, որը նախորդել է հեղափոխությանը, և որը եղել է հեղափոխության հասունացման ու ժայթքման ժամանակաշրջանը: Փույթ չէ, մենք մեր հրապարակումներով պարբերաբար հիշեցնում ենք նրանց, թե, ասենք, «ինչու էր աղմկում գետը» Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի օրոք, «ինչ էին հուշում աստղերը» քաղաքական կուսակցություններին ընտրություններից առաջ, ընթացքում և հետո, և «որտեղ էին ձմեռում խեցգետինները» տարվա բոլոր չորս եղանակներին և այլն: 

Նկատենք, սակայն, որ նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանց մոտ նկատվում է նաև ամնեոտիկ ապակողմնորոշում. այս դեպքում հիշողության կոպիտ խախտման հետևանքով խանգարվում է պացիենտի տեղի, ժամանակի, իրադարձությունների կողմնորոշումը: Ու որպես ոչ ադեկվատ և իրականության զգացումը կորցրած ցնորամիտներ, նրանք խոսում են այնպիսի իրադարձությունների մասին, որոնք եղել են նախկինում, բայց ոչ երբեք ներկայում: Իշխանությունից էլ պահանջում են այնպիսի պարտավորությունների, քայլերի կատարում, որոնք իրենց տրված կառավարման ժամկետում կամ չեն կատարել, կամ թերի են կատարել, կամ էլ ընդհանրապես տապալել են: Դիցուք` համակարգային կոռուպցիան արմատախիլ անելը, կամ, ասենք, ԼՂ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը, որոշ ծննդատների փակման մասին առողջապահության նախարարության նախաձեռնությունը «ազգակործան» բնորոշելը, այն դեպքում, երբ հասարակությունը ուշքի չի եկել Ռազմիկ Աբրահամյանի ու այլոց հովանավորությամբ կազմակերպված ապօրինի որդեգրումների փաստից: 

Նկատենք, սակայն, որ բարոյականության բոլոր գծերը տրորած սիմուլյանտ պացիենտների կողմից նոր իշխանության հասցեին հնչող ամենամոլեռանդ ու հիվանդագին քննադատությունն այն է, թե վերջինս անփորձ ու տգետ է, մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ կառավարման այբուբենը յուրացնել, ուստի պետք է օր առաջ հրաժարական տա:      

«Երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա»

Ստիպված ենք ապավինել քաղաքական մտքի «դասականներից» մեկի` Սերժ Սարգսյանի խոսքերին ու նրա շուրթերով մի կարևոր հիշեցում անել: «Մեր կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: Դա համարում եք շա՞տ: Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքը աշխատում և ընդհանրապես ինչ է նշանակում նախարար»: Իր նախագահության երկրորդ հնգամյակում (2013թ., մարտի 19) գտնվող Սերժ Սարգսյանը ճիշտ էր, երբ հայտարարում էր, թե մարդը երեք տարում հազիվհազ հասկանում է, թե որտեղ է աշխատում, քանի որ նա ավելի շատ ու ավելի մոտիկից էր շփվում իր նշանակած մարդկանց հետ և բոլորից լավ գիտեր նրանց հնարավորություններն ու մտավոր կարողությունները: Հիշեցնենք նաև, որ այդ նախարարներից ոմանց հեղափոխությունից հետո տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, ինչպես օրինակ` բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, ինչպես նաև` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և մի շարք այլ անձանց, ովքեր առանց Սերժ Սարգսյանի գիտության պաշտոնի նշանակվել չէին կարող...

Չմոռանանք` նաև իրեն` Ս. Սարգսյանին առաջադրված` դիզվառելիքի գործով մեղադրանքի մասին, որը, շատերի կարծիքով, մեղադրանքներից անմեղագույնն է, որը հնարավոր էր առաջադրել վերջինիս: 

Հեղինե Մանուկյան 

Հ. Գ. 1. Մի մեջբերում էլ մեկ այլ` իսկական դասականից անենք` ֆրանսիացի դրամատուրգ, գործարար, հրապարակախոս Պիեռ Բոմարշեից. «Ես իմ հոդվածներում իրավունք չունեմ անդրադառնալ հետևյալ երևույթներին` իշխանությանը, քաղաքականությանը, բարոյականությանը, պաշտոնատար անձանց, հուսալի կորպորացիաներին, օպերային թատրոնին, ինչպեսև մյուս թատրոններին, ինչպես նաև այն անձանց, որ ինչ-որ բանի հետ կապ ունեն: Մնացած ամեն ինչի մասին ես լիակատար ազատ կարող եմ գրել` երկու-երեք գրաքննիչի վերահսկողության տակ»: 

Բոմարշեի այս թվարկումների ցանկը համալրելով կարելի է այն որպես շինիչ հորդոր վերահասցեագրել նոր իշխանության դարդը ամեն օր մորմոքացող խառնամբոխին. դուք կարող եք խոսել ու քննադատական ելույթներ ունենալ ամեն ինչի մասին, բացի իշխանությունից, քաղաքականությունից, կոռուպցիայից, բարեփոխումներից, քաղբանտարկյալներից, քաղաքական ու տնտեսական հետապնդումներից, քաղաքական ու տնտեսական մոնոպոլիաներից, բոլոր տեսակի արդարադատություններից, մասնավորապես` սահմանադրական, արտագաղթից, աղքատության հաղթահարումից, ծննդատներից, որդեգրումներից, խոսքի ազատությունից, ազատ ու բազմակարծ մամուլից ... ցանկը շատ երկար է: Մնացած ամեն ինչի մասին կարող եք խոսել` ձեր գրպանից վճարվող երկու-երեք գրաքննիչի վերահսկողությամբ, իսկ ավելի լավ է` երգեք` տարբեր տրիոներ կամ կվարտետներ կազմելով, սակայն ոչ թե հայաստանյան որևէ ձայնագրման ստուդիայում, այլ, ասենք, որևէ հեռավոր անապատում, որտեղ դեռ չի հասել ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի և Քոչարյանի համբավը: 

Հ. Գ. 2. Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ ի դեմս նոր իշխանության` գործ ունենք վիրտուոզ կառավարիչների հետ, և եկող շաբաթվանից քաղելու ենք նրանց արդյունավետ աշխատանքի պտուղները` զբաղեցնելով աշխարհի ամենաերջանիկ հասարակությունների շարքը: Ակնհայտ է, որ այդ նախաձեռնություններից մի քանիսը պետք է բռնեն ժամանակի քննությունը` ապացուցելու, թե որքանով էին արդյունավետ, որոշ նախաձեռնություններ էլ հասարակական առերևույթ կամ թաքնված դիմադրության ալիքի են հանդիպում, ինչպես օրինակ, բալային համակարգի ներդրումը, ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու օրենքը, իսկ ամենաթարմը` մարզային որոշ ծննդատների փակումը:  

Սակայն գործող իշխանությունը նախկինի համեմատ մեկ կարևոր տարբերություն ունի` լեգիտիմ է, որը ամենաթանկ քաղաքական կապիտալն է և մանդատ` իրականացնելու ցանկացած պոզիտիվ բարեփոխում, բայց այդ կապիտալը պիտանելիության կարճ ժամկետ ունի, եթե այն ճիշտ «ինստրուկցիայով» չի գործածվում: Այ սրա մասին է, որ չպետք է մոռանա գործող իշխանությունը` իր շարքերը մաքրելով բոլոր տրամաչափի սիմուլյանտներից: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ