...

Արմեն Գևորգյանը հանկարծ հիշեց պետության ու հասարակության մասին

Արմեն Գևորգյանը հանկարծ հիշեց պետության ու հասարակության մասին

Նախկին իշխանության ներկայացուցիչների համար ավանդույթ է դարձել՝ ում մեղադրանք է առաջադրվում (այդպիսիք շատ են), մոռանալով իրենց քսանամյա գործունեությունը, որի պատճառով է հանրությունն իրենց մերժել, դժգոհում են արդարադատությունից և հայտարարում են, թե քաղաքական հետապնդում  է՝ անկախ նրանից մեղադրյալը թալանի մեջ է մեղադրվում, թե խաղաղ ցուցարարների վրա կրակելու համար, դե Ղարաբաղի չլուծված հակամարտությունն էլ կա ու կա։ 

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետբյուջեից գումար հափշտակելու մեջ, որպես հայրենասիրության լավագույն ապացույց հայտարարում է, որ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։ Թե դա ինչ կապ ունի առաջադրված մեղադրանքի հետ։ Ինչքան շատ ձգձգվի Ղարաբաղի հարցի լուծումը, իրենք այնքան շատ հայրենասիրության ճառեր կարող են ասել, դե իրենց չեն էլ հետաքրքրում շրջափակված Հայաստանի տնտեսությունը, սահմանի անմեղ զոհերը։ Իրենք «հայրենասեր» են։ Երկրի հերն էլ անիծած։ 

Իսկ ահա ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի մեկի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը, որը պետական կառավարման համակարգ մուտք է գործել այն պահից, երբ Քոչարյանը Հայաստանում զբաղեցրել է վարչապետի աթոռը և ամբողջ քսան տարի պետական կառավարման ոլորտում զբաղեցրել է բարձր պաշտոններ, վայելել իշխանական բարիքներ, ծավալուն հոդված է գրում և արդար պետություն է ուզում կառուցել, դժգոհում է դատաիրավական համակարգից, դե պարզ է նաև ներկայիս իշխանություններից։ Հոդվածն ընթերցողը, եթե ներհայաստանյան անցուդարձին մի փոքր ծանոթ չլինի, չի էլ պատկերացնի, թե Արմեն Գևորգյանը քսան տարի պետական կառավարման համակարգի ճարտարապետներից մեկն է եղել, և այդ ժամանակաշրջանում են եղել մարդու իրավունքների ոտնահարումներ, շինծու գործերով մարդկանց բանտ ուղարկել, վերջապես կոռուպցիան է ծաղկել ու բարգավաճել։ Եվ վերջապես լինելով Քոչարյանի կողքին, չենք ասում բարձրաձայներ, գոնե շշնջար, որ չի կարելի մարդկանց իրավունքներն այս աստիճանի խախտել և սեփական բնակարաններից դուրս վռնդել, չի կարելի Մարտի մեկի մարդասպանների փոխարեն ընդդիմադիրներին բանտ ուղարկել, չի կարելի մարդուն միայն բարևելու համար քացու տակ գցելով սպանել և այսպես շարունակ։ Ոչ ոք չէր կարող խանգարել Արմեն Գևորգյանին, որ իր շեֆի հետ արդար պետություն կառուցեին և շատ հավանական է, որ ոչ հեղափոխություն լիներ և ոչ էլ կարիք կլիներ նման ծավալուն հոդված գրելու։ Իսկ հիմա, երբ իշխանությունները դատաիրավական համակարգում բարեփոխումների ուշացած քայլեր են անում, Արմեն Գևորգյանը կոչ է անում միջազգային կազմակերպությունների և դեսպանատների իրենց գործընկերներին, հատկապես՝ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին, որոնք ուշադրություն են դարձնում արդարության և արդարադատության հարցերին մեր երկրում, որ այսօր տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ արդարադատության նկատմամբ բացահայտ ճնշումները, մանրամասն նկարագրեն իրենց զեկույցներում։ Փաստ է, որ դատաիրավական համակարգը նախկինների հսկողության տակ է, և եթե ճնշում էլ լինում է, ապա նախկինների կողմից է լինում։ Եթե ունենայինք բարեփոխված դատաիրավական համակարգ, ապա նախկին մեղադրյալ պաշտոնյաները պատասխանատվության ենթարկված կլինեին, ոչ թե անբուժելի հիվանդներ, որոնց բուժումը միայն արտերկրում է կազմակերպվում, կամ էլ փախած չէին լինի։  

Փաստորեն Արմեն Գևորգյանը դժգոհ է իրենց ստեղծած դատաիրավական համակարգից։ Ճիշտ է հոդվածը ծավալուն է, բայց, համբերատար հասնում ես վերջաբանին և ժպտում։ Արմեն Գևորգյանն ասում է․ «Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները չեն կարողացել ստեղծել լիարժեքորեն արդյունավետ և անթերի դատաիրավական համակարգ, ինչը շատ մեծ բացթողում է։ Սակայն դա չի նշանակում, որ այսօրվա նոր իշխանությունները և ապագա իշխանությունները պետք է օգտվեն այդ թերությունից՝ հանուն սեփական շահերի և ցանկությունների։ Չէ որ, մեծ հաշվով, ցանկացած իշխանության համար շատ շահեկան է ունենալ ճկուն և իրենց համար օգտակար դատախազներ, քննիչներ և դատավորներ։ Սակայն ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ պետությանը դա ձեռնտու չէ»։ 

Նույնիսկ մեկնաբանության կարիք չունի։ Արմեն Գևորգյանի խոսքերից երևում է, որ իրենք քսան տարի չեն ստեղծել արդյունավետ գործող դատաիրավական համակարգ հանուն իրենց սեփական շահերի և ցանկությունների։ Եվ նախկին իշխանությունները, որի կարկառուն ներկայացուցիչն է եղել նաև Արմեն Գևորգյանը, ունեցել են իրենց հարմար դատախազներ, քննիչներ և դատավորներ։ Ինչպես տեսնում ենք պարոն Գևորգյանը ծավալուն հոդվածը գրել, գրել է, վերջաբանում էլ խոստովանել է, որ դատաիրավական համակարգը իրենց է ծառայել։ 

Փաստորեն քսան տարի անց Արմեն Գևորգյանը նոր է հիշում պետության ու հասարակության մասին։ Բայց մի բան անհասկանալի է, թե ինչո՞ւ է նա դժգոհում, երբ դատաիրավական համակարգը գտնվում է իրենց հսկողության տակ և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների ուշացած փորձ են անում, որ գոնե հնարավոր լինի գլխավոր դատարանն ազատել արմենգևորգյանների ազդեցությունից, ինչը մեծապես կախված կլինի առաջիկա հանրաքվեի արդյունքից: «Այո» ասելիս սա պիտի գիտակցի ՀՀ քաղաքացին։ 

Ջավահիր Այվազյան  

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ