...

Հեղափոխության պարտությունն այլ տեղ կարող է լինել

Հեղափոխության պարտությունն այլ տեղ կարող է լինել

Իշխանության եկան շահարկելով Ղարաբաղի հակամարտության լուծումը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վարում է «պարտվողական» արտաքին քաղաքականություն, իրենցը «հաղթողական» է։ Իշխանության եկան ատելության քարոզով՝ տարածելով սուտն ու կեղծիքը։ Պատերազմում փառահեղ հաղթանակի տարիները հայտարարեցին «ցրտի ու մթի»։ Ապականեցին ամեն ինչ, ոչինչ և ոչ մեկին չխնայեցին։ Երկրի ռազմավարական նշանակության բոլոր կառույցները հանձնեցին օտարին։ Բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանություններ ու ինքնասպանություններ, հոկտեմբերի 27, որը մինչ օրս կազմակերպիչների մասով բացահայտված չէ։ Արյունոտ «Մարտի մեկով» էլ իշխանության հանձնում-ընդունում արեցին։ Վերջում էլ կառավարման համակարգը փոխեցին հավերժ կառավարելու համար։ Մղձավանջը շարունակվեց քսան տարի։ 

Մոտավորապես երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հանրությունը մերժեց քսանամյա կոռումպացված համակարգը։ Հեղափոխության հիմնական պահանջն էր՝ երկրում հաստատել կարգ ու կանոն, այսինքն՝ ՀՀ քաղաքացին ուզում էր ապրել իրավական երկրում և պակաս կարևոր չէր նաև սոցիալական բաղադրիչը, բայց, եթե երկիրն իրավական է լինում, սոցիալական բաղադրիչի խնդիրն արդեն լուծվում է։ Հեղափոխությունից անցել է երկու տարուց մի քիչ պակաս, հակահեղափոխականներն ակտիվացել են և ռևանշի են ձգտում։ Ունեն ահռելի ֆինանսական ռեսուրսներ, մեդիադաշտի առյուծի բաժինը իրենցն է, դարձյալ նույն մեթոդներով, ինչ մեթոդներով որ 90-ականներին եկան իշխանության։ Ատելության քարոզի ճանապարհին մանիպուլացնելով ամեն ինչ։ 

Արդար լինելու համար արձանագրենք, որ հեղափոխությանը հաջորդած մի քանի ամիսներին մերժվածները այսքան ակտիվ չէին։ Սպասում էին։ Դարձյալ արդարության պահանջ է, որ արձանագրենք՝ մերժվածների ակտիվության պատճառն իշխանությունների անվճռականությունն է. չկատարեցին հեղափոխության պահանջները։

Համակարգային փոփոխություն չեղավ, առանցքային պաշտոններում կադրային փոփոխություն նույնպես չեղավ։ Նրանք, ովքեր քսան տարի պայքարել էին արատավոր համակարգի դեմ, իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ էին՝ պաշտոններ չստացան։ Ուժային կառույցները, ՊԵԿ, ԿԲ՝ բոլորը նախկիններն են։ 

Ի վերջո՝ իրենց կադրերով պայքարում են իրենց դեմ, սա մի քիչ ֆանտաստիկայի ժանրին է մոտենում։ Կոռուպցիայի դեմ պայքարը զավեշտի վերածվեց մեղադրյալներին բռնել-բաց թողնելով։ Եվ շատ արագ մեղադրյալները երկրից հեռանում են կամ բուժման նպատակով կամ էլ փախած են լինում։ 

Մերժվածները, տեսնելով, որ համակարգային փոփոխություն չեղավ, մնաց իրենց ստեղծած համակարգն իրենց կադրերով, անասելի ակտիվացել են և օգտագործում են ամեն ինչ։ Ամենասկզբից սկսեցին Սորոսից, Ստամբուլյան կոնվենցիայից, որ իրենք են ստորագրել, Ամուլսարը, որի պայմանագիրը նույնպես իրենք են ստորագրել, իսկ հիմա կառավարության նույնիսկ մանր-մունր բարեփոխումների համար դիմադրության օջախների պակաս չկա, կառավարությունն էլ այլ ելք չունենալով՝ նույնիսկ փոքրիկ բարեփոխումներն էլ հետաձգում է։ Արդեն տնտեսական լծակներն են օգտագործում, հայտարարում են գազի սակագնի թանկացման մասին, որ սահմանին գազի գնի թանկացում չունի։ 

Այնքան են ոգևորվել, որ նույնիսկ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը համարձակություն է ունեցել հանրության տարբեր շերտերին համախմբման կոչ ուղղել՝ երկիրը վերահաս գահավիժումից փրկելու և ապացուցելու, որ մի գժի գցած քարը գործոն չի կարող լինել։ Պատկերացնու՞մ եք, ողջ ժողովրդի հեղափոխությունը ինչպես է վարկաբեկում։ Իսկ նախորդ օրն էլ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էր համախմբման կոչ արել՝ հատկապես շեշտադրելով «պատիվ ունեցողներին»։ 

Իհարկե, սրանց կոչով հանրությունը չի համախմբվում։ Ընտրությունների միջոցով նրանց վերադարձ չկա։ Հեղափոխության պարտությունն այլ տեղ կարող է լինել։ 1998թ. տեսած հասարակություն ենք, և կարող է «պատիվ ունեցողները» քչություն չանեն։ Իսկ իշխանությունները, չզգալով վտանգը, պատրաստվում են Սահմանադրության մեջ կոսմետիկ փոփոխություններ անել։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ