...

Նոր ստեղծվող քաղաքական լանդշաֆտն աղերս չի ունենա Քոչարյանի հետ

Նոր ստեղծվող քաղաքական լանդշաֆտն աղերս չի ունենա Քոչարյանի հետ

Ամբաստանյալ Քոչարյանը կալանավայրից «Yerevan.Today»-ին հարցազրույց է տվել։ Ըստ Քոչարյանի՝ աշունը քաղաքականապես ակտիվ է եղել: Նա վստահաբար պնդել է, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է, և այս տարի ավարտվելու է  նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորմամբ, ինչպեսև որոշվելու է օրակարգը, որն էլ հնարավոր է դարձնելու համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման (դարձյալ հույսը դատարկ սառնարաներն են) և տրված խոստումները կառավարության չկատարելու փաստերի ֆոնին կարող են լինել արտահերթ ընտրություններ, իսկ արտահերթ ընտրությունները կախված կլինեն նաև քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից, և, իհարկե, իշխանությունների սխալներից: Շատ ավելի զավեշտական բան էլ է ասել, որ իշխանություններն իրենց գործողություններով իրեն վերադարձրել են քաղաքականություն և անազատության մեջ պահելով՝ իրեն դարձնում են ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ 

Փորձենք հասկանալ, թե որքանով են իրատեսական մեղադրյալ Քոչարյանի սպասելիքները։  Սկսենք վերջից։ Իրականությունից հեռանալով, ինքն իրեն համարում է ապաշնորհ կառավարմանը դիմակայող խորհրդանիշ՝ չի մտածում, որ կարող է ընթերցողի մոտ, ինչպես ինքն է սիրում ասել՝ ոչ նորմատիվ բառապաշար առաջանալ։ Իրեն փրկիչ է զգում։ Ազգն իրեն է սպասում։ Աբսուրդ։ Գոնե նման բաներ չասի, էլի։ Այն, որ իշխանությունները սխալներ արել են և անում են,  ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ իշխանությունների սխալները տեսնելով՝  ՀՀ քաղաքացին պետք է գնա ու կանգնի Քոչարյանի պիցցայակերների կամ մի քանի գրաճանաչ վարձկանի կողքին։ 

Այո, իշխանությունների ամենահիմնական սխալն այն է եղել, որ իրավաքաղաքական գնահատական չեն տվել անցած քսան տարիներին և իրավական համակարգում բարեփոխումներ չեն իրականացրել, ՍԴ ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ։ Ամենայն հավանականությամբ, փորձառու Քոչարյանը մի բան գիտի, որ ակնարկում է իշխող խմբակցության կայունության մասին։ Հավանաբար ակնկալում է 1998թ. կրկնություն, թե չէ ինքն այդքան էլ միամիտ չէ, որ հույս ունենա ընտրություններով իշխանության գալուն։ Խորհրդարանի ձևավորման սկզբից էլ ակնհայտ էր, որ իշխող կուսակցության խմբակցության ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն։  Եվ ներսից վարկաբեկում էին  այն պաշտոնյաներին, որոնք իսկապես հակված էին իրենց ոլորտներում բարեփոխումներ անելու։ Բայց, չգիտես ինչու, ներքին վտանգը չի տեսնում Նիկոլ Փաշինյանը և չի ուզում անցնել կառավարման կիսանախագահական մոդելին, և  ուժային կառույցների ղեկավարների պաշտոնն էլ քաղաքացիական չի դարձնում, ինչն իսկապես մտահոգիչ է։ 

Իսկ ինչ վերաբերում է ինտենսիվ քաղաքական գործընթացներին, ապա գործընթացները, այն էլ քաղաքական, ինչքան էլ ինտենսիվ լինեն, Քոչարյանից հեռու են լինելու կիլոմետրերով։ Այո, կարող է ծնվել նոր քաղաքական միավոր, բայց ոչ երբեք Քոչարյանի շուրջը։ Եթե հույսն այն է, որ նոր քաղաքական լանդշաֆտ է ձևավորվելու և նոր քաղաքական օրակարգ ու համախմբելու է քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին, ապա ինչպես ինքն է սիրում ասել՝ էյֆորիա է։ Այո, նոր քաղաքական լանդշաֆտն անհրաժեշտություն է, այն պետք է ձևավորվի ու այլընտրանք լինի իշխանություններին, բայց հաստատ Քոչարյանի երազածը չի լինելու։ Ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական միավորի անունն էլ, որ կապվի Քոչարյանի անվան հետ, անցողիկ շեմը չի հաղթահարելու։ Աքսիոմատիկ է։ Սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով Աժ ընտրություններ չեն լինի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացին փողոց դուրս չի գա, իսկ ներկայիս փոքրիկ խմբերը, որոնք դեմ են բոլոր բարեփոխումներին և փողոց են դուրս գալիս, ղեկավարվում են մեկ կենտրոնից և մեծ թիվ չեն կազմում։ Ամենայն հավանականությամբ, պաշտպանական թիմի անընդհատ ներկայացվող միջնորդությունները, որ ամեն կերպ ձգձգում են դատավարական գործընթացը, սպասում են ԱԺ արտահերթ ընտրությունների։ 

Իսկ ի՞նչ են տալու ԱԺ արտահերթ ընտրությունները Քոչարյանին։ Պատասխանը միանշանակ է՝ ոչինչ։ ՀՀ քաղաքացին հրաշալի է հիշում սահմռկեցուցիչ տարիները և բնական է, որ չի ուզենա նրա վերադարձը։ Գոհունակությամբ էլ, որ հայտնում է, թե աշունը քաղաքականապես ակտիվ է եղել և կայացել է «կոնսենսուս մինուս մեկը», դա էլ երևի մեկ տոկոսի չհասնող վարկանիշ ունեցող Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» ակումբի մասին է ասում, որտեղ հավաքվել են հանրությանը հայտնի վարկաբեկված և ժամկետանց գործիչներ։ Այս պարագայում, երբ խեղճ Քոչարյանը տարատեսակ նոր ստեղծվող քաղաքական միավորների վրա է հույս դնում, ինքն այդքան էլ մեղավոր չէ, մեղավորն իր շուրջը հավաքված գրաճանաչ վարձկաներն են։ Դե երևի այդ մարդիկ էլ իրենց գործն են անում և տիրոջն ինչ-որ ձևով ուզում են մխիթարել։ 

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2900 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ