...

Բռնել-բաց թողնելը հեղափոխության պահանջ չէ

Բռնել-բաց թողնելը հեղափոխության պահանջ չէ

Հետհեղափոխական Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել կասկածը չհիմնավորված կասկածյալներին բռնել-բաց թողնելը, ինչը հրաշալի առիթ է դառնում նախկինների համար, որ հիշեն մարդու իրավունքները և բողոքի ակցիաներ կազմակերպեն։  

Օրեր առաջ ասֆալտին փռելով քաղակտիվիստների էին բերման ենթարկել և ժամեր անց բաց թողել։ Երկու օր առաջ էլ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին էին բերման ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով։ Երեք ժամ մնալով ոստիկանության վեցերորդ վարչությունում, դուրս է եկել շենքից և հայտարարել է, որ ինքն ունի 3 օրինական զենք և թույլտվություններն էլ գրպանում դրած է։ Այնուհետև ասել է․«Հերթական կապիկությունն էր: Փորձում էին ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող նման ձևով վախեցնել, առհասարակ մեր տեսակն է ուրիշ: Եթե նույնիսկ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է»։ 

Անհնար է չհամաձայնել Ռուբեն Հայրապետյանի հետ, որ իրենց տեսակն ուրիշ է։ Նաև պետք է գնահատել, որ Ռուբեն Հայրապետյանն ըմբռնումով է մոտենում ոստիկանների կողմից ասֆալտին փռելու ծայրահեղ օպերացիային, որ եթե կասկածյալը դիմադրություն է ցույց տալիս, ապա ոստիկանը կարող է նաև ասֆալտին փռել, բայց ոստիկանն էլ իր հերթին պետք է հիմնավոր կասկած ունենա, որ նոր փռի ասֆալտին։  

Իհարկե, նախկինների շարքերում քիչ չեն եղել ռուբենհայրապետյանները։ Վերհիշենք, թե ոնց էր լրագրողի ծնոտը ջարդում Թոխմախի Մհերը, կամ էլ Մանվել Գրիգորյանին, Առաքել Մովսիսյանին, թե ինչ բառապաշարով էին ներկայանում լրագրողներին։ Ոստիկանության շենքի մոտ էին հավաքվել կարկառուն հանրապետականների, այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանի տեսակին պատկանողները և ծափերով են ընդունել իրենց երբեմնի գործընկերոջ հայտարարությունը։  

Գիտեք ինչն է ցավալին, որ երբեմնի գործընկերները, այդ թվում՝ նաև կանայք, որոնք հավանաբար նաև մայր են, ծափերով են ընդունում մի մարդու այն հայտարարությունը, որով ասֆալտին է փռելու և ոտքերն է մաքրելու, երբ նրա «Հարսնաքար» ռեստորանում ծեծելով են սպանել երիտասարդ բժիշկ Վահե Ավետյանին։ Ծափերն էլ ապացույցն են այն բանի, որ Ռուբեն Հայրապետյանի տեսակից են։ Իսկ ամենացավալին այն է, որ Ռուբեն Հայրապետյանին անգամ Վահե Ավետյանի մահը չի զգաստացրել։ Հայտնի բան է, որ մարդը չի փոխվում, հայտնի է նաև, որ ցավը, ողբերգությունը մարդուն լռեցնում է։ Ռուբեն Հայրապետյանը չի լռում, որովհետև Վահե Ավետյանի եղերական մահը նրա համար ողբերգություն չի եղել, ոչ էլ դաս, այն ժամանակ նույնիսկ հանրության ճնշումների տակ վայր դրեց մանդատը։ 

Քսան տարի ովքեր են ղեկավարել մեզ։ Արժանին պետք է մատուցել Նիկոլ Փաշինյանին, որ այլևս երբեք այս տեսակը մեզ չի ղեկավարելու։ Իսկ սա էլ չի նշանակում, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները կարող են նույն բառապաշարով ներկայանալ հանրությանը, ինչը հավասարապես անընդունելի է։ Իշխող կուսակցության ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրեթե նույն բառապաշարով, ավելին՝ ժողովրդին իրենց ձեռքին մահակ տեսնելով՝ ասել է․ «Նեմեց ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները, դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ է, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»: Սույն երիտասարդը մի քիչ լավ չի հասկացել հեղափոխության տրամաբանությունը, որ ժողովրդին հնարավորություն տվողն իրենք չեն, ժողովուրդն է իրենց հնարավորություն տվել՝ լիակատար իշխանություն՝ 70%-ից ավել լեգիտիմություն, որ իրավական երկրում ապրի, ինչը սահմանադրության պահանջ է, և որտեղից այդ համոզմունքը, որ ժողովուրդը կարող է ՀՀ քաղաքացուն համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները։ Հանգիստ թողեք ժողովրդին։ Ժողովուրդն այլևս անելիք չունի փողոցներում և հրապարակներում։

Ժամանակն է, մի քիչ էլ ուշ է, որ վերջ դնեք պոպուլիզմին և կատարեք հեղափոխության պահանջները։ Ժողովուրդը նրանց մերժեց, որ այլևս ոչ ոք համարձակություն չունենա մեկին պառկեցնելու, սեփական կոշիկները մաքրելու։ Եթե դուք չեք տարբերվելու ռուբենհայրապետյաններից, այս պարագայում ձեր բառապաշարով մի քիչ էլ գերազանցեցիք, և եթե ժողովրդի համբերության բաժակը լցվեց ու նորից փողոցներում և հրապարակներում հայտնվեց, ապա հաստատ ձեզ է մերժելու։ 

Իսկ երբ Փաշինյանը հայտարարում է, թե անպատժելի մարդիկ չեն լինելու, ով ինչ թալանել է, պետք է վերադարձնի, ճիշտ կաներ իրավական համակարգում բարեփոխում աներ, նոր նման բաներ հայտարարեր։ Առայժմ միայն խոսքեր են։ Ոստիկանությունը վերջ պետք է դնի չհիմնավորված կասկածներով բերման ենթարկելու պրակտիկային, իսկ բռնել-բաց թողնելն առաջին հերթին իշխանություններին է վարկաբեկում։ Հեղափոխության պահանջ չի եղել բռնել-բաց թողնելը։ Հեղափոխության պահանջը երկրում օրինականության հաստատումն է։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ