Մեղադրյալ Քոչարյանի աջակիցներն արդեն անթաքույց հայտարարում են, որ ի հեճուկս վարչապետի՝ ունեն Ազգային անվտանգության ծառայություն, ի հեճուկս վարչապետի՝ ունեն ոստիկանություն, ի հեճուկս վարչապետի՝ ստացել են սահմանադրական դատարան, որը հիմա գործադիրից հաստատ անկախ է գործում, ի հեճուկս վարչապետի՝ կան արժանապատիվ և օրինապաշտ դատավորներ։
Առաջին հայացքից դժվար է չհամաձայնել, բայց միայն առաջին հայացքից։ Հանրությունը մերժել է նախկին կոռումպացված համակարգը, և Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ազատ, արդար ընտրություններով, հետևաբար իրավական համակարգը ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի չի գործում, գործում է՝ ի հեճուկս պետության ու հասարակության, և Նիկոլ Փաշինյանի պարտությունը պետության ու հասարակության պարտությունն է։ Իհարկե, այս ամենը, ինչը ոգևորում է հակահեղափոխականներին, Նիկոլ Փաշինյանի թավիշի հետևանքն է, և միակ պատասխանատուն ինքն է, ինչքան էլ հայտարարի, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Իշխանության է եկել հեղափոխության շնորհիվ և հեղափոխության պահանջները չի կատարում։
Հեղափոխության հիմնական պահանջը համակարգային փոփոխությունն է։ Հեղափոխությունը չի ասում, որ նախկինների կադրերի փոխարեն պիտի լինեն ներկաների բյուրեղային կադրեր։ Հեղափոխությունը էվոլյուցիա չի սիրում, այս մասին Հայաստան 24.com-ը բազմիցս նշել է։ Հեղափոխությունից անցել է 19 ամիս, նույնիսկ էվոլուցիոն ճանապարհով փոփոխություն չի անում։ Հետևանքն ակնհայտ է, ծանրագույն մեղադրանք է առաջադրվում՝ երեխաների վաճառք, մեղադրյալներն ազատություն են վայելում և, եթե ցանկություն ունենան, կարող են նաև երկրից դուրս գալ։ Մի երկու օր առաջ նախկին դատավոր Սամվել Ուզունյանը, որ մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ, լքել է Հայաստանը, և այս պահին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, դատավորին առանց կողմնակի աջակցության չէր հաջողվի Հայաստանի սահմանը հատել։ Հետհեղափոխական Հայաստանում ծանրագույն մեղադրանք առաջադրված մեղադրյալներին բռնել-բաց թողնելը և հետո հետախուզում հայտարարելը դարձել է սովորական բան։ Մտահոգիչ է։ ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, իշխող կուսակցությունը ՍԴ ճգնաժամից առավել կարևոր ի՞նչ ուներ, որ մինչև այսօր ՍԴ-ի խնդիրը չի լուծել, և հարվածը չուշացավ։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանի ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր իր որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից»։
Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին:
Ջավահիր Այվազյան
Հ.Գ. Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը: Հրայր Թովմասյանի այս որոշումը եկավ հաստատելու, որ իսկապես ՍԴ դատարանը նախկինների շահերին է ծառայում, մանկավաճառության մեջ կասկածվողները ազատության մեջ են, սա էլ ապացուցում է, որ դատարանները նույնպես սպասարկում են նախկինների շահերը։ Իսկ Սամվել Ուզունյանի փախուստն ո՞վ է կազմակերպել։ Եթե մեղադրյալները կարող են անարգել սահմանը հատել, այդ դեպքում որտե՞ղ են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ մեղադրյալ Քոչարյանի աջակիցների պնդումները պատահական չեն։ Ամեն մի մեղադրյալի փախուստն ու ազատության մեջ հայտնվելն իրենց հաղթանակն են համարում։
Նիկոլ Փաշինյանը պետք է լուրջ վերաբերվի և ձեռնարկի համակարգային փոփոխություններ։ Իսկ այն մանր-մունր հաջողությունները՝ ճանապարհաշինություն, բանակի սննդի կարգավորում, թոշակների չնչին բարձրացում, նախարարների աշխատավարձերի բարձրացում, սրանք հեղափոխական չեն, ավելի շատ սրանք նման են նախընտրական խոստումների, որ ցանկացած կուսակցության նախընտրական ծրագրում լինում է։ Դժվար է ասել, թե նման խոստումներով Նիկոլ Փաշինյանը իշխանություն կունենար, իշխանության է եկել, որ համակարգը փոխի։ Իհարկե, իրենք հրաշալի գիտեն, որ եթե Քոչարյանի անվան հետ կապվի նույնիսկ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժը, ապա անմիջապես վարկանիշը ձգտելու է զրոյի։ Եթե, ինչպես իրենք են ասում, իրավական համակարգը իրենցն է, ապա հեղափոխության պարտությունը տեխնիկայի հարց է դառնում։ Դասականը կասեր՝ տառապանքս փորձ ունի։
«Չորրորդ իշխանություն», 15, 2019