...

Հանրությունն անվերջ լսել չի կարող, ուզում է նաև տեսնել

Հանրությունն անվերջ լսել չի կարող, ուզում է նաև տեսնել

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրինագծին։

Տարօրինակն այն է, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, և այդ ժամանակ իշխող կուսակցությունը կողմ էր եղել, իսկ ահա երկրորդ ընթերցմանն ընդառաջ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս։ Փաստորեն «Իմ քայլը» մերժում է նախկինում կայացրած իրենց քաղաքական որոշումը, որ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները կարող են նաև քաղաքական լինել։ Իսկ ամենատարօրինակն այն է, որ իշխող կուսակցությունն ինքը պետք է նման օրինագիծ ներկայացներ և ուժային կառույցներում փոփոխություն աներ, որը կլիներ յուրահատուկ վեթինգ, բայց արի ու տես, որ իրենք են դեմ։   

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ նշանակեց Օսիպյանին, իսկ ԱԱԾ տնօրեն՝ Վանեցյանի նշանակումը հանրությունը միանշանակ չընդունեց։ Ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ նշանակումներ չեն եղել։ Եվ եթե ուժայինների պաշտոնները քաղաքական չեն լինում, դարձյալ օսիպյաններ ու վանեցյաններ են լինելու։ Ոչինչ էլ չի փոխվելու։ Նույն համակարգը, նույն կադրերը։ Մեկուկես տարին բավարար պետք է լիներ հասկանալու համար, որ ուժային կառույցների պաշտոնները քաղաքական դարձնելը պարզապես անհրաժեշտություն է։ Նույն համակարգը, նույն մարդիկ են աշխատում, էլ ինչպես կարող է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար լինել, իսկ հակահեղափոխականները ձեռքերը ծալած չեն նստել։ Կուսակցություններ են ստեղծում, «Վերնատուն» ակումբ են ստեղծում և դերաբաշխում են անում, թե ով որ ոլորտում է պայքարելու։

ԿԳՄՍ նախարարի դեմ դաշնակներն են պայքարում, քաղաքապետի դեմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, երեկ արդեն քաղաքապետի դեմ դուրս եկավ նաև ԲՀԿ-ն՝ չհիմնավորված պատճառաբանությամբ, Արսեն Թորոսյանի դեմ պայքարում են իշխանության ներսում գտնվողներից և, եթե հավելենք, թե ինչ չափաբաժնով են իրականացնում ատելության քարոզն իրենց ահռելի ռեսուրսներով՝ պատկերն ամբողջական է դառնում։ 

Ուշագրավն այն է, որ պահանջում են նրանց հրաժարականները, որոնք իրենց ոլորտներում բարեփոխումներ են անում։ Թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում կան պատահականություններ, դրանց մասին ոչ մի բառ չեն ասում։ Իշխանության ներսում կան նաև ականներ, ինչը շատ վտանգավոր է։ Ու այս իրավիճակում ուժայինները մնում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, մի քիչ վտանգավոր է։  Հանրությունը տեսել է 1998թ. պալատական հեղաշրջում, հոկտեմբերի 27, մարտի մեկ։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը նույնպես իշխանությունների սխալի հետևանքն է։ Եվ  ՍԴ ճգնաժամի լուծման իրենց ընտրած ճանապարհը նույնպես լավագույնը չէ, երբ օրինագիծ են ներկայացնում ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի մասին։   

Օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը «Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքը. ՍԴ կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը» վերնագրով  ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ  մանրամասն ներկայացրել էր ՍԴ-ի 2003-2016 թթ արատավոր գործելակերպը, ինչին ականատես է եղել նաև հանրությունը։ Վահե Գրիգորյանի հոդվածն ապացուցում է, որ Սահմանադրական դատարանի գործող անդամների մեծամասնությունը մասնակից է եղել ՀՀ Սահմանադրությամբ ծանրագույն համարվող հանցանքի՝ իշխանության բռնազավթման գործընթացին: 

Իսկ ինչպես են պայքարում իշխանություններն այս արատավոր կառույցի դեմ։ Չեն պայքարում։ Ասում են. ինչ արել եք, լավ եք արել, գնացեք և առանց աշխատելու ձեր բարձր աշխատավարձը վայելեք հարկատուների հաշվին։ Սա ոչ միայն հեղափոխական որոշում չէ, այլև տրամաբանությունից դուրս է։ Աբսուրդ է։ Այս ճանապարհն օրինականության հաստատման չի տանում։ Իսկ հեղափոխության հիմնական պահանջը երկրում օրինականության հաստատումն էր։ Մինչդեռ, իշխանությունները կարող են լուծել ՍԴ-ի ճգնաժամն ավելի ընդունելի և տրամաբանական տարբերակներով՝ ԱԺ-ն կարող է իրավաքաղաքական գնահատական տալ անցած երկու տասնամյակում ՍԴ-ի գործունեությանը կամ էլ սահմանադրությունում փոփոխություններ անել։ 

Արդեն մեկ տարի իշխող կուսակցությունը ԱԺ-ում մեծամասնություն ունի, բայց հեղափոխական ոչ մի որոշում չի կայացրել, ինչը ոգևորում է հակահեղափոխականերին։ Իհարկե, հակահեղափոխականներն իրենք էլ գիտեն, որ հանրության կողմից աջակցություն չունեն, բայց սա չի նշանակում, թե հեղափոխականներն էլ պետք է հույս ունենան, որ հանրությունն անվերջ կարող է լսել։ Հանրությունն ուզում է նաև տեսնել։ Իշխանությունները պետք է կատարեն հեղափոխության պահանջները, որ այլևս հեղափոխության կարիք չլինի։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2009 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ