...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Անիմաստ կառույց

Շաբաթը բավական վաստակավոր ստացվեց: Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային Խորհրդի նախագահ, ուրեմն վաստակել է այդ կառույցը ցրելու իրավունքը: Որովհետև անկախ նրանից, թե ով կղեկավարի ՀԽ-ն, այն արդյունավետության տեսանկյունից անիմաստ կառույց է: ՀԽ-ի գործառույթներն այսպես թե այնպես իրականացնում են պետական կառույցները՝ նախարարությունները, տարբեր վարչություններն ու կոմիտեները, պետական ԾԻԳ-երը, ու եթե ՀԽ-ն կա, պետք է այդ պետական կառույցները ցրվեն: Ո՞րն է ՀԽ-ի առաքելությունը. ինչ-որ նախաձեռնություններով հանդես գալ և խորհուրդներ տալ կառավարությանը, վարչապետին:

Իսկ ո՞րն է նախարարությունների գործը. հանդես գալ նախաձեռնություններով, աշխատել, վարչապետին խորհուրդներ տալ: Մի խոսքով, սահմանադրական փոփոխություններ իրականացնելիս պետք է անպայման ՀԽ-ն վերացնել: Սա Ստյոպա Սաֆարյանի դեմ խոսելու համար չէ, անձն այստեղ կապ չունի, պարզապես պետական գումարները կարելի է շատ ավելի կարևոր գործերի համար ծախսել: 

Պետական, բայց սեփական արխիվ

Իմաստ ունի խոսել հայկական ֆուտբոլի մասին: ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ, կառույցի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը երկու հարցազրույց տվեց, որտեղ տվեց անցավ էթիկայի հնարավոր բոլոր նորմերը: Այն մարդիկ, որոնք իր սրտով չեն, պարզվում է, անբարոյական են, ղզիկ, գող ու ավազակ, մի բան էլ կոշիկ պահել չգիտեն: 

Ռուբեն Հայրապետյանի մասով արդեն բազմաթիվ հրապարակումներ եղան, նշվեց նրա կապը ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի հետ:

Բայց մենք ցանկանում ենք խոսել Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի մի դրվագի մասին, որին մինչև հիմա, կարծես թե, ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Մի տեղ նա ասաց, որ ՀՖՖ արխիվն իր մոտ է, որտեղ լիքը հետաքրքիր բաներ կան: Ու ոչ մեկը հարց չտվեց. իսկ ի՞նչ գործ ունի ՀՖՖ արխիվը Ռուբեն Հայրապետյանի տանը: Միայն թե չասեն, որ դա նախնիներից ստացած ժառանգություն է: Արխիվը պատկանում է ՀՖՖ-ին, և իրավապահ մարմինները այս հարցում անելիք ունեն: Ինչպե՞ս է արխիվը հայտնվել ՀՖՖ նախկին նախագահի տանը: 

Մենք բազմիցս ենք քննադատել Ռուբեն Հայրապետյանին, երբ նա ՀՖՖ նախագահ էր, և պատճառներից մեկն այն էր, որ Ռ. Հայրապետյանը ՀՖՖ-ն սեփական բոստան էր համարում, որտեղ ինքն էր ամեն ինչ որոշում. ում հավաքական բերել, ում արգելել, ում չեմպիոն դարձնել, ում չդարձնել: Ու հիմա երիցս դա հաստատվում է. ՀՖՖ-ի արխիվը ինքն իրենն է համարում: Ու չի էլ թաքցնում: 

Վաստակել են կորմը

Շաբաթվա վաստակավորները դարձան նրանք, որոնք տարիներ շարունակ իշխանությունների կերակրատաշտից վաստակում էին իրենց ունեցած-չունեցածը՝ կոչումները, փողերը, տները, մեքենաները: Ու երեկ նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատել կալանքից Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Վաստակավորների անունները չենք նշում. դրանք այն մարդիկ են, ովքեր հայտարարում էին, թե լավ են արել, որ մարտի 1-ին 10 հոգու սպանել են, թող միտինգ չանեին, 20 տարի շարունակ եթերներից ատելություն էին քարոզում ցանկացած այլախոհության դեմ, 20 տարի հայկական մշակույթը պղծել ու ապականել են իրենց ցածրաճաշակ գործունեությամբ, անբարո պահվածքով: 

Մենք ընդամենը կմեկնաբանենք նրանց հայտարարության այս հատվածը. «Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից»:

Բա հիմա ո՞նց չասես, մինչև Քոչարյանը Հայաստանը հարյուրավոր քաղբանտարկյալներ են եղել, ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, պարզապես՝ սովորական քաղաքացիներ: Մարդիկ, որոնց անմեղությունը հետագայում պետք է ապացուցվի նաև Եվրոդատարանի վճիռներով: Այս հարյուրավորները մարդ չէի՞ն: Լսել ե՞ք, որ Սասուն Միքայելյանի, Հովիկ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մուրադ Բոջոլյանի, Արամ Բարեղամյանի, Դավիթ Մաթևոսյանի և բազմաթիվ այլ մարդկանց համար այս վաստակավորները թեկուզ մի տող գրած լինեն: Իհարկե՝ ոչ. իրենց փայ կորմը ստացել են, գնացել ռեստորաններում բայաթի տվել, կորմը ստացել են, գնացել՝ մրափել: Կյանքի իմաստը սրանց համար դա է եղել. կորմ-քծնանք-բայաթի-կորմ: 

Ընդհանրապես չէր խանգարի մշակույթի դաշտում էլ վեթթինգ իրականացնել: Սկսել նրանից, որ ընդհանրապես վերացվի վաստակավորի կոչում տալու ինստիտուտը: Դա զուտ խորհրդային ինստիտուտ է: Ոչ թե իշխանություններն են գնահատում մարդու գործունեությունը, այլ՝ հանդիսատեսը, ունկնդիրը, քաղաքացին: Որ Էլվիս Պրեսլին կամ Ռինգո Սթարը վաստակավոր արտիստի կոչում չունեն, դրանից չեն դադարում մնալ մեծություններ, որոնցով հիանում են միլիոնավոր մարդիկ: Այս վաստակավոր կոչումը տալիս էին հիմնականում իշխանություններին ծառայելու, սպասարկելու դիմաց: Այդ հայտարարության մեջ այնպես էլ շեշտում են իրենց վաստակավոր լինելը, կարծես չգիտենք սրանց իրական արժեքը: 

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ