...

Ինչո՞ւ չի չաղանում Ռոբերտ Քոչարյանը

Ինչո՞ւ չի չաղանում Ռոբերտ Քոչարյանը

Հեղափոխությունից անդին մնացածներն իրենց ֆինանսավորած լրատվամիջոցների քանակին համաչափ օրնիբուն տարածում են 37 թվի մասին հյուսած ժամանակակից լեգենդն ու շատ շուտ մոռացության մատնած սեփական ատելության խոսքը՝ փաթաթելով ներկա իրականության վրա, այնինչ դեռևս 2001 թվականին՝ Քոչարյանի նախագահական առաջին «սռոկի» օրերին, նաև սարկազմով, «ՉԻ»-ն արձանագրել է իսկական 37 թվի կրկնություն ու ատելության խոսքը՝ համեմված քինախնդրության մանրախնդիր դրսևորումներով:

No 134, հունվարի 17, 2001 թ.

Իհարկե, եթե այս հարցն ուղղենք վերջինիս մամլո խոսնակին, ապա նա միանգամայն իրավացիորեն կպատասխանի՝ ձե՞զ ինչ: Իսկապես՝ մե՞զ ինչ: Բայց դե՝ հետաքրքիր է:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ չի չաղանում Ռոբերտ Քոչարյանը: Ասում են՝ լավ է ուտում: Լավ ուտողները չեն չաղանում մի քանի պատճառով՝ երբ ճիճու ունեն, երբ սորտն է այդպիսին, կամ երբ սարսափելի նախանձ են: Ուզում ենք հավատալ, որ մեր 100 տոկոսանոց ազգընտիրի դեպքն առաջինը չէ: Ուրեմն՝ կամ սորտից է, կամ էլ՝ մեր ազգընտիրն այնքան էլ բարենպաստ բնավորություն չունի: Ու հիմա եթե փաստերով չխոսենք, մամուլի մասին նոր օրենքով մեզ տեղում դատի կտան՝ նախագահի բնավորությունը անբարենպաստ լույսի ներքո դիտարկելու համար: Դրա համար էլ փաստերով պարզենք, թե ինչո՞ւ չի չաղանում Ռոբերտ Քոչարյանը: Իսկ նա չի չաղանում, որովհետև արյան մեջ բարձր է տեստոստերոն հորմոնի տոկոսը: Մենք, իհարկե, նախագահից անալիզ չենք վերցրել, բայց վերջինիս մուռ պահելու և առաջին իսկ հարմար առիթի դեպքում այդ մուռը հանելու սովորույթը վկայում է, որ սիբիրցի գիտնականների վերջերս հայտնաբերած և վրիժառության հորմոն անունը ստացած տեստոստերոնը հաստատ բարձր է մեր ազգընտիրի արյան մեջ:

Սկզբում Քոչարյանը մուռ պահեց Աշոտ Բլեյանի վրա. իհարկե, նա շատ կուզենար մուռ չհանել Բլեյանից, բայց մարդը հո մեղավո՞ր չի, որ սիբիրցի գիտնականների հայտնաբերած անտեր տեստոստերոնից իր արյան մեջ էլ կա: Դրա համար էլ Բլեյանի կրթահամալիրի կռիշի վրա գործ սարքեց ու մարդուն 7 տարով մտցրեց ճաղերի հետևը: Մեզ, իհարկե, որպես ՀՀ օրինապաշտ քաղաքացիների, պետք է անհանգստացնեն ոչ թե Բլեյանի տարիները, այլ մեր սիրելի նախագահի առողջությունը. մենք լավատես ենք ու ուզում ենք հավատալ, որ Բլեյանի գլխին սարքելուց հետո նախագահական տեստոստերոնը մի քիչ խաղաղվեց ու մեր ազգընտիրը մի 200 գրամ չաղացավ:

Ու հենց մեր աչքի առաջ մեր լեգիտիմագույնը սկսում էր գրամ առ գրամ չաղանալ, հանցավոր ռևանշիստները դավադիր կերպով թույլ չտվեցին, որ մարդու տեստոստերոնը դինջ վեր ընկնի. Բլեյանից հետո ազգընտիրի արյունը պղտորեց Վանո Սիրադեղյանը: Որոշ անպատասխանատու լեզուներ համառորեն պնդում են, թե Վանոն մի անգամ մտավորականին ոչ վայել վերաբերմունք է դրսևորել մեր ազգընտիրի վզակոթի նկատմամբ ու այդ պահից տեստոստերոնը հարմար պահ էր ման գալիս՝ մուռ հանելու համար: Իսկ արյան կանչը, ըստ Պավլովի, բավականին զորեղ ազդակ է: Դժբախտաբար, մեր սիրելի նախագահի ազդակն այս անգամ բավարարվեց մասամբ՝ Վանոն անհայտացավ: Իհարկե, եթե նա ևս հայտնվեր վանդակում՝ մեր ազգընտիրը առնվազն 2,3 կիլո կչաղանար, բայց այս համատարած մոսկայական չուզողության մեջ թողնո՞ւմ են, որ նախագահ չաղանա:

Վանոյից հետո ազգընտիրի արյան հավասարակշռությունը ժամանակ առ ժամանակ խախտում էին տարբեր նախարարներ, հետո՝ վարչապետ Արամ Սարգսյանն ու էլի մի քանիսը, որոնցից էլ մեծ ու փոքր մուռեր հանելով՝ մեր ազգընտիրի նյութափոխանակությունը խանգարվում էր, ու մարդը չէր չաղանում: Հետո արդեն թվում էր՝ վերջ, եկել է չաղանալու պահը, բոլոր ըմբոստներից մուռը հանված է, ընդդիմությունն այլևս ձեռնասուն է, մի երկու զապաս պոպուլիստներ պարբերաբար ժողովրդի դարդերից են խոսում ու վազում նախագահի ձեռքից կուտ ուտելու, քաղաքական դաշտը դզված է նախագահի ճաշակով ու մանկության երազանքով՝ մկնագորշագույն՝ ծերտոտ և քոսոտ առնետներով լիքը, ու հենց այս սույն բարենպաստ ֆոնի վրա մեր ազգընտիրը սկսել էր դանդաղ ու հետևողականորեն չաղանալ՝ ոմն Արկադի Վարդանյան խախտեց ազգընտիրի տեստոստերոնային բալանսը: Հեչ չէր սպասում մեր սիրելի նախագահը, հեչ չէր սպասում, որ Ռուսաստանից եկած մի մարդ, որի բեղերն առանձնապես հավատ չէին ներշնչում, միանգամից 50 հազար մարդ կհավաքի Ազատության հրապարակում: Ու նորից զարթնեց վրեժի բզիկը, Արկադի Վարդանյանը հրավիրվեց ԱԱ մեկուսարան ու մինչ օրս այնտեղից դուրս չի եկել: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև 5 միլիոն դոլար չմուծվի ազգընտիրի անձնական օգտագործման «Հայաստան» հիմնադրամին: Ասում են՝ Արկադի Վարդանյանը միտք չունի իր հաշվին ազգընտիրի հայրենիքի ճամփաները շինելու ու չի մուծվելու:

Հիմա այս պայմաններում ո՞նց չաղանա ազգընտիրը: Գոնե 5 միլիոնը տար: Չտվեց: Ստիպված պիտի դրա համար էլ առանձին մուռ հանի. նստի-մտածի, թե է՞լ ինչ վատություն անի Արկադի Վարդանյանին: Շատ բան կարելի է անել. օրինակ, կարելի է Վարդանյանի մեկուսարանում նախագահամետ փայտոջիլներ բուծել: Փայտոջիլը մի լավ կքրքրի Վարդանյանի հականախագահական մարմինը, իսկ մեր ազգընտիրը չաղանա:

Ու ոնց որ թե արդեն չաղանալու բոլոր նախապայմաններն ապահովված են. օրերս էլ պաշտոնանկ արվեց ազգընտիրի ներվերի վրա վաղուց ազդող քաղաքապետ Բազեյանը: Պաշտոնանկության պաշտոնական պատճառաբանությունը պարզապես փառահեղ էր՝ Բազեյանը չի ծնվել Երևանում ու փող սարքել չգիտի: Ու եթե պետք լինի՝ չկասկածեք՝ ձեռնասուն բոլոր կուսակցություններն ու քաղաքական գործիչներն իրենց մամայի արևով կերդվեն, որ մեր ազգընտիրը ծնվել է Երևանի դուզ կենտրոնում՝ Ազատության հրապարակում ու նշյալ բոլոր ձեռնասունները ներկա են եղել մայրաքաղաքային այդ ծնունդին:

Իսկապես, ոնց որ թե ամեն-ինչ տեղն ընկավ՝ մնացին համատարած ջեբկիրները, և չկա մեկը, որից արժե մուռ հանել:
Այո, նոր հազարամյակի շեմին մենք ազգովի ստեղծեցինք բոլոր նախադրյալները, որ մեր ազգընտիրը չաղանա ու նրան այլևս երբեք չտանջի տեստոստերոնային քաղցը:

Նաիրա Կարապետյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ