...

Անկազմակերպ պետության անհայտ դիվերսանտները

Անկազմակերպ պետության անհայտ դիվերսանտները

Երեկ Երևանի մի շարք համայնքներում ամբողջ օրը ջուր չկար: Ու մինչև մարդիկ սուպերմարկետներից մաքրում էին ջրի տարաները, պարզվեց, որ վթարվել է «Արզնի 1» ջրատարը: 

«Վեոլիա Ջուր» ընկերությունն այս առթիվ հայտնեց, որ Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետևանքով ջրատարը մնացել է օդում և փլուզվել: 

«ՉԻ». Սրա հետ կապված մի դիտարկում. ուրեմն, որ Քոչարյանը նոր էր Հայաստանում իշխանության եկել, իր նախընտրական հանդիպումներում հաճախ էր օգտագործում «կազմակերպված պետություն» արտահայտությունը: Այսինքն՝ ստեղծելու են կազմակերպված պետություն: Վանո Սիրադեղյանը սրան արձագանքել էր իր հոդվածներից մեկում՝ նշելով, որ կազմակերպված լինում են բանդաները:

Հիմա ճիշտ հակառակ պատկերն է. ունենք անկազմակերպ պետություն: Ճիշտ է, այս մասին Նիկոլ Փաշինյանի հեղափոխական և նախընտրական լոզունգներում ոչինչ ասված չէ, բայց նրա օրոք այսպիսի պետություն է:

Այնքան անկազմակերպ ու բարդակ, որ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ կարող են շինարարական աշխատանքներ կատարել: Ու սա զարմանալի չի, եթե հաշվի առնենք, որ մեր մոտ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ կարող են ապօրինի ավազի հանք շահագործել: 

Իրավապահ մարմիններն արդեն հիմա պիտի հայտնեին, թե ովքեր են այդ անհայտ անձինք, նրանց հայտնաբերած լինեին, տեսնեինք՝ այդ ինչ շինարարական աշխատանքներ են կատարել, դրա թույլտվությունն ունեցել են, թե ոչ, ով է թողել, որ այդ հատվածում գործ անեն:

Դա պիտի պարզ լիներ բոլորիս համար, ի՞նչ իմանանք, կարող է՝ ադրբեջանցի դիվերսանտներն են ջրատարը վնասել: Եթե իրենք չեն արել, մեկ է, պարզվում է, որ Երևանը ջրազրկելը մեկից մեկ է, ով ուզի, կարող է դա անել: Իսկ դա հնարավոր է միայն անկազմակերպ պետության դեպքում:

Սաղ գիշեր «Վեոլիայի» բանվորները տանջվել են, որ ջրամատակարարումը վերականգնվի, բայց ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մեկ այլ տեղ մեկ այլ անհայտ անձանց խումբ այս անգամ խորոված անելու նպատակով չի վնասի մեկ այլ ջրատար: 

Հ.Գ. Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ չլողացած չենք համարի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3946 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ