...

Հը, ո՞նցն էր համը միջանցքի

Հը, ո՞նցն էր համը միջանցքի

Վանոյից վառվածները

Շաբաթն ավարտվում է... նենց, ոչինչ: Համարյա վատ չի, եթե չհաշվենք Բերձորի և Աղավնոյի առաջիկա կորուստը: Լաչինի միջանցքը, որը ժամանակին Վանո Սիրադեղյանը փոքրաթիվ ջոկատներով պահեց, փայփայեց, հետո «Հայաստան» հիմնադրամը ճանապարհ կառուցեց, փոխանցվում է Ադրբեջանին: Առանց մի կրակոցի: 

Իմիջիայլոց, հիմա մենք ենթադրություն ունենք, թե ինչու Վանո Սիրադեղյանին չհուղարկավորեցին Կոմիտասի պանթեոնում: Որպեսզի դա չգրգռի ընդդիմությանն ու Ադրբեջանին: Վանոն այս երկուսի աչքի փուշն էր: Վառել, թողել է: 

Իսկ այսպես, ոչինչ, վատ չեն գործերը: Դաշնակները սպասում են, թե երբ են նոր տարածքներ զիջվելու Ադրբեջանին, որ թևքերը քշտած, սկսեն փրկել հայրենիքը կամ՝ գոնե մի բան: Ու շոգից ու անգործությունից նեղված, ստիպված են նոր զբաղմունք գտնել: Մարդ են առևանգում, ինչ են անում, իբր Հայաստանում շատ է մարդ մնացել: 

Ընդհանրապես, դաշնակ լինելն այդ առումով բավական օգտակար է: Այսինքն՝ կարող ես մարդ առևանգել, ահաբեկչություն նախապատրաստել, զինված ջոկատներ ստեղծել, սրա-նրա գործակալ լինել, ու եթե հանկարծ դրա համար փորձում են պատասխանատվության ենթարկել, ասում ես՝ հոպ, էսի քաղաքական հալածանք է: Մեջներից մենակ Նաիրի Հունանյանի բախտը չբերեց: 

Մարդիկ են վատացել...

Ֆեյսբուքը կատաղել էր մասնագիտությամբ բժիշկ համարվող Հայկ Մանասյանի վրա: 24TV-ի եթերում խոսել է, մեջբերում ենք նրա հետևյալ միտքը. «Դաժան բան պետք է ասեմ, բայց, Բերձոր ու Աղավնո դատարկելով, ՀՀ-ն «երաշխիքներ» է ստանում, որ այլևս երբեք նոր Ռոբերտ Քոչարյաններ Արցախից չեն գա ՀՀ նախագահություն անելու»:

Եթե ճիշտ ենք հիշում, Մարինա Խաչատրյանն էլ էր բժիշկ համարվում: Այ, էս կարգի բժիշկների համար պետք է առանձին դասակարգում բացել: Օրինակ՝ թունամիտներ, այսինքն՝ թունավոր մտքեր հայտնող: 

Մեզ դժվար է նման մտքերով զարմացնել: Մեզ չեն զարմացնում նաև Հայկ Մանասյանի այս «գոհարի» տակի քոմենթները: Ահագին մարդ ծափ է տալիս, հիացական խոսքեր գրում, ասում՝ աբրիս, ցավդ տանեմ: Ընդամենը մի քանի օր առաջ էինք գրել, որ բազմաթիվ քաղաքացիներ ասում են՝ ինչ ուզում է լինի, մենակ թե էդ նախկինները, հատկապես՝ Քոչարյանը, չգա, դրա դեմքը չտեսնենք: Ու հիմա մենք համոզվում ենք, որ ինչ ուզում, լինում է: Ահա այսպես են մեկնաբանում Քոչարյանի «շռնդալից» մուտքը Հայաստան: 

Մնացինք օրհնանքների հույսին

Այս շաբաթ ևս մեկ «օրհնված սհաթ» ավելացավ: Հիմա բացի ռուսներից, օրհնանքների է արժանանում նաև Իրանը: Բա, Իրանի նախագահը մատ է թափ տվել Զանգեզուրի միջանցքի վրա աչք դրածների վրա, Ալիևի ինադու գլխավոր հյուպատոսություն է բացել Կապանում, համ էլ, ասում են՝ ընտիր ԱԹՍ-ներ ունի: Մի խոսքով, ունենք ռուսամետներ, ունենք արևմտամետներ, հիմա մի հատ իրանամետ դաշինք է, ինչ է, պետք է ստեղծվի: Պետք է նայել, թե ինչ ազատ ռեժիսոր ունենք, ասենք՝ զբաղվի դրանով: 

Բայց մի հատ հետաքրքիր բան ասենք. եթե Ռուսաստանը չլիներ, Ղարաբաղի հարցն էլ չէր լինի, բռնեց, 1921-ին տվեց Ադրբեջանին: Իսկ եթե Իրանը չլիներ, միջանցքի մասին խոսակցություն ընդհանրապես չէր լինի: Իրանցիներն էլ բռնին, 1934-ին տարածք տվեցին Թուրքիային՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու համար: Այ էսպես, քանի դար է, իրենք բորշչը եփում են, մենք օրհնում ենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ