...

Հերոսներ և հակահերոսներ. կամ հակառակը

Հերոսներ և հակահերոսներ. կամ հակառակը

Միջանցք ուրացողները

Այս շաբաթվա միակ լուսավոր կետը դրսի արևն էր: Ափսոս միայն, որ այն տաքացնում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև՝ մեր դարավոր ոսոխներին: Արցախն էլ է լուսավորում, բայց դրանից արցախցիներին ոչ տաք է, ոչ՝ սառը: Մարդիկ շուտով լիակատար բլոկադայի քառասունքն են նշելու: 

Ամեն օր հատ-հատ գրում են, թե Արցախում քանի հիվանդ կա, որ բուժում չի ստանում, դատարկ խանութների լուսանկարներն են հրապարակում, սառած տները: Հիմա նոր սկսել են ոմանք ընդգծել Լաչինի միջանցքի նշանակությունը: Էն Լաչինի միջանցքի, որը Վանո Սիրադեղյանը միլիցիայի ջոկատներով, աներևակայելի հերոսության և տոկունության շնորհիվ պահեց մեր ձեռքում: Էն Վանո Սիրադեղյանի, որին ուտող-ուրացողների թայֆաները հերթ չտալով, տարիներ շարունակ փորձել են ջնջել պատմության էջերից, հանրության հիշողությունից՝ այդպես արտահայտելով իրենց երախտագիտությունը, որը երախտամոռությունից այն կողմ չանցավ:

Ինչի՞ ենք սա ասում. մի երկու օր առաջ աչքներովս ընկավ հայկական Վիքիպեդիայում Վանո Սիրադեղյանի մասին էջը: Կողքից կարդացողը կմտածի, թե խոսքը ինչ-որ հայկական դոն Կոռլեոնեի կամ սերիական մոլագարի մասին է: Մենակ գրել են, թե ինչ բանդաներ է ստեղծել, ում է սպանել, ում հետ է հաշվեհարդար տեսել: Հղումներն էլ տալիս են քոչարյանական լրատվամիջոցներին, նրա ձեռնասուն քննչական մարմիններին և այլն:

Ու ոչ մի խոսք այն մասին, թե Վանո Սիրադեղյանն ինչ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտում, ու բանը միայն Լաչինի միջանցքը պահելու մասին չէ: Ոչ մի խոսք այն մասին, որ Վանոն 1990-ականներին Հայաստանը մաքրեց քրեական տարրից, «ավտարիտետ» կոչվողներին սաղին լարեց երկրից ու բացի «Դրոներից» ու սկաուտներից, Հայաստանում բանդաները, քրեական խմբավորումները իսպառ վերացել էին: Այ սենց են պատմությունը ջնջում, մեզ լրիվ այլ բան հրամցնում: 

Մի հոյակապ անձնավորություն

Բա որ մտնում ես Ռ. Քոչարյանի էջ: Վայ, պարզվում է, մի հոյակապ անձնավորություն: Էդ ի՜նչ փայլուն անցյալ է ունեցել: Էնքան նոր բան կիմանաք նրա մասին: Բա, օրինակ, կպարզեք, որ Կարշոլկի պարտկոմը սովետական տարիներին այլախոհ է եղել, Բրեժնևի անունը չի ցանկացել տալ: 

Ինչ հերոսություններ է արել, կապշեք: Ինքն է մենակով «Միացում» շարժումը ստեղծել, մենակով բանակ սարքել, ինքնապաշտպանական ուժեր ստեղծել, ինքն է Շուշին գրավել: Ավելին, պարզվում է, հենց ինքն է Լաչինի միջանցքը բացել: Ինքն է վերականգնել Հայաստանի տնտեսությունը, փակել թոշակառուների պարտքերը, ինքն է էներգետիկ ոլորտը վերականգնել, ինքն է (էս ամենահզորն է) բենզինի բիզնեսը կարգավորել, որը մինչ իր գալը ողբալի վիճակում էր: Ինքն է ներդրումներ բերել Հայաստան: Մի խոսքով, Հայաստանը տարածաշրջանի Դուբայ էր սարքել, տեղյակ չէինք:

Ու ոչ մի խոսք այն մասին, որ իր օրոք քաղաքական տասնյակ սպանություններ են եղել, որ տնտեսությունն ամբողջությամբ մոնոպոլիզացրել է, որ իր օրոք Հայաստանի ու Արցախի բնակչությունը կտրուկ նվազել է, որ տարեցտարի Հայաստանը տնտեսապես թուլացել է, որ իր օրոք Հայաստանի գազաէներգետիկ ու ավիացիոն ոլորտը փոշիացվել է, տրվել է, նվիրվել է օտարներին, որ իր օրոք բանակն ամենաքիչն է ֆինանսավորվել, որ իր օրոք Հայաստան են վերադարձել հարյուրավոր բանդիտներ, որոնք հետագայում ընտրություններում նրա գլխավոր հենարանը պետք է դառնային: 

Էլ չենք խոսում այն մասին, որ գրել են, թե Վանո Սիրադեղյանը թալանել է՝ առանց նշելու, թե հատկապես ինչն է թալանել, իսկ որ Քոչարյանների ընտանիքը Հայաստանում ամենահարուստներից մեկն է ու տիրապետում է ահռելի կապիտալի, տասնյակ անշարժ գույքերի, ոչ մի խոսք դրա մասին: Այ սենց են մեր աչքի առջև պատմությունը պղծում:  

Հ.Գ. Առանձին անեկդոտ է ԺԵԿ-ի տեղեկանքի պատմությունը: Գրել են, որ Քոչարյանը չգիտեր, թե արդյոք կարո՞ղ է մասնակցել 1998թ. նախագահական ընտրություններին, քանի որ 10 տարի մշտապես չի բնակվել Հայաստանում, բայց Վազգեն Սարգսյանը խորհրդակցել է իրավաբանների հետ, եկել, ասել է՝ Ռոբերտ ջան, արխային թեկնածությունդ դիր, դու պրոբլեմ չունես, սաղ լեգիտիմ ա: Այսինքն, ԺԵԿ-ի տեղեկանքի պատմությունն էլ Վազգեն Սարգսյանի վրա են գցել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ