Քոչարյանական քաղաքագետ Երվանդ Բոզոյանը News.am-ի հետ զրույցում ասել է. «Հայաստանում կար Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ամեն ինչ արեց, որ մեր հաղթանակը չկապիտալիզացվի, և արդյունքում 1996-ին ստացանք ամոթալի լիսաբոնյան փաստաթուղթը։ Հիմա Ադրբեջանում չկա մեզ համար ձեռնտու Տեր-Պետրոսյան։ Այսօր Թուրքիային ու Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ չի կանգնեցնի, նրանք գնալով ավելի շատ զիջումների են հասնելու»:
«ՉԻ». Իմիջիայլոց, այսօր համացանցում նորից շատ ակտիվ տարածվում է Վանո Սիրադեղյանի «Վիրտուալ հայրենիք. ճակատագրի հեգնանքը» հոդվածը, որը հրապարակվել էր դեռևս 2000 թվականին: Հոդվածում Վանոն գրել էր մասնավորապես հետևյալը. «Արցախի կարգավիճակը Քոչարյանը կանխորոշել է Ստամբուլի վեհաժողովին ստորագրությամբ ճանաչելով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը: Այսինքն, Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Սա՝ դե յուրե: Դե ֆակտոն տեխնիկայի հարց է:
Ահա թե ինչու (գերտերությունները.- խմբ.) հանդուրժեցին հեղաշրջումն ու հակասահմանադրական ընտրությունները 98-ին և գրեթե ժողովրդավարական համարեցին վայրագ պառլամենտական ընտրությունները 99-ին: Ահա թե ինչու կուլ տվեցին պառլամենտի գնդակահարությունը Ստամբուլից շաբաթներ առաջ»:
Հիմա այս Բոզոյան քաղաքագետ կոչվածը փորձում է հերթական անգամ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու խարանը Քոչարյանի վրայից հանել: Որ իրեն հարցնես, թե ինչու էր 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովի փաստաթուղթը ամոթալի, բան չի կարող ասել: Բա ի՞նչ ասի: Լիսաբոնյան գագաթնաժողովում շրջանառության մեջ էր դրված մի փաստաթուղթ, որով ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թեկուզ՝ ամենամեծ իրավունքները: Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է դրել այդ բանաձևի վրա: Այսինքն՝ բանաձևը չէր ընդունվել: Ու ստացվում է, որ հիմա Քոչարյանի ջեբի քաղաքագետներից մեկը ամոթալի է համարում գոյություն չունեցող փաստաթուղթ:
Իսկ 1999-ին, Քոչարյանը սիրուն, սուսուփուս գնաց Ստամբուլ ու ստորագրեց այդ բանաձևը: Չէր կարող չստորագրել, որովհետև դրա դիմաց աչք էին փակել 1998-ի հեղաշրջման, ԺԵԿ-ի տեղեկանքի, 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդի վրա: Ու այդ խարանը մնալու է ձեր վրա, ինչքան էլ թպրտաք:
Ձեռի հետ կարող եք հերթական անգամ լսել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովում, որտեղ նա հիմնավորում է, թե ինչու նման բանաձև չի կարող ընդունել: Ասել է ու վետո է դրել: