...

Քոչարյան՝ առանց սահմանների

Քոչարյան՝ առանց սահմանների

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը 5-րդ ալիքի եթերում ասել է, որ ի տարբերություն այս իշխանությունների, Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման ընթացքում որոշ սահմաններ չէր անցնում և ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին, նրանց ընտանիքի անդամներին չէր հալածում: Օրինակ, 1998թ. իշխանության գալով, չի նստացրել Լևոն Տեր-Պետրոսյանին, չի հետապնդել նրա ընտանիքի անդամներին, 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո էլ Լևոն Տեր-Պետրոսյանին ձեռք չի տվել: 

Տարիներ առաջ Դավիթ Շահնազարյանը, երբ դեռ մոլի հակաքոչարյանական էր, մի առիթով ասաց, որ կա սուտ, կա ավելի մեծ սուտ, կա ահավոր սուտ և կա դաշնակցական մամուլ:

Հիմա նույն վիճակն է, ուղղակի կարելի է ընդհանրացված ասել՝ կա քոչարյանական քարոզչություն: Որը ստախոսության և կեղծիքի վերին ատյանն է: 

Արգիշտի Կիվիրյանը՝ որպես քոչարյանական քարոզչության սովորական «վինտիկ», մեկ անգամ ևս շրջանառության մեջ է դնում այն թեզը, թե կային սահմաններ, որոնք Քոչարյանը չէր անցնում: 

Իրականում Քոչարյանը՝ 1998 թվականին զավթելով իշխանությունը, 10 տարվա մեջ հասցրեց անցնել բոլոր հնարավոր սահմանները՝ մարդկային, բարոյական, քաղաքական: 10 տարի զբաղված է եղել իր արյունոտ հետքերը մաքրելով: Մինչև մի ոճրագործության հետքերը փորձում էր կոծկել, հաջորդ ոճիրն էր լինում: Եկած օրվանից մի քանի տարում ավելի քան 30 բարձրաստիճան պաշտոնյա սպանվեց, հոկտեմբերի 27 եղավ, «Առագաստ» սրճարանի դեպքը և իր կարիերան էլ ավարտեց մարտի 1-ի սպանդով: Բա սահման անցնելը էլ ո՞նց է լինում: 

Քոչարյանը հայոց պատմության մեջ միակ մարդն է եղել, որը բանակ է հանել ժողովրդի դեմ ու հրամայել կրակել: Սա սահման անցնել չի՞: 

Հիմա՝ հաջորդ թեզը. թե Քոչարյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռք չէր տալիս և նրանց ընտանիքներին: Առաջին բանը, որը արել է 1998թ. հեղաշրջումից հետո, Վանո Սիրադեղյանի հետևից ընկնել էր, որից ինքը ահավոր վախենում էր: Ու վախի այդ սինդրոմը նրան ստիպեց պետական ամբողջ համակարգը, դատախազությունը, քննչական մարմինները Վանոյի դեմ ուղղել: Առանց որևէ հիմքի: Հետագայում էլ Վանո Սիրադեղյանի եղբորը նստեցնել տվեց, այն եղբորը, որը Նոյեմբերյանի շրջանի գյուղերից մեկում էր ապրում, քաղաքականության հետ որևէ կապ չուներ, սովորական, շարքային գյուղացի մարդ էր: Էս չէ՞ր Քոչարյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը ձեռք չտվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա Քոչարյանը կերազեր Առաջին նախագահին նստեցնել, հագուրդ տալ իր անասնական կրքերին, բայց առիթ չգտավ: Հայաստան գալուց հետո ԱԱԾ-ով, դատախազությունով, ոստիկանությունով հատ-հատ, էջ առ էջ, տող առ տող քրքրել են Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների գործունեությունը, հնարավոր բոլոր փաստաթղթերը մանրադիտակի տակ ուսումնասիրել են, գոնե մի «զացեպկա» չեն գտել: 

2008 թվականի մարտի 1-ի սպանդը կազմակերպելուց հետո էլ, Քոչարյանն իր բանդայի հետ քննարկել է Տեր-Պետրոսյանին կալանավորելու հարցը, բայց ոչ մի հիմք չեն գտել: Ու հիմա անունը դրել են, թե ինքը սահմաններ չէր անցնում: Էն էլ ո՞վ՝ Քոչարյանը:

Օրերս մի փաստ էինք հրապարակել, որ Քոչարյանի օրոք ավելի քան 30 բարձրաստիճան զինվորականներ, հայտնի ազատամարտիկներ շինծու մեղադրանքներով բանտ էին նետվել: Ու ոչ միայն նրանց էին հալածել, այլ նաև նրանց ընտանիքներին: Մեկի եղբորն էին աշխատանքից ազատել, մյուսի քրոջ օբյեկտն էին փակել տվել ու հարյուրավոր նման դեպքեր: 

Իսկ ծանո՞թ եք Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Աղայանի պատմությանը: 2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո իր 3 (երեք) ամսական երեխային տարել էին Մասիսի ոստիկանություն, պատանդ պահել ու ասել, որ մինչև Դավիթ Աղայանը ոստիկանություն չներկայանա, երեխային բաց չեն թողնելու: Սրան սահման ընդհանրապես կա՞: Հատ-հատ կդնենք, այս ամենը նորից կհիշեցնենք: Սա է եղել Քոչարյանի մարդկային կերպարը: Այս մարդը իր ամբողջ կյանքը զբաղված է եղել իր կենսագրության արյունոտ էջերը սրբագրելով ու կոծկելով: Բայց այդ էջերն այնքան շատ են ու այնքան անսահման, որ դա հնարավոր չէ: 

Սա արժե տարածել քոչարյանական վարձկանների շրջանում, որ իմանան, ինչ սորտի անձնավորություն է եղել իրենց «հերոսը»:  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ