...

Ոչ թե Լուկաշենկոն, այլ Վանոն

Ոչ թե Լուկաշենկոն, այլ Վանոն

Այստեղ կարող էր լինել ձեր քֆուրը

Այս շաբաթ ներքաղաքական, եթե իհարկե, դա կարելի է անվանել ներքաղաքական, գզվռտոցները որոշ ժամանակով երկրորդ պլան մղեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հայտարարել էր, թե Հայաստանը գնալու տեղ չունի: 

Դե, ֆեյսբուքահայությունը, ոնց որ պետք է, տեղը տեղին, քֆուրների մի մեծ խմբաքանակ ուղարկեց բատկայի հասցեին և պետք է խոստովանել, որ ճիշտ արեց, քանի որ առաջիկայում շատ հնարավոր է, քրեականացվի նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ծանր վիրավորանքներ հասցնելը: Մեր մոտ դա արդեն քրեականացված է, նույնիսկ արդեն ունենք այդ հոդվածով դատապարտված: Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատրյանին հայհոյելու համար մի քաղաքացի տուգանվեց 500 հազար դրամի չափով: Բայց քանի որ մարդկանց մոտ քրֆելու անհագ ցանկություն կա, էդ էներգիան պետք է մի տեղ ծախսեն, Լուկաշենկոյի վրա ծախսեցին: Շտապեք, տեղերը սահմանափակ են:

«Քրիստոս» զայրացավ ի մեռելոց

Իհարկե, հաճելի էր տեսնել, թե ինչպես են Լուկաշենկոյի հայտարարություններին «աբառոտկա» ֆռռում մեր քաղաքական դաշտի երևելիները: Հատկապես դզեց Հովիկ Աղազարյանը: Սա բնական է, քանի որ Լուկաշենկոն, ըստ էության, տհաճություն էր պատճառել Հովիկ Աղազարյանի «քրիստոսին»:

Ավետարանն ի՞նչ է ասում. «Բայց ինչո՞ւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը չար ոգիներ ուղարկեց խոզերի մոտ: Նա կարող էր դրանք ուղարկել ծառերի կամ քարերի մեջ, ինչու՞ խոզերի մեջ: Ոչ թե դևերի ցանկությունը կատարելու, այլ մարդկանց հասկացնելու համար: Որտեղ խոզեր կան, այնտեղ անմաքրություն կա, և անմաքուր ոգիները սիրում են անմաքուրությունը»: 

Այնպես որ, պատահական չէր, որ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե Մինսկի օդանավակայանը խոզանոց է հիշեցնում: Շատ թույն «նամյոկներ» և զուգահեռներ է անցկացրել: Ճշմարիտ ուղու վրա է: Ահա թե ինչ զորություն ունի հավատը:

Շատ հաջող էր նաև ՀՀ արտգործնախարարության արձագանքը: Սկզբից որ փորձում էին նրա տեսակետը ճշտել, զանգում էին, պատասխանում էին՝ տանը մարդ չկա, հետո ասին՝ վարորդն է, բայց երբ իրենց բացատրեցին, որ, վերջը ԱԳՆ եք, մի բան պիտի ասեք, կարգն է այդպես, ասացին, որ Լուկաշենկոն նկատի է ունեցել այն, որ վերջին օրերին Հայաստանում առատ ձյան ու բքի պատճառով Սյունիքի մարզից մինչև Բավրայի մաքսակետ տանող ճանապարհներն անանցանելի են, գնալու տեղ չկա: 

For post forever

Ուշագրավ էր նաև ընդդիմության արձագանքը: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, Ռուս-բելառուսական միությունից հնչող հեգնանքներին, վիրավորանքներին, ավանդույթի համաձայն, չի պատասխանում: Իրեն թվում է, որ կուլ տվեց այդ վիրավորանքները, հեսա դառնալու է Ռուսաստան-Բելառուս միության հայաստանյան ֆորպոստի պարտկոմ: Ընդհանրապես, իր շարքերում այդպես էլ մարդ չգտնվեց, որը կպատասխաներ Լուկաշենկոյին: Հարցնում են՝ ինչո՞ւ չեք արձագանքում, ասում են՝ զբաղված ենք հայրենիքի փրկությամբ: Մենակ Հայկ Մամիջանյանն էր՝ «Պատիվ ունեմից», մի քիչ մուննաթ եկավ, и на том спасибо:

Մարգարեական

Բայց գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր: Լուկաշենկոն առաջին մարդը չէ, որ ասում է՝ Հայաստանը գնալու տեղ չունի: Սրա մասին խոսել է Վանո Սիրադեղյանը՝ դեռ 23 տարի առաջ: Դուք մոռացել եք, իսկ մենք հիշում ենք նրա խոսքը. «Այսպես գործելով, այսպես պառակտելով Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, բարոյապես, ժողովրդին խոշտանգելով սոցիալապես... այսպես չեն գնում ոչ դեպի խաղաղություն, ոչ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ»:

Այնպես որ, հասել ենք ոչնչին: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ