...

Երվանդ Բոզոյանին թվում է, թե միայն ինքն է տոկոս հաշվում

Երվանդ Բոզոյանին թվում է, թե միայն ինքն է տոկոս հաշվում

Քոչարյանի քաղաքագետներից Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, բայց որպես քաղաքացի՝ գնալու է և մասնակցելու է ընտրությանը, և տվյալներ է ներկայացրել, թե այժմ ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը։

«Ես ունեմ բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ տարբեր համայնքներում։ Ես տեսնում եմ, որ այնտեղ հասարակությունը լավ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Նրանց բոլորի մոտ կա կոնկրետ վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նրանցից տասը տոկոսն անվերապահ աջակցում է իրեն, տասը տոկոսը դեմ է, ութսուն տոկոսը խիստ վերապահություն ունի և հիասթափված է»,- ասել է նա։ 

Անկեղծ ասած, պարոն Բոզոյանը ճիշտ էլ անում է, որ քարոզարշավին չի մասնակցում։ Մասնակցում է, որ ի՞նչ անի։ Ասի «ոչ» ասեք, որ Սահմանադրությունը նույնը մնա, փոփոխությունը հակասահմանադրական է և հանրության շահերը չի՞ ներկայացնում: Բայց սահմանադրական դատարանի անցած տարիների որոշումները հայտնի են հանրությանը և այլ բան են ասում։ ՀՀ քաղաքացին գիտակցում է՝ եթե Սահմանադրությունը մնաց նույնը, ապա շարունակվելու է սահմանադրական ճգնաժամը, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Մյուս կողմից էլ, եթե այդքան տեղեկացված է տարբեր համայնքներից ու համոզմունք ունի, որ հասարակությունը լավ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ինչո՞ւ չի մասնակցում քարոզարշավին, որ լուսավորի հանրությանը և ասի իրենց «ոչ»-ի նպատակը՝ որ Սահմանադրությունը փոփոխության չենթարկվի և մնա նույնը, Քոչարյանը կալանքից ազատ արձակվի։ 

Քաղաքագետը հրաշալի գիտի հանրության վերաբերմունքը, թե ինչու է Քոչարյանի աջակիցը «ոչ» քարոզում, այնպես որ՝ քաղաքագետի չմասնակցելու պատճառները հարգելի են։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Բոզոյանի տոկոսներին, թե որ տոկոսն է Նիկոլ Փաշինյանին սիրում կամ որ տոկոսն է հիասթափվել, ապա դա ամենևին էլ քաղաքագետին ուրախանալու առիթ չպետք է տա։ Քոչարյանի աջակիցները՝ կլինեն քաղաքագետ, իրավապաշտպան, հոգեբան, մշակույթի գործիչ, թե պարզապես պիցցայակեր, պետք է մի բան լավ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին սիրելու կամ հիասթափվելու մասին չէ խոսքը, այլ հեղափոխության վերջնական հաղթանակի մասին է։ Փաշինյանից հիասթափվողները չեն գնալու իրենց կողքին կանգնեն։ Հանրությունը դեռ շատ երկար է հիշելու քոչարյանական տարիները, ո՞վ է խելքը թռցրել, որ ուզենա էդ տարիների վերադարձը, միայն նրանք, ովքեր եղել են կերակրատաշտի մատույցներում։ 

Որպեսզի Քոչարյանի աջակիցների համար պարզ դառնա, թե ովքեր կարող են «այո» ասել հանրաքվեին, մեզ նեղություն տվեցինք, ու մենք էլ տոկոս հաշվեցինք։ Ի՞նչ է կատարվել Քոչարյանի ղեկավարման տարիներին։ Հոկտեմբերի 27, լիքը չբացահայտված բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ, Պողոս Պողոսյան և վերջապես մարտի մեկ։ Եթե նշված զոհերի հարազատներն իրենց մտերիմներով և պարզապես քաղաքացիներ, որոնք ուզում են ապրել իրավական երկրում, «այո» ասեն հանրաքվեին, հաղթանակը երաշխավորված կլինի։ Պարոն Բոզոյանին չթվա, թե միայն ինքը տոկոս հաշվել գիտի: Իհարկե, մենք մոտավոր հաշվեցինք և կոնկրետ տոկոս չենք ասում, բայց պատկերը ուրվագծվում է։ Եվ վերջապես, հանրաքվեն Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն չէ, հանրաքվեն ամրագրելու է հեղափոխության հաղթանակը։ 

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1946 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ