...

Խորհրդարանի հետևողական շմայսացումը

Խորհրդարանի հետևողական շմայսացումը

Հայոց հետհեղափոխական խորհրդարանը սահուն քայլերով շմայսանում է։ Վերջերս Ազգային ժողովում ականատես էինք եղել տղայական-քուչայական մակարդակի լեզվակռվի «Իմ քայլը» - «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Կենտրոնում Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանն էին, որոնք իրար դիմում էին փողոցային բառապաշարով։ 

Այսօր առանձին պատգամավորներ մի քայլ առաջ անցան ու արդեն դիմեցին բռունցքների։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ նախ լեզվակռիվ սկսվեց նրա ու իմքայլական Սասուն Միքայելյանի միջև, ապա այն վերածվեց մասսայական հրմշտոցի ու ծեծկռտուքի։ 

Եթե խորհրդարանի՝ վերջին շրջանի անցուդարձը դիտենք ամբողջության մեջ, պետք է նկատենք, որ տեղի է ունենում նյարդերի պայքար՝ սադրանքների, իրար հունից հանելու, փոխադարձ կծոցների տեսքով։ Լուսավորական առանձին պատգամավորների ելույթներն ու կեցվածքը նման դրսևորումներ են։

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ էլ շատ հեշտությամբ, միգուցե նաև միտումնավոր տրվում են այդ սադրանքներին, ինչպես այսօր Սասուն Միքայելյանը՝ դրանով շատ վատ ու անհարմար վիճակի մեջ դնելով բռնությունը բացառող ու բոլոր հարցերը քաղաքակիթ եղանակով լուծելու կուրս վերցրած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ 

Այն, որ Սասուն Միքայելյանը հեռու է կլասիկ պատգամավոր լինելու ինտելեկտուալ մակարդակից, հայտնի է վաղուց։ Այսօր նաև ցուցաբերեց անհավասարակշռության դասական ու բացարձակ օրինակ։ 

Արդեն տևական ժամանակ որոշ շրջանակներ, մամուլի միջոցներ ամեն ինչ անում են ապացուցելու, թե ներկայիս խորհրդարանը, այդ թվում՝ իշխող մեծամասնությունը, ոչնչով չեն տարբերվում նախորդ խորհրդարանից ու իշխող ուժից։ Իրականության մեջ, իհարկե, դա այդպես չէ ու չի էլ կարող լինել, սակայն «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների պահվածքն ու վարքը կարող են նման տպավորություն ստեղծել ու ստվերել իշխանության պատկերը։

Հատկանշական է, որ խորհրդարանական այսօրվա խայտառակությունը տեղի ունեցավ կառավարության անդամների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ինչն էլ ավելի անհարմար վիճակ է ստեղծում կառավարող ուժի համար։ Նիկոլ Փաշինյանն այս ամենից պետք է անհրաժեշտ հետևություններ անի ու վերանայի իր թիմակիցների կազմը, այլապես հետագայում կարող է կանգնել շատ լուրջ փաստի առաջ։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1822 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ