...

Ողբաբան քանդողներն ու արկածախնդիրները

Ողբաբան քանդողներն ու արկածախնդիրները

Երբ մերժված իշխանության ներկայացուցիչները, նրանց շահերն արտահայտող նորելուկ քաղաքական գործիչները, տարատեսակ իրավապաշտպաններն ու փաստաբանական խմբերը վախճանաբանական ողբեր են հնչեցնում, թե սահմանադրական հանրաքվեն կործանարար է Հայաստանի համար, արդեն ծիծաղելի էլ չէ, այլ ողբալի է։ Ողբալի է առաջին հերթին նման «գույժեր» հնչեցնողների համար։ 

Նմանատիպ հայտարարությունները ողջ մերկությամբ ի ցույց են դնում այդ մարդկանց ու շրջանակների այն ողբերգական վիճակը, որի մեջ նրանք հայտնվել են։ Իրենք իրենց գործունեությամբ, անհեթեթ հայտարարություններով են հայտնվել ու չեն էլ ուզում դուրս գալ ողբերգականության այդ կախարդական շրջանակից, կամ չեն կարողանում։

Ողբաբանության տեսակետից ինչ ասես արժեն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հայտարարությունները սահմանադրական հանրաքվեի մասին։ Այսպես, ՀՀԿ-ն գուժում  է. «Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է։ Հանրաքվեի օրակարգը կործանիչ է»։ ՀՅԴ-ն էլ «մարգարեանում» է. «Օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ»:

Տարիներով պետության հիմքերը քանդողներն ու արկածախնդիրները խոսում են դիմացինի արկածախնդրությունից ու կործանելուց։ Այն դեպքում, երբ դիմացինը փորձում է վերականգնել, նորոգել նրանց քանդածն ու ավիրածը։ Տվյալ դեպքում նրանց թողած այդ ավերակը Սահմանադրական դատարանն ու ՍԴ-ի նախագահի աթոռին նստածն է, որոնք նախկին իշխանության քաղաքական արկածախնդրության արդյունքն են։
Օրեր անց՝ փետրվարի 17-ից, կսկսվի սահմանադրական հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։ Մերժված ռեժիմի ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն մասնակցելու սահմանադրական հանրաքվեի գործընթացին և մյուս քաղաքական ուժերին ու հանրությանը ևս կոչ են անում չմասնակցել դրան։ Այսինքն՝ փաստացի լինելով Ոչ-ի կողմնակիցներ՝ այս ուժերը հրաժարվում են պաշտոնապես ձևավորել Ոչ-ի ճամբար կամ մասնակցել դրան։ 

Սա, իհարկե, բնավ չի նշանակում, թե այս ուժերն անմասն են մնալու քարոզարշավին մասնակցելուց։ Նրանք իրենց լրատվամիջոցներով, ասուլիսներով, հարցազրույցներով, հայտարարություններով, սոցցանացային գրառումներով, այսպես թե այնպես, քարոզելու են այդ Ոչ-ը։ Ուղղակի խուսափելու են քաղաքական պատասխանատվություն վերցնել ու կրել դրա համար՝ շատ լավ հասկանալով դրա կործանարար հետևանքներն իրենց համար։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ