...

Նախագահը ասաց՝ հանգիստ նստեք տեղներդ

Նախագահը ասաց՝ հանգիստ նստեք տեղներդ

Հայաստանը թևակոխում է նախընտրական փուլ։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին։ 

Հատկանշական է, որ նախագահի աշխատակազմը փորձել է որոշակի չեզոքություն պահպանել հանրաքվեի, խորհրդարանական մեծամասնության ընդունած որոշման ընթացակարգերի շուրջ քաղաքական ու իրավաբանական շրջանակներում ծավալված բուռն բանավեճի վերաբերյալ՝ նշելով, թե տվյալ գործընթացում Հանրապետության նախագահի գործառույթները սահմանափակվում են միայն հանրաքվեի օրը նշանակելով։

«Հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանի այս դիրքորոշումը պատասխան է այն շրջանակներին, որոնք ագրեսիվ հռետորաբանությամբ նրան կոչ էին անում չստորագրել խորհրդարանի ընդունած որոշումը և չնշանակել հանրաքվե։ Դրանք հիմնականում այն նույն շրջանակներն են, որոնք գործող Սահմանադրությամբ սահմանագծել են նախագահի լիազորությունների շատ սահմանափակ շրջանակը՝ նրան վերապահելով անգլիական թագուհու կարգավիճակ։ Դա նույն Դավիթ Հարությունյանն է, որը մի ամբողջ իրավաբանական տրակտատ է հրապարակել ԱԺ-ի ընդունած որոշման ու հանրաքվեի հակասահմանադրականության մասին՝ իրեն հատուկ ոճով ու իրավաբանական ձևակերպումներով փորձելով ապացուցել, որ մածունը սև է։ Նույն Հրայր Թովմասյանը, որը նախկին համակարգի խրամատը մատրոսովյան կեցվածքով պահպանելու համար հանրապետությունը հասցրել է սահմանադրական բոլոլայի։

Իր դիրքորոշմամբ Արմեն Սարգսյանն այս մարդկանց ու շրջանակներին փաստացի ասում է՝ դուք եք սահմանել իմ շատ նեղ լիազորությունները, դե ուրեմն, հանգիստ նստեք տեղներդ, էլ ի՞նչ եք ուզում ինձանից, գնացեք ձեր յուղի մեջ տապակվեք։ 

Այս ամենով հանդերձ, պետք է փաստել, որ նախագահը, այնուամենայնիվ, կարող էր հանրաքվեի մասին որոշումն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականության մասին եզրակացություն ստանալու համար։ Մի աբսուրդ էլ այստեղ է։ Այդ դեպքում Սահմանադրական դատարանի անդամները պետք է նստեին, քննարկեին ու որոշում ընդունեին անձամբ իրենց վերաբերող հարցի վերաբերյալ, որը դատական պրակտիկայում անթույլատրելի ու հակացուցված է։ Մեկ այլ աբսուրդ էլ այն է, որ նրանց ընդունած ցանկացած որոշում անվիճարկելի ու անբեկանելի է, ու չկա այնպիսի մարմին, որը կարողանա վիճարկել այն, այսինքն՝ խախտված է հակակշիռների մեխանիզմը։ Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրության բազմաթիվ խութերից մեկն էլ սա է։

Սակայն Արմեն Սարգսյանը չգնաց այդ քայլին ու չդիմեց Սահմանադրական դատարան (դիմելու դեպքում ելքը առավել քան ակնհայտ էր)՝ կարևորելով նման հարցերը քաղաքացիների մասնակցության միջոցով լուծելու տարբերակը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ