...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Հեղաշրջման ուրվականը

Անցնող շաբաթը անցավ «Գալ տարին՝ հեղաշրջման մեջ» նշանաբանով: Բոլորը սկսել են հեղաշրջում անել: Միքայել Մինասյանն է նման գործընթաց հռչակել: Իմիջիայլոց, իր լայվերն այլևս բանի տեղ դնող չկա. առաջին լայվը մարդիկ նայեցին, ծիծաղեցին, բլոկվեցին ու դրանից հետո հաջորդ իր շոուները ավելի քիչ դիտում և արձագանք ունեցան, քան «Արմենիա Թիվիի» հնդկական սերիալները:

Ընդ որում, Միքայել Մինասյանի ակտիվության պահերին անխափան գործում է հաղորդակից անոթների օրենքը: Հենց ինքը խոսում է, այդ օրենքի համաձայն, «ղզղնում» է Էդմոն Մարուքյանը: Վերջինիս թիկունքից դուրս է գալիս Գևորգ Գորգիսյանը, որը միայն տոն օրերին է իր մասին հիշեցնում, ու հանկարծ խոսում է հեղաշրջման, իր խոսքերով՝ իշխանափոխության մասին: Մենք որևէ բան չենք ակնարկում. համարյա Արքիմեդի ժամանակներից գործող ֆիզիկայի օրենք է, որը քաղաքագիտության մեջ էլ է շարունակում օրենք մնալ: Ի դեպ, Գևորգ Գորգիսյանը մեզ դատի է տվել՝ իրեն ինչ-որ բան անելու համար: Թե ինչի համար, նշված չէ ծանուցագրում. անիծվի հաղորդակից անոթների այդ օրենքը: 

Հաղորդակից անոթների օրենքը դրսում և ներսում

Այս օրերին քոչարյանա-միշիկական քարոզիչներն ու վարձկանները բավական ակտիվորեն շրջանառության մեջ են դրել այն թեզը, որ հեղաշրջումը կարող է լինել նաև ներսից: Այսինքն, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի խմբի իրենցով անեն, դրան գումարեն Լուսավորին ու ԲՀԿ-ին, ինչի հետևանքով խորհրդարանական ուժերի նոր հարաբերակցություն կստեղծվի, սա էլ իր հերթին կհանգեցնի կամ կառավարության փոփոխության, կամ էլ ճգնաժամի: 

Որ «Իմ քայլում» շատ են հեղհեղուկ դեմքերը, որոնք որոշակի իրավիճակներում կարող են ճամբարափոխ լինել, փաստ է: Այնտեղ մարդիկ կան, որ ի սկզբանե տակից իշխանությունների դեմ են գործել, կան այնպիսիք, որոնք չեն էլ թաքցնում իրենց հակակրանքը իշխանությունների նկատմամբ:

Օրինակ, Սոֆյա Հովսեփյանը: Չենք զարմանա, եթե առաջիններից մեկը ինքը լքի «Իմ քայլը» խմբակցությունը: Ավելի ճիշտ՝ իրավաբանորեն գրանցի այն փաստը, որ վաղուց այդ խմբակցության հետ որևէ կապ չունի: Երկու օր առաջ Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ Սոֆյա Հովսեփյանը գրառում էր կատարել, հարցի շուրջ հանդիպել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ չէր դիմացել ու «քոմենթ» էր գրել. «Դեռ որ մենակ անվստահություն եք տարածել այս գործընթացի հանդեպ։ Ուրախ եմ, որ վերջապես վստահությունից եք խոսում, տիկին Հովսեփյան»: Այսինքն, պատգամավորներ կան, որոնք իշխանությունների «այ ստեղն են հասցրել»:

Հերթով, շարքով

Բա, Լենա Նազարյան, դեռ այնպիսի՜ բաներ եք տեսնելու: Գիտեք, Վանեցյանը հենց այնպե՞ս է հայտարարում, թե նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կա: Նկատե՞լ եք, թե ովքեր են շարժվում հաղորդակից անոթների օրենքներով: Միքայել Մինասյան + Արթուր Վանեցյան + Էդմոն Մարուքյան: Մեկի խոսքը մյուսի տրամաբանական շարունակությունն է: Երեք օրում երեքն էլ հայտարարել են, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որ ճգնաժամային վիճակ է, հայրենիքի փրկության և համերաշխության, ազգը փոսից հանելու կառավարություն պետք է լինի: 

Իշխանություններ ջան, մինչ դուք այստեղ թավիշ եք խաղացնում, փաստ N598-ն եք ներկայացնում, Մոսկվայի, Չեչնիայի, Լուբյանկայի «պադվալներում» մարդիկ հեղաշրջման ծրագրեր են պատրաստում, ու ոնց որ իրենց են հավաքագրել տարբեր գործակալություններում, այնպես էլ հիմա իրենք են խորհրդարանում աշխատում «Իմ քայլի» պատգամավորներ հավաքագրելով: Գողական աշխարհի ադաթներից մեկով, եթե երկու հոգի ուզում են եղբայրանալ, դանակով իրենց մատը կտրում են, արյունները իրար խառնում ու այդպես «հռչակվում» արյունակից եղբայրներ:

Իսկ մեր հեղաշրջում անող ուժերի կենտրոնական հարձակվողները իրենց կապը ամուր և հավերժ դարձնելու համար համատեղ կոռուպցիոն գործարքներ են իրականացնում, իրար բաժնետոմսեր են նվիրում ու վաճառում, ավելի վաղ «գույք ինֆոյի և սլիվի դիմաց» բանաձևով էին համագործակցում: Հռոմից սկսեցին, ու հիմա օր-օրի ավելի փոխհամաձայնեցված են հայտարարություններ ու լայվեր անում: 

Մեզ հիմա կարող են հարցնել. իսկ ինչի՞ հեչ բան չեք գրում իշխանությունների մասին: Իսկ ի՞նչ գրենք, իշխանությունները մուշ-մուշ քնած են, չենք ուզում արթնացնել:

Հ.Գ. Իսկ Գևորգ Գորգիսյանը մեզ դատի է տվել. «Значит, хорошие сапоги, надо брать»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ