...

Լևոն Տեր-Պետրոսյանն ու բանակի օրը

Լևոն Տեր-Պետրոսյանն ու բանակի օրը

Այսօր Հայկական բանակի օրն է: Հավանաբար, տոնական օրվա առթիվ այսօր տարբեր միջոցառումներ կանցկացվեն, մեր բանակի հզորության վերաբերյալ գեղեցիկ ու պաթետիկ ելույթներ կլինեն, ռեպորտաժներ կլինեն՝ Զինված ուժերի, հզոր զենք-զինատեսակների մասին:

Ավելի քիչ է հավանական, որ կհիշեն բանակի հիմնադիրներին, թե ինչ անհավանական ծանր պայմաններում է ձևավորվել բանակը, դիվանագիտական և քաղաքական ինչպիսի աշխատանք է տարվել այդ ուղղությամբ:
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը դեռ ղարաբաղյան շարժման ընթացքում եկան այն համոզման, որ արցախահայության իրավունքների պաշտպանության միակ ճանապարհը անկախ պետականություն ունենալն է: Խորհրդային իշխանությունների մամլիչ ճնշման ներքո, բազմաթիվ հարվածներ ստանալով, Տեր-Պետրոսյանի թիմը 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով հիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը:

Արցախում արդեն սկսվել էին ռազմական բախումները: Խորհրդային բանակի օգնությամբ Ադրբեջանը հայաթափել էր Գետաշենն ու Մարտունաշենը, Արցախի բոլոր շրջաններում ադրբեջանական ջոկատները հարվածներ էին հասցնում խաղաղ բնակչությանը: Թեպետ Հայաստանում և Արցախում սկսվել էր կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը, սակայն Տեր-Պետրոսյանը հասկանում էր. սպասվում է երկարատև, դաժան և մեծ ռեսուրսներ պահանջող պատերազմ, որի համար միայն կամավորական ջոկատները բավարար չէին և ռազմական տեսանկյունից նվազ արդյունավետ: Հետագա իրադարձությունները, հատկապես՝ 1992թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումը, դրա վառ ապացույցն էին:

Հայաստանի և Արցախի պետականության պահպանման գլխավոր գրավականը կանոնավոր բանակն էր, որի ձևավորման ուղղությամբ էլ սկսվեցին տարվել աշխատանքներ: Այսօր շատ քչերը գիտեն, կամ լռության են մատնում, թե 1990-91 թվականներին հայկական քանի տասնյակ պատվիրակություն է մեկնել Մոսկվա, ինչպիսի երկարատև ու բարդ բանակցություններ են եղել Կրեմլի հետ, որպեսզի վերջինս նախ չխոչընդոտի բանակ ստեղծելու գործընթացին, այնուհետև նաև օժանդակի:

Եվ ահա 1992 թվականի հունվարի 28-ի այս պատմական օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» մասին, իսկ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։

Դրանից հետո ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանի եռանդուն քայլերի շնորհիվ բանակաշինության գործընթացը դրվեց ամուր ռելսերի վրա: Դրան մեծապես նպաստեցին Առաջին նախագահի և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի միջև հաստատված ջերմ, գործընկերային հարաբերությունները, որի արդյունքում մի շարք էական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին. Ռուսաստանից Հայաստան հրավիրվեցին հայազգի բարձրաստիճան զինվորականներ՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 1200 հոգի, որոնք էլ կազմեցին ԶՈւ հրամանատարական կազմի կորիզը (nրոնց թվում էին գեներալներ Գ. Ղալիբալթայանը, Ա. Հարությունյանը, Ն. Տեր-Գրիգորյանցը, Ք. Իվանյանը, Յու. Խաչատուրովը, Ա. Տեր-Թադևոսյանը և շատ ուրիշներ)։ Մեկ այլ պայմանավորվածությամբ Հայաստանի Զինված ուժերը ստացան Հայաստանի տարածքում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ամբողջ ռազմամթերքը: Սա դեռ բանակի հիմնադրման առաջին տարվա մասին է խոսքը, թե որքան ռազմամթերք ու այլ տեսակի օգնություն է ստացել Հայաստանը հետագայում, դա ընդհանրապես զարմանալի է: Ու այդ ռազմամթերքի դիմաց Հայաստանը ոչ իր օբյեկտներն են հանձնում, ոչ պարտքի տակ էր ընկնում, դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից տարվող բացառապես քաղաքական և դիվանագիտական աշխատանքի արգասիքը:

Բանակի ստեղծման մասին որոշումներից հետո նորաստեղծ պաշտպանության նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Այնուհետև հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները:

Սակայն ռուսական բանակից փորձառու և պատրաստի սպաներ հրավիրելու գործընթացին զուգահեռ, Առաջին նախագահը նաև նախաձեռնեց բանակը տեղական կադրային սպաներով համալրելու համար անհրաժեշտ քայլերը: Ստեղծվեցին ռազմաավիացիոն, թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն` Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը, Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Եվ այսօր մեր բանակի սպայական կազմը համալրվում է բացառապես Հայաստանի կադրերով:

 Իսկ արդեն 1992թ.-ի մայիսին անցկացվեց անկախ Հայաստանի պատմության առաջին զորակոչը՝ հանրապետության ողջ տարածքում, ինչը բանակը համալրեց ժամկետային զինծառայողներով: Եվ հենց այս զինծառայողների ուսերին պետք է դրվեին արցախյան պատերազմի ամենափայլուն հաղթանակները, Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծում, Ադրբեջանին զինադադար պարտադրելը: 

Սա է հայկական բանակի հիմնադրման պատմությունը, որը կերտել է ՀՀ Առաջին նախագահ, բանակի առաջին Գերագույն և գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը: Պատմություն, որը լի է բազմաթիվ փառահեղ էջերով, պատմություն, որի բազմաթիվ էջեր դեռ պետք է ընթերցվեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ