...

Լավ չի, չէ՞, Ռոբերտ Քոչարյան

Լավ չի, չէ՞, Ռոբերտ Քոչարյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի:

Այս առթիվ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով:

Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում»:

Մենք այս առթիվ մի պատմություն ենք ցանկանում ներկայացնել: Մի հատ գյուղում ադաթ է լինում, որ երբ մարդը մեծանում, տարիքն առնում է, որդին իրեն շալակում է, տանում է գյուղից մի քիչ հեռու գտնվող ձորն է գցում:

Գալիս է մի ծերունու ժամանակը: Որդին նրան շալակում, ճամփա է ընկնում: Ճանապարհին հոգնում է, հորն իջեցնում է շալակից, նստում են, հանգստանան: Ծերունին հոգոց է հանում: «Էդ ինչի՞ ես հոգոց հանում, այ հեր»,- հարցնում է որդին: «Է, բալա ջան, հիշեցի, որ վախտին էս ճամփով պապուդ էի շալակած տանում ձորը»:

«Ո՞նց,- զարմանում է որդին,- որ մեծանամ, իմ տղեն էլ ի՞նձ է տանելու, գցի ձորը»:

«Բա ինչ, բալա ջան, գյուղի ադաթն է»:

Որդին ձայն չի հանում, հորը շալակում, վերադառնում է տուն:

Բա, Ռոբերտ Քոչարյան, լավ չի, չէ՞: Տարիներ շարունակ, որպես իշխանություն, դու էիր ընդդիմությանը տանում, ձորը գցում, հիմա էլ եկել է նոր իշխանություն, քեզ ու քո թիմակիցներին է ձորը գցում: Հա, հետո կգան այլ ուժեր, այս իշխանություններին կտանեն ձորը կգցեն, բայց դժվար դա ձեր ցավին դարման լինի: Սա հին, հայկական ադաթ է, որի հիմքերը դու գցեցիր: Մինչև կհայտնվի մեկը, որն այն պատմության զավակի պես կհրաժարվի այս ադաթից:

Ընդ որում՝ Արմեն Չարչյանի կալանավորման հետ կապված դատապարտող այս հայտարարության տեքստը, եթե «գուգլում» լավ ման գաք, քոփի-փաստ է արված 2000-ականների ընդդիմադիր ուժերի՝ ՀԱԿ-ի, «Հանրապետության», ՀԺԿ-ի հայտարարություններից: Ասենք՝ վերցրել են Սմբատ Այվազյանի կամ Մյասնիկ Մալխասյանի մասին հայտարարությունը, նրանց անվան փոխարեն գրել Արմեն Չարչյան ու տարածում են: Տարածեք, տարածեք: 

Դրա համար Ռոբերտ Քոչարյանին մի հատ աստվածաշնչյան խորհուրդ հիշեցնենք. մի վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ քո հետ վարվեն: Ու այս նույն խորհուրդն այսօրվա իշխանություններն էլ թող ականջին օղ անեն: Հետո չասեն՝ չենք զգուշացրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ