Պետական ու ոչ պետական բուհերում առկա 15 հազար թափուր տեղերը համալրելու համար երկրորդ փուլում կմրցեն ընդամենը 1.389 դիմորդներ: Բուհերում առաջին փուլի արդյունքներով հատկացված տեղերի կեսն անգամ չի համալրվել: Անգամ թափուր տեղերի համար մրցույթից հետո, այնուամենայնիվ, պատկերը էապես չի փոխվի. բուհերի թափուր տեղերը մեծ հաշվով չեն համալրվի․ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը: Հրապարակման մեջ ներկայացված է խայտառակ պատկերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Կարելի է ասել՝ բոլոր մասնագիտությունների ու բոլոր բուհերի մասով իրավիճակը մոտ է ողբերգականին։
Ընդունելության քննությունները իրենց կարևորությամբ և հանրային հնչեղությամբ տասնամյակներ շարունակ եղել են երկրորդ կարևոր իրադարձությունը ընտրություններից հետո։ Կոռուպցիոն սկանդալներ, վատ թեստեր, անարդարություններ, մրցույթների վատ կազմակերպում և այլն․․․ամեն բան տեսել ենք ու ամեն բան անցել է դիմորդների գլխով։ Բայց երբեք թափուր տեղերի այսօրինակ քանակ չենք ունեցել։ Թե՛ անվճար, թե՛ վճարովի տեղերի համար պայքարն այնքան սուր է եղել, որ ուղեկցվել է բողոքի ակցիաներով, ծնողների՝ նախարարների նստավայրը պաշարելով և այլն։ Իսկ հիմա անգամ անվճար համակարգում մեծ թվով թափուր տեղեր են առաջացել։
Ի՞նչն է փոխվել հասարակության մոտեցումներում։ Պատճառը միայն դեմոգրաֆիակա՞ն է։ Դժվար է ասել, քանի որ այս ոլորտում վերլուծություն իրականացված չէ, եթե իրականացված էլ է, ապա այն հրապարակված չէ։ Իսկ գուցե հայ ծնողի առաջնահերթությո՞ւնն է փոխվել՝
- էլ չունենք դիպլոմ օժիտ տալու,
- ամեն ինչ անենք, որ մեր երեխայի կրթությունը շարունակվի արտերկրում։
Ի դեպ, Կալիֆորնիայի բազմաթիվ կազմակերպություններ ամեն տարի դրամաշնորհային կրթական ծրագրեր են իրականացնում բացառապես հայ դպրոցականների համար։ Մեր տեղեկություններով այս տարի այդ ծրագրերից շատերը այնքան մեծ թվով հայտատու են ունեցել Հայաստանից, որ հայտերի ընդունման ավարտից շատ օրեր առաջ հաղորդագրություն են տարածել, որ հայտերի աննախադեպ քանակի պատճառով իրենք փոխում են դիմումի ընդունման վերջնաժամկետը։ Ընդհուպ՝ հունիսի 15-ի փոխարեն ծրագիրը փակել են հունիսի 7-ին։
Սա, ինչ խոսք, փոքրիկ դետալ է այս պատմության մեջ։ Հույս, որ խնդիրը ոչ թե դեմոգրաֆիան է, այլ որակյալ կրթություն ստանալու մղումը։ Հենց այստեղ է, որ վերադառնում ենք սկզբին։
Իմ ու էլի շատերի համար 2018թ. հեղափոխության միակ սպասելիքը առնչվում էր կրթական ռեֆորմին։ Չունեցանք այդ ռեֆորմը, անգամ դրա մասին չխոսվեց։ Հեղափոխությունից հետո առաջին լուրջ հարվածը ստացավ կրթական համակարգը։ Հարվածը նորընծա նախարարն էր, նրա հավաքած կադրերն ու համակարգի հնաբնակների սաբոտաժը։ Ըստ էության, արհեստական շնչառությանը միացված մեր կրթական համակարգը արձանագրեց իր կլինիկական մահը։ Աննկատ կազմակերպվեց համակարգի թաղումը, որովհետև երկրում պատերազմ էր։ Պատերազմից հետո երկրի անվանումը մնաց, իսկ բովանդակությունը․․․։ Մենք դեռ փնտրում ենք այդ բովանդակությունը՝ չկարևորելով այն «փոքրիկ դետալը», որ այս կրթական համակարգի ոչնչացման հետևանք է։
Հ․Գ․ Օրերս մի վերլուծության համար ուսումնասիրում էի 2019-2020թթ․ հատկացումները կրթությանը՝ ըստ երկրների։ Անկեղծ ասած, սանդղակում երկրների անուններ հայտնաբերեցի, որոնց մասին չէի էլ լսել՝ քարտեզ վերցրի ու կարճ նկարագրություններ կարդացի, թե այդ երկրները ինչ են ներկայացնում իրենցից։ Թուրքիան առաջին եռյակում էր՝ ԱՄՆ-ից ու Կանադայից հետո։ Ադրբեջանը համարյա հավասարվել էր Ռուսաստանին և Իսրայելին։ Այս երկրներից հետ չէր մնում Իրանը։ Վրաստանն ավելի շատ մոտ էր մերձբալթյան երկրների ցուցանիշներին։ Հայաստանը չկար։ Մտածեցի, որ Հայաստանն այս պահին ջնջված է քաղաքական քարտեզից, գուցե դրա համար չեն ներառել։ Վերլուծության հրապարակման թվականներին նայեցի՝ 2019-2020թթ։ Ու հասկացա, որ մեր մեկուսացումը շատ ավելի շուտ է սկսվել, իսկ պատերազմով դրվել է վերջակետը։
Գոհար Վեզիրյան