...

Մականո՞ւնն ինչի եք նշել

Մականո՞ւնն ինչի եք նշել

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է. ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է»:

Այս գործի իրավական մանրամասների մեջ չենք խորանում, մանավանդ որ Արթուր Այվազյանին վերագրվող մեղքերին ծանոթ չենք:

Բայց մեր ուշադրությունը գրավեց այն, որ ՔԿ-ի հաղորդագրության մեջ նշված է հանցագործության մեջ մեղադրվող անձի անուն-ազգանունը և նույնիսկ մականունը: Ինչ-որ չենք հիշում նախկինում նման բան: Որպես կանոն, քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններում նշվում են մարդու անվան միայն սկզբնատառերը: Տվյալ դեպքում պետք է լիներ՝ Ա. Ա.: 

Իսկ այստեղ մականունն էլ հետն են նշել: Մտածեցինք, երևի կարգը փոխվել է, նոր օրենք է ընդունվել, ուստի Քննչական կոմիտեի կայքում ստուգեցինք այս հաղորդագրությունից առաջ տեղադրված հաղորդագրությունները:

Օրինակ. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ...:

Վերոնշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը»:

Եվ այդպես շարունակ: Որը ստուգում ենք, հանցագործության մեջ մեղադրվող անձանց անունները նշված չեն, նույնիսկ՝ անվան սկզբնատառերը: Հիմա սա ո՞նց հասկանանք: Մենք միայն կարող ենք ենթադրել, որ ՔԿ-ն հատուկ է նշել այդ Արթուր Այվազյանի անունը՝ մականունով, բանով, որպեսզի իշխանություններին ցույց տա, թե տեսեք՝ ում ենք բռնել, գործ ենք անում, պարապ նստած չենք: Ուրիշ բացատրություն չունենք: Թող ՔԿ-ն ինքը պարզաբանի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ