...

Դեպք, որի մասին չեն խոսում

Դեպք, որի մասին չեն խոսում

Պատերազմական գործողություններին մասնակից Արթուր Այվազյանը, որը հանրությանն ավելի հայտնի է Մանախ մականունով, հայտարարել է, որ Հադրութը հանձնելու վերաբերյալ պետք է առանձին քրեական գործ քննվի, որից հետո հնարավոր կլինի արդեն անուն առ անուն խոսել դավաճանների մասին, ինչպես նաև պարզ կդառնա, թե ինչպես, ինչու, ում հրամանով Հադրութը հանձնվեց։

Արթուր Այվազյանի խոսքերով՝ Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն, նա անգամ անուններ հրապարակեց. «Ես կարող եմ անուններ տալ՝ Դավիթ Մանուկյան, Արթուր Աղաբեկյան, թող քրեական գործ հարուցվի, էլի անուններ կտամ»:

«ՉԻ». Սա բավական աղմկահարույց հայտարարություն է: Գուցե իրավապահ մարմինները քննություն իրականացնեն և փորձեն պարզել Արթուր Այվազյանի պնդումների իսկությունը:
Մենք ինքներս զերծ ենք մնում գնահատականներ տալուց: Չենք կարող ասել, ճիշտ է ասում Մանախը, թե՝ ոչ:

Բայց, փոխարենը կարող ենք ներկայացնել, թե ինչ է պատմել մեր գործընկերներից մեկը, որ պատերազմի օրերին զորակոչվել էր Արցախ: Վերջինս Հադրութի դեպքերից հետո Մարտունիում է եղել և մեզ պատմել է, որ մի խումբ ազատամարտիկներ հենց Մարտունիում հարձակվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի վրա և նրան ծեծի ենթարկել, որից հետո դեպքի վայր են շտապ ժամանել հատուկ ջոկատայիններ, Դավիթ Մանուկյանին վերցրել և տարել Ստեփանակերտ: 

Այս դրվագի մասին ոչ ոք և ոչ մի տեղ չի հիշատակել: Բայց բացառված չէ, որ այս միջադեպը անմիջական կապ ունի Հադրութի անկման հետ: Թեպետ Դավիթ Մանուկյանը, որքանով տեղյակ ենք, Արցախում բավական հարգված և հմուտ հրամանատարի համբավ ունի: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ