...

Մաթևոսյանական օր՝ Կոմիտասի անվան պանթեոնում

Մաթևոսյանական օր՝ Կոմիտասի անվան պանթեոնում

Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր: Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում: 

Հրանտ Մաթևոսյան

Այսօր հայ գրականության հսկաներից մեկի՝ տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Կոմիտասի անվան պանթեոնում կրկին մաթևոսյանական շունչն էր՝ շաղախված մեծ գրողի մեծագույն սիրով ու մարդասիրությամբ: Այստեղ էին մեծ գրողի ընտանիքի անդամները, հարազատներ, արվեստագետներ ու նրա արձակի երկրպագուներ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Հրանտ Մաթևոսյանի հուշարձանին, պատմեցին հուշեր Մաթևոսյան մարդու և արձակագրի մասին: 

Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը, նշեց.

«Մեր մեծերը մեր պետականությունը իրենց ուսերին խաչի պես են բերել և դա արել են իրենց չարչարանքի ու բազմաթիվ զոհողությունների հաշվին և ուրեմն՝ նաև նրանցով պետք է այսօր զրոյից ստեղծել պետական, ազգային, մշակութային գաղափարախոսություն: Մշակույթն է միակ հիմքը, որ որևէ ազգի պետականությունը տարազատում է, դարձնում է ինքնուրույն, սուվերեն և ազգերի հետ հավասարապես, հավասարաչափ ձևով խոսող միավոր:

Ու մինչ օրս հենց իրական ազգայինն է, որ կարող է համաշխարհային դառնալ ու ճանաչվել, որովհետև միայն իրապես ապրված խոհերով ստեղծված գրականությունը, ձևակերպված խոսքը կարող են դառնալ միջազգային: Ազգային ասելով՝ մենք այլ բան ենք հասկանում. մենք ենթագիտակցաբար հասկանում ենք մի փոքր գավառամիտ, մի փոքր չկայացած, մի փոքր տեղայնացված, իբր քո սեփական հոգսերից ու քեզանից խոսող, բայց իրականում ոչինչ էլ չասող գրականությունը, կինոն, երաժշտությունը, մինչդեռ ազգայինը խորապես միջազգային է և միջազգայինը՝ ազգային…»:

Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ գրողի որդին նշեց. «Հրանտ Մաթևոսյանի խոսքն այսօր էլ արդիական է. «Հայրենի՞քը… Հայրենիքը դո՛ւ ես, իմ ապրած ժամանակի մեջ: Կա՞ այդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումն ու տիրական համբերությունը։ Լո՞ւռ է, լռո՞ւմ է, չկա՞ քո երգը քո ժամանակի մեջ` չկաս դու, չես եղել, չի եղել իմ ժամանակը: Այդպիսի ժամանակ առհասարակ չի եղել: Պատմությունը մկրատը գցել-կտրել, նետել է քո ժամանակը քեզ հետ, ծայրը ծայրին բերելով` կցմցել ուրիշներին, ուրիշ ժամանակներին…

…Ես` զինվորս, կանգնելու եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ և ասում եմ. «Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակի, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը: Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։ Ամեն, ամեն ինչի վերջն է։ Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի և այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի և երեխայիս զնգուն օրվա։ Սկիզբն է ամեն, ամեն ինչի…»»:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի կարծիքով՝ եթե մենք մայիս ամիսը ավանդաբար համարում ենք հաղթանակների ամիս, բոլոր հիմքերը կան, որպեսզի փետրվարը կոչենք մեր ազգի, մեր տեսակի համար մեծամեծ հաղթանակներ ապահոված երևելի հայորդիների ծննդյան ամիս: «Մեր երևելի մեծերից երեքը այս ամսվա ծնունդ են: Մենք այսօր՝ փետրվարի 12-ին, նշում ենք մեր նշանավոր Հրանտ Մաթևոսյանի ծնունդը, փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի և փետրվարի 25-ին՝ զորավար Անդրանիկի ծննդյան տոները: Մեկը մեկից երևելի և մեզ համար նվիրական անուններ, և այս տարեդարձները, նրանց առաջացրած արձագանքները և այլ դրսևորումները միջոցառումների տեսքով թույլ չեն տալու շարունակենք ջլատված մնալ, մանավանդ որ վերջին ամիսներին մեր բոլորիս մտահոգությունը նույնն է՝ ի՞նչ կատարվեց մեզ հետ, ինչո՞ւ կատարվեց, էդ ամենը մեր տեսակի կենսականության գոյաբանության բոլոր-բոլոր հարցերը անասելի խորությամբ քննված են Հրանտ Մաթևոսյանի և տարբեր ստեղծագործություններում ու մանավանդ 88-ից հետո արցախյան շարժման այդ օրերին և հետագայում նրա տված հարցազրույցներում, հրապարակային հոդվածներում: Այնպես որ, այսօր շատ ասելիք ունի Հրանտ Մաթևոսյանը, և մենք պարզապես պարտավոր ենք ապավինելու նրան, նրա մտքերին:

Հրանտ Մաթևոսյանը իր ժամանակի մեջ քաջ գիտակցում էր, թե ինչպիսի ժամանակաշրջան ենք մենք թևակոխել, համազգային շարժման և արցախյան գոյամարտի տարիներին, երբ մեր ժողովուրդը դարձյալ կանգնել էր լինել-չլինելու խնդրի առաջ: Հրանտ Մաթևոսյանը լինելով իր ազգի պատմական ընթացքի խորությամբ կրողը, իր երակներում, իր տեսակի մեջ, շատ լավ գիտակցում էր՝ ինչ հանգրվանում ենք մենք հայտնվել և նրա խրատներն ու իմաստուն խորհուրդները մեկ անգամ չէ, որ մեզ ճիշտ ճանապարհ են ցույց տվել, մեկ անգամ չէ, որ մեզ լրացուցիչ կենսունակություն են հաղորդել»:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանը, որն ամիսներ առաջ բեմադրել է Մաթևոսյանի «Գոմեշը» մոնոներկայացումը, հպարտությամբ նշեց.
«Ինձ բախտ է վիճակվել խաղալ Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» և ինչու եմ ասում՝ բախտ է վիճակվել, որովհետև ուրիշ բան է, երբ ընթերցում ես ու հասկանում ես ստեղծագործության հզորությունը, բոլորովին այլ զգացողություն է, երբ սկսում ես անգիր սովորել, երբ սկսում ես քոնը դարձնել, քո մեջ տանելով՝ հանկարծ հզորանում ես իր հետ: Որովհետև, իհարկե, երբ տեքստը հանճարեղ է, անկախ քեզանից դու էլ ես մեծանում: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր միտքը, յուրաքանչյուր նախադասությունը՝ «Սարի գլխին մի կտոր սառույց կա, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում է մի փոքրիկ ամպ», ինքնին մաթևոսյանական ամեն մի բառը, դրան հաջորդող բառերը, որ լայնացնում են նախադասությունը, մեծացնում, բեմում հասցնում համաշխարհային մասշտաբի, այդ հզորությունը զգալը ուղղակի երջանկություն է և գուցե նաև երջանկություն էր, որ խաղում էի բացօթյա, հենց հողի հետ, հենց ջրի մեջ: Տակառի ջուրը, ոտքիս տակ հողը, որ աջուձախ էր թռչում, ծառերը, քամին, այդ ամեն ինչը, մեծագույն երջանկություն էր հպվել Հանճարին: Մինչ ներկայացումը շատ անհանգիստ էի, ունեի մտավախություն, քանի որ ներկա էին լինելու Հրանտ Մաթևոսյանի ընտանիքը, կինը, որդին: Ես գիտակցում էի, որ կատարում էի բացառիկ մեծության հեղինակի գործերից, և դա մեծ պատասխանատվություն էր ինձ համար: Իմ ամենամեծ քննությունը ներկայացման հենց առաջին օրն էր: Իրենք իրենց շատ մեծ ջերմությունը փոխանցեցին: Մենք Դավիթ Մաթևոսյանի հետ հույս ունենք Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանում ստեղծել Հրանտ Մաթևոսյանի թատրոն, որտեղ ես խաղամ «Գոմեշը», Աշոտ Ադամյանը կխաղա «Մեծամորը»»:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ