Ինչպես և սպասելի էր, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը քաղաքական ու հասարակական շրջանակների լայն արձագանքին է արժանացել։ Հոդվածում արտահայտված մտքերը, դրույթները, մեկնաբանողական դատողությունները արձագանքողների կողմից ենթարկվում են մանրակրկիտ «վերլուծության»՝ ամենատարբեր դիրքերից ու մեկնակետերից։ Կան և՛ օբյեկտիվ, և՛ խիստ սուբյեկտիվ, և՛ անչափ ֆանտաստիկ, և՛ ցնդաբանության մոտեցող արձագանք-«վերլուծություններ»։
Հոդվածից առավել լայն արձագանքի է արժանացել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու մասին հատվածը, ինչը հատկապես ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, որոնցում մեծ տեղ են գրավում հենց ցնդաբանական ժանրի արձագանքները։
Զորօրինակ, ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը գրել է, թե առաջին նախագահն այդ առաջարկով փորձում է փրկել իր համախոհ Անդրանիկ Քոչարյանին։ Ուզում է ասել, իբր, եթե Սերժ Սարգսյանն այցելի հանձնաժողով ու պատասխանի հանձնաժողովականների հարցերին, ապա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շատ վատ վիճակում կհայտնվի, և ահա նրան այդ վիճակում հայտնվելուց ապահովագրելու ու «փրկելու» համար, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել հանձնաժողովի գործունեությունը։
Ցնդաբանության ահա այսպիսի դասական ու կենդանի օրինակ, որն ապացուցվում է փաստերով։
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի դեմ, առաջիններից մեկը հանդես է եկել հենց Անդրանիկ Քոչարյանը, ընդ որում՝ բավական կոշտ ձևակերպումներով։
Ինչպես տեսնում ենք, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին ամենասուր ընդդիմացողը հենց Անդրանիկ Քոչարյանն է, որին ՀՀԿ-ական «վառ» երևակայությունը վերապահել է իբր առաջին նախագահի առաջարկությամբ «փրկվողի» դեր։
Համլետ Կիրակոսյան