...

Մենք էլ հարցեր ունենք «Իմ քայլին»

Մենք էլ հարցեր ունենք «Իմ քայլին»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է «Իմ քայլը» վերաբերվում ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, որին մի անգամ մերժել է խորհրդարանը, ասել է. «Մենք անկեղծ ասած չգիտենք՝ ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն ու քվեարկությունը: Այնուամենայնիվ, մենք կլսենք թեկնածուին, և ըստ այդմ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կարտահայտենք»:

«ՉԻ». Թե չէ ՍԴ մնացած թեկնածուների հարցում ամեն ինչ պարզ էր, Արթուր Վաղարշյանն էր խնդիրը: Անկեղծ ասած, հանրությունն այդպես էլ չգիտի, թե ինչով էին պայմանավորված Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանի կամ ժամանակին խռոված, հետ եկած Էդգար Շաթիրյանի թեկնածությունները: Դե, Վահրամ Ավետիսյանի մասով ընդհանրապես լռում ենք:

Այնպես որ, մինչև Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուի առթիվ տարակուսանք հայտնելը, մի հատ մեր տարակուսանքին անդրադարձեք, տեսնենք՝ դուք ինչ չափանիշներով եք ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրում: 

«Իմ քայլի» պատգամավորներին, և ընդհանրապես՝ իշխանություններին մի հարց ենք ցանկանում տալ. դուք նկատե՞լ եք, որ ձեր առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ ընդդիմությունը, նախկին իշխանությունները առանձնապես դժգոհություն չեն հայտնում, հիստերիայի մեջ չեն ընկնում, ինչպես՝ Վահե Գրիգորյանի դեպքում է: Ձեզ չի հետաքրքրո՞ւմ այդ հարցը, թե ինչու է այդպես: Միգուցե պատճառն այն է, որ միայն Վահե Գրիգորյանն է, որը բացի իրավաբանի բարձր որակումից, նաև համոզմունքներ և սկզբունքներ ունի, նախկինում բազմիցս արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը երկրում առկա դատաիրավական, սահմանադրական խնդիրների և ճգնաժամերի վերաբերյալ: Դրա համար էլ նախկինների աչքի փուշն է: Իսկ մնացածների հետ կարելի է միշտ լեզու գտնել:

Իսկ ձեր առաջադրած մնացած թեկնածուների մասին տեղյակ չենք, թե նախկինում ինչով են աչքի ընկել, ինչ են արել՝ պետության դատաիրավական համակարգը բարելավելու համար: Մինչդեռ դա կարևորագույն չափանիշն է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ