ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու որոշումը միայն մեկ նպատակ ունի՝ պայքարել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սա վրեժխնդիր լինելու նրա ամենավերջին հնարավորությունն է։ Բաց չի թողնելու։ Ազգային-պետական շահի բացարձակ բացակայություն։
Տեսական ճիշտ կամ սխալ դատողություններ՝ իբր նաև Փաշինյանի դեմ։ Բայց սարսափով, որ եթե Քոչարյանի հաղթանակի դեպքում պետությունը կարողանա մեջքը շտկել, 23 տարեկան իր վրեժխնդրությունը /ու թերևս կյանքը/ անիմաստ կդառնա»:
«ՉԻ». Մեկ-մեկ մտածում ես՝ իսկ ընդհանրապես արժե՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսի, որ հետո մկան պես ամեն ծակուծուկից դուրս գան, սկսեն ծվծվալ: Հենց ծվծվալ: Հատկապես Աղվան Վարդանյանի դեպքում դա այդպես է: Սրա ասածների մեջ տրամաբանություն գտնելն անիմաստ է, քանի որ հոգեխանգարմունքի մեջ է ընկած:
Ոնց որ թե Տեր-Պետրոսյանն էր առաջարկել երեք նախկին ղեկավարներով միավորվել՝ հանուն ազգային-պետական շահի՝ մի կողմ դնելով բոլոր սուր տարաձայնությունները: Ու ոնց որ թե հենց Քոչարյանն էր այդ առաջարկը մերժել՝ կուրացած վրեժխնդրության, գավառական քինախնդրության մոլուցքից: Հիմա ո՞ւմ մոտ է ազգային-պետական շահի բացարձակ բացակայությունը: Այսինքն՝ դուք՝ ուր, ազգային-պետական շահը՝ ուր: Ձերը ազգային-սեփական շահն է:
Քոչարյանը 10 տարի երկրի ղեկավար է եղել: Ինչ-որ չենք հիշում, որ Հայաստանի մեջքը նրա օրոք շտկվեր: Իհարկե, անձամբ Քոչարյանի մեջքը շտկվել էր, բայց Քոչարյանը դեռ Հայաստան չէ:
Հ.Գ. Ընդհանրապես, քաղաքական որբերի համար պետք է համապատասխան մանկատուն բացել: Թե չէ, մեղք է Աղվան Վարդանյանը: Մի օր ՀՀՇ-ում է, մի օր՝ ՀՅԴ-ում, այնտեղից թռնում է, հետո՝ ուրիշ տեղ, պահ է լինում՝ Սերժ Սարգսյանի առջև է կռանում, հետո՝ Քոչարյանի մոտ: Մարդը այդպես էլ չի գտնում իր տեղը: Բայց չէ, սա որ մանկատուն ընկավ, այդ մանկատան վերջը կգա: