...

Մինչև հիմա Տեր-Պետրոսյանի «բագաժից» են օգտվում

Մինչև հիմա Տեր-Պետրոսյանի «բագաժից» են օգտվում

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության գործընթացում առկա զարգացումներին ասել է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունից գնացել է՝ ունենալով համաձայնություն փուլային տարբերակին: Արդյո՞ք հետևից եկող իշխանությանը հեշտ էր գլխիվայր շուռ տալ բանակցային գործընթացը և լիովին այն դարձնել հայկական պետությունների շահերից բխող, իհարկե՝ ոչ: Տարիներ, տասնամյակներ տևած դիվանագիտական այդ ողջ աշխատանքը բերել է նրան, որ եկել հասել ես մի կետի, որտեղ միջազգային հանրության համար ընկալելի է եղել ինքնորոշման իրավունքի հարգման հարցը»:

«ՉԻ». Խորհրդային տարիներին «Ոզնի» երգիծական շաբաթաթերթում մի ծաղրանկար կար, որտեղ լույսի տեսուչը ստուգելով քաղաքացու հաշվիչի տվյալները, ասում է. «Էս ձեր հաշվիչով ստացվում է, որ պետությո՞ւնն է ձեզ պարտք»:

Ժողովուրդ ջան, կարո՞ղ է մենք այլ մոլորակում ենք բնակվում, իսկ նախկին իշխանությունները՝ այլ: Սրանց ասելով, դեռ մի բան էլ մենք պետք է ներողություն խնդրենք, որ չենք գնահատում այն տիեզերական ձեռբերումները, որոնք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ունեցել են ղարաբաղյան բանակցային գործընթացում:

Այո, պարզվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի օրոք Արցախը Բուդապեշտի գագաթնաժողովում ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, վարի է տվել բանակցային գործընթացը, իսկ ահա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, 20 տարի շարունակ, քարը քարի վրա դնելով, բազմաթիվ արգելքներ հաղթահարելով՝ մեծագույն նվաճումների են հասել այս գործում:

Մեծագույն նվաճումներն էլ այն էին, որ Քոչարյանը եկավ ու ասաց՝ Արցախը ես եմ ու վերջ: Հաջորդ նվաճումը Մեղրիի տարբերակն էր, որին Քոչարյանը նույնպես համաձայնություն է տվել, համաձայնվել էր նաև «Ընդհանուր պետությանը»: Ըստ հանրապետականների ու քոչարյանականների՝ Մեղրիի միջանցքը Արցախի հետ փոխանակելը ֆանտաստիկ քայլ էր: Հպարտանում են: 

Սերժ Սարգսյանի օրոք էլ այնքան հզոր միջազգային հեղինակություն ունեինք, որ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, Նազարբաևի հայտնի խոսքերը, և ԵԽԽՎ-ում հակահայկական մի քանի բանաձևերը: Ախր դուք ուր, բանակցային գործընթացն՝ ուր, Լևոն Տեր-Պետրոսյանն՝ ուր:

Ամենահետաքրքիրն այն է, որ բանակցային գործընթացում Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ առ այսօր հենվում են Տեր-Պետրոսյանի իշխանավարության տարիներին ձեռք բերված դիվանագիտական հաջողությունների վրա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1951 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ