Օրերս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանում տեղի են ունենում նախադեպը չունեցող ռեպրեսիաներ։ Այլակարծության ճնշման, մարդու իրավունքների խախտումների այսպիսի մասշտաբ երբևէ չի եղել»:
Երևի գիտեք, որ Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյք օգտատիրոջ հետ կապված վերջին օրերին ինչ է տեղի ունենում: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, որի շրջանակներում ձերբակալել էր Արա Սաղաթելյանին, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին ու էլի մի երկու հոգու, որոնց մենք չենք ճանաչում: Խառը պատմություն է, այս անձանց մեղադրում են այդ օգտատիրոջ էջը ղեկավարելու մեջ, որ իրենք են իրական տերերը և այլն: Գլուխ հանելը բարդ է:
Ուրեմն, մտանք այդ Գագիկ Սողոմոնյան օգտատիրոջ էջ: Լավ կլիներ, չմտնեինք: Ծայրեծայր հայհոյանքներով, ամենավերջին ու լկտի վիրավորական արտահայտություններով հեղեղված ստատուսներ են այդ էջում: Իշխանությունների հասցեին: Նիկոլի, Աննայի, նրանց ընտանիքի վերաբերյալ: Ինչ քֆուր ասես, որ չկա այդ էջում: Քննադատություն, որպես այդպիսին, չկա: Միայն հայհոյանքներ, սպառնալիքներ... ահավոր է, մի խոսքով:
Նույնը՝ իշխանական ֆեյքերի դեպքում: Մի քանի հայտնի ֆեյք կա (հատկապես՝ Ռեգինա Պրազյան ֆեյքը), որոնք նույն ոճով, վիրավորանքներով, բամբասանքներով հեղեղել են համացանցը: Ֆեյքերի պատերազմ է, այսպես ասած, որտեղ կիրառվում են ամենազզվելի մեթոդները, ու այս մրցավազքում մեկը մյուսից ետ չի ընկնում: Այս ոլորտում իրար լավ գտել են:
Ինչու ենք հիմա սրա մասին նշում: Որովհետև այդ նողկալի գրառումները լայքողների և տարածողների շարքում մեծ թիվ են կազմում փաստաբանները: Սա է մեր փաստաբանական ոլորտի մակարդակը: Տարրական էթիկայից զուրկ մարդիկ, որոնք իրենք են աջուձախ ոտնահարում մարդկանց արժանապատվությունը, տարածում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների վերաբերյալ զազրելի բամբասանքներ, հայհոյանքներ: Ատելությունից կուրացած՝ լրիվ մոռացել են իրենց մասնագիտության էթիկական կանոնները:
Խոսքը չի վերաբերում քննադատությանը: Պարզապես այս փաստաբան կոչեցյալները ոչ մի սահման չեն ճանաչում: Ու այդքանից հետո հայտարարում են, թե մարդու իրավունքների խախտումների այսպիսի մասշտաբ երբևէ չի եղել: Այսինքն, քոչարյանական ժամանակաշրջանը սրանց համար ավելի բարվոք է եղել:
Հլը թող սրանցից մեկն ու մեկը փորձեր Քոչարյանի կամ նրա ընտանիքի վերաբերյալ երկու բառ գրեր այնպես, ինչպես՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքը: Կմտնեին նրանց տները ու նրանց ընտանիքի անդամների, երեխաների աչքի առջև կողերը կջարդեին: Առանց չափազանցության: Կտանեին քաղմաս, երիկամները հատ-հատ շարքից կհանեին: Թե որ քոչարյանական իշխանության բռնություններից հաշմանդամ չդառնային, մոմ պիտի վառեին: Տասնյակ հազարավոր հայաստանցիներ ոչ մի բանի համար ամեն տեսակ դաժանությունների են ենթարկվել: Ոչ մի բանի համար: Բա որ քաղաքական գործունեություն էին իրականացնում, ամբողջ գերդաստանի հետևից էին ընկնում:
Իսկ հիմա եկել, թե բա՝ այսպիսի ճնշումներ երբեք չեն եղել: Բացարձակ անպատկառությամբ: Քավ լիցի, մենք չենք արդարացնում իշխանությունների գործողությունները, հասկանալի է, որ ինքնապաշտպանական բնազդն է նրանց դրդում անկապ քայլեր ձեռնարկել ընդդիմության ներկայացուցիչների դեմ: Բայց համեմատելի չեն բանդիտիզմն ու ապուշությունը, ահաբեկչությունն ու տխմարությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ Քոչարյանի օրոք որևէ դատավոր չէր համարձակվի ընդդիմախոսի դեմ սարքած գործը չդակել: Տեղնուտեղը դատարանից դուրս կշպրտեին: Ընտանիքի անդամներին աշխատանքից կազատեին, որտեղ էլ աշխատեին: Մեր աչքի առջև է այդ ամենը եղել, մենք դրանով անցել ենք, հիմա էլ է ամեն ինչ մեր աչքի առջև տեղի ունենում, էս իշխանությունների արածն ի՞նչ է՝ տուն-տունիկ: Իսկ հիմա ում դեմ քրեական գործ են հարուցում, մեկ է՝ դատարանի դահլիճից ազատ են արձակում: Սա՞ է ձեր աննախադեպը:
Ասում ենք՝ ոչ մի փաստաբան երբեք իրեն թույլ չէր տա նախկին իշխանությունների հասցեին արտահայտվել այն բառապաշարով, որն այսօր օգտագործում են փաստաբաններից շատերը: Ու մենք չենք կարող հանդուրժել, որ մեր տառապանքները այսպես փորձեն նսեմացնել: Իրար ուտում եք, բարի ախորժակ, բայց համեմատությունները ձեզ պահեք: