...

Կիզակետում Վանեցյանն է և ոչ միայն

Կիզակետում Վանեցյանն է և ոչ միայն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ լրագրողների այն դիտարկմանը, որ փաստորեն ԱԺ ընտրություններին մասնակցելը սխալ էր, ասել է. «Ընտրություններին մասնակցելը սխալ էր, իհարկե, սխալ էր»։

Չմեռնենք, տեսնենք, մի օր մեկը ընդդիմությունից կանգնի ու ասի. ախպեր, Լևոնը ճիշտ էր, մենք՝ սխալ: Բայց քանի որ չեն ասում, ստիպված ուրիշ բան են ասում, ոնց որ՝ Արթուր Վանեցյանը:

Ընտրություններին մասնակցելը սխալ չէր, սխալը ընտրություններին մենակ մասնակցելն էր: Սա՛ պետք է Արթուր Վանեցյանն ասեր: Երբ Տեր-Պետրոսյանն առաջարկեց երեք նախկին ղեկավարներով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սկզբից Քոչարյանը դա մերժեց, հետո Առաջին նախագահը Սերժ Սարգսյանին առաջարկեց երկուսով գնալ ընտրություններին, դա էլ մերժվեց, մենակով գնացին, ստացան իրենց հասանելիք տոկոսները, տոկոսներ, որոնք ոչ մի նշանակություն ու ազդեցություն չունեն խորհրդարանում, երկրի վիճակը մնաց նույնը, դեռ մի բան էլ ավելի վատացավ, ընդդիմությունը ի վիճակ չի որևէ բան անել, ու հիմա Արթուր Վանեցյանն ասում է, թե սխալ էր մասնակցելը: 

Հա, որ իմանայիք՝ էս օրն ենք ընկնելու, չէիք մասնակցի, բայց կար, չէ՞, էս օրը չընկնելու հնարավորություն, որից հրաժարվել եք: Դե, դա էլ ասեք:

Քանի որ խոսք գնաց Վանեցյանից, ձեռքի հետ մյուս թեմայի մասին խոսենք: Ուրեմն՝ առանց չափազանցնելու, երեկ ամբողջ օրը քրքրել ենք համացանցը, որ գտնենք, թե Վանեցյանը որտե՞ղ է ասել, թե ոտքը գետնին խփի, 200 հազար մարդ ոտքի կկանգնի: Տեսնում ենք, որ բոլորը դա տարածում են, մեկնաբանում են, ծաղրում են, ամոթանք են տալիս, նույնիսկ՝ վերլուծական հոդվածներ հրապարակվեցին, ընդ որում՝ լուրջ լսարան ունեցող լրատվամիջոցներ, լուրջ դեմքեր համարվող քաղաքական գործիչներ և այլն: Չգտանք ո՛չ տեսանյութ, ո՛չ ուղիղ մեջբերում: Պարզապես, ասել է ու վերջ: Որտեղ ու երբ է ասել, չգտանք: 

Մենք չգտանք, դե, FIP.am-ի հնարավորությունները չունենք: FIP-ը բզբզել ու պարզել է, որ այդ լուրը ֆեյք է, որի սկզբնաղբյուրը armenianews.net անկապ կայքն է, որի դոմենը գրանցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով:

Լավ, ընդունենք, կառավարությունում ֆեյքերի ֆաբրիկա է գործում, պոակ-մոակ, քարոզչական պատերազմ է գնում, իրենք էլ են ֆեյքեր տարածում: Բա էդ լուրը տարածողների, հազարավոր մեկնաբանողների, լրատվամիջոցների, քաղաքական գործիչների մեջ չգտնվե՞ր մեկը, որը մինչև այդ լուրը տարածելը մի հատ նեղություն քաշեր, ստուգեր դրա իսկությունը: Որ FIP-ը դա չպարզեր, այդպես էլ մնալու էր՝ որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն: Ով Արթուր Վանեցյանից ցխվում է, չի ընդունում, հալած յուղի տեղ է ընդունում նրա մասին ֆեյք լուրը: Այսինքն՝ նույն բանն են անում, ինչ քոչարյանական-դաշնակցական շրջանակները, որոնք ամեն օր զառանցանքներ են շաղ տալիս իրենց լրատվամիջոցներում, սոցցանցերում: Ոչ մի տարբերություն: 

Հետո՞. կա՞յֆ է այդպես: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ