Առավոտ շուտ գնում է աշխատանքի, որ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրի, բայց ճանապարհին գերի է ընկնում։ Պարզվում է՝ Դեմիրճյան փողոցի մի հատվածը GPS-ով Ադրբեջանինն է։ Ինքը անմիջապես հիշում է իր իսկ տված խորհուրդներն ու փորձում զանգել ԱԱԾ, բայց հանկարծ նկատում է, որ ԱԱԾ պետը կողքին կանգնած է․․․
Պատկերը փոխվում է։ Ինքը ոչ թե Երևանում է, այլ Իշխանասարում՝ շրջապատված բազմաթիվ ուսապարկերով, որոնցից ամեն մեկին մի-մի թիմակից է կցված։ Հեռվում երևում է ինչ-որ դժգույն-դժբախտ լիճ, իսկ չորսբոլորն ադրբեջանցի զինվորականներ են, որոնց օղակն աստիճանաբար սեղմվում է։ Իրավիճակը վայրկյան առ վայրկյան լարվում է, պետք է ինչ-որ բան մտածել։ Նյարդայնացած՝ միջուկային ճամպրուկից հանում է քյաբաբով դուռումը, սկսում արագ-արագ ծամել ու գլխով նշան է անում ոստիկանապետին, որ սա ադրբեջանցիների հրամանատարի գրպանը պլան գցի։ Ոստիկանապետն արագ-արագ քրքրում է ուսապարկը, բայց պլանը չկա։ Տարակուսած նայում է շուրջը․․․ Արարատ Միրզոյանը, ձեռքերը գրպանները դրած, անմեղ հայացքով նայում է երկինք ու ինչ-որ մեղեդի սուլում․․․
Փառք Աստծո, կարծես թե վերջապես օգնությունը մոտենում է։ Հեռվում, ճանապարհին փոշու ամպ է երևում, ու լսվում են սմբակների ձայները։ «Հայոց այրուձին է օգնության հասնում»,- մտածում է ինքը ու Հ1-ի տեսախցիկի առջև Վարդան Մամիկոնյանի կեցվածք ընդունած արտասանում «մահ իմացյալ՝ օրհնվի էն սհաթը», բայց պարզվում է՝ մոտեցողները Սյունիքի գյուղացիներն են, իսկ առջևից եկողն էշով է ու եկել է ինչ-որ ակցիա անելու։
Չէ, պետք է ուրիշ բան մտածել։ Շրջվում է ու դիմում ադրբեջանցի զինվորականներին․ «Ադրբեջանի հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ։ Կեցցեն ձեր երեխաները, որ ապրում են և ապրելու են երջանիկ Ադրբեջանում․․․»։ «Մա՛շալլա, մա՛շալլա»,- գոհունակությամբ ժպտում է սրանց հրամանատարը, հեռախոսով նկարում ելույթն ու զինվորներին նշան անում, որ անմիջապես «լայք» դնեն ելույթի տակ, բայց ոչ մի քայլ ետ չի գնում։ «Բայց սա Հայաստան է, սա Սյունիքի մարզն է»,- տեսնելով, որ նկարում են՝ ասում է ինքը։ «Ո՞նց ես ապացուցելու»,- քմծիծաղ է տալիս ադրբեջանցին։ Ինքը սուսուփուս շրջվում է գյուղացիների կողմը ու ձեռքով ողջունում նրանց։ «Նի՛-կո՛լ, սիկ․․․, Նի՛-կո՛լ, սիկ․․․»,- գոռում են գյուղացիները։ «Հա, ոնց որ իսկականից Հայաստան ա»,- քթի տակ փնթփնթում է ադրբեջանցին ու զինվորներին հրամայում ետ քաշվել․․․
Արթնանում է ծանր գլխացավով, բայց տեսնելով մահճակալի կողքի սեղանին դրված թթվի ջուրը՝ հասկանում է, որ ապագա կա՛։