...

Ազգակործան փոդքաստներ


Օպերան նվաստացնում էր

Այս շաբաթը նշանավորվեց ազգային մեծ առաջընթացով: Կներեք, ավելի ճիշտ, պետական մեծ առաջընթացով: Էդ «ազգային» բառը մեր իշխանությունների մոտ «ժոգա» է առաջացնում: Հենց «ազգային» բառը լսում են, խրտնում, դեպրեսիայի մեջ են ընկնում, ախորժակները փակվում է, ուղեղները «ստոպ» է տալիս:

Դրա համար էլ որոշել են հրաժարվել «ազգայինից»: Ասենք, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անվանումից «ազգային» բառը հանել են: ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, փորձելով «կռուտիտ» լինել, ասում է, թե բա «ազգային թատրոնի» այդ կարգավիճակը «որոշակիորեն ստորադասում է մյուս թատրոններին, որոնք այդ կարգավիճակը չունեն»: Փաստորեն, Օպերայի և բալետի թատրոնը 90 տարի է, նվաստացրել է բոլոր այն թատրոններին, մշակութային կենտրոններին, որոնց անվանման մեջ «ազգային» բառը չի եղել:

Այնպես որ, պինդ բռնվեք, շուտով ազգային կերակրատեսակների փոխարեն կունենանք համապետական կերակրատեսակներ, ազգային խոհանոցը կդառնա համապետական խոհանոց, 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարը գրքերում կնշվի որպես համապետական-ազատագրական պայքար, դե, իսկ մեր ազգային հերոսներին կփոխարինեն համապետական հերոսները:

Էս մեկը, ինչ ճիշտն է, ճիշտն է, չգիտենք, Ալիևի հերթական պահանջն են կյանքի կոչում, թե Փաշինյան-Աննա փոդքաստների ժամանակ է ծնվել:

Կմկմուլիս Մոսկվայում

Կամ էլ դբա Եվրոպա գնալիս որոշել են եվրոպանալ, ինչի համար հրաժարվում են ոչ միայն ազգայինից: Չնայած, Փաշինյանը զանգեց Պուտինին, արդարանալու ու չքմեղանալու անհաջող փորձ կատարեց, հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Մոսկվա, Լավրովին բացատրելու, թե ինչի են գնում Եվրոպա:

Բայց էլի անհաջող: Մենք դա տեսանք նրանց համատեղ ասուլիսում: Այսինքն, Արարատ Միրզոյանի դեպքում դա ոչ թե ասուլիս էր, այլ կմկմուլիս: Այ ձեր ցավը տանենք, էս ընկերը երկու բառ չի կարողանում խոսել, անընդհատ կմկմում է: Ռուս լրագրողը հայ-իրանական սահմանի մասին հարց տվեց, ըհը, նայեք պատասխանը:

Ու այսպես շարունակ:

Հուսանք, առաջիկա կմկմուլիսում Արարատ Միրզոյանը մեզ կպատմի, թե Մոսկվայում ինչ է կմկմացել փակ դռների ետևում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ