...

Նիկոլի 5-րդ շարասյունը և «չեզոքները»

Նիկոլի 5-րդ շարասյունը և «չեզոքները»

Լսում եմ Լևոն Շիրինյանի և Ստեփան Գրիգորյանի զրույցը։ Ինչո՞ւ եմ լսում։ Որովհետև ուզում եմ հասկանալ, թե այդ մարդիկ ինչպես են փորձում փրկել Նիկոլի իշխանությունը։ 

Պարզվում է՝ Ստեփան Գրիգորյանը նոր է եկել Սյունիքից, և այնտեղ ամեն ինչ լավ է։ «Պանիկա չկա»։ Շրջանցող ճանապարհը շատ լավն է։ Իշխանությունն աշխատում է, իսկ Երևանում տեռորիստներ են գործում, հինգերորդ շարասյուն, որոնք մարդկանց ահաբեկում են։ Նախկին թալանչիները օտար երկրի պատվեր են կատարում, իսկ իրենք՝ հակառուսականները, պաշտպանում են ընտրված ուժին։ Հա, ուրեմն մեր հերոսները պնդում են, որ «ստրատեգիկ ճանապարհը կառուցվել է 4 ամսում»։ Բուռն ծափահարություններ, պարոնա՛յք։ «Իշխանությունն աշխատում է, իսկ Երևանում դա չեն տեսնում»։ 

Սրան չէի անդրադառնա, եթե Նիկոլ Փաշինյանի 5-րդ շարասյունն անդադար աղմուկով չլցներ եթերը՝ հանրությանը թմրեցնելու և ՔՊ-ի իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Իհարկե, Լ․ Շիրինյանին և Ս․ Գրիգորյանին պատահականորեն ընտրեցի։ Սակայն նմանատիպ ելույթներով, տրամաբանությունից հեռու պնդումներով հիմա հասարակության գլուխն են տանում մի քանի կուսակցապետեր՝ Արամ Սարգսյան, Միքայել Հայրապետյան, Դավիթ Սանասարյան և այլք։ Ասելիքը նույնն է․ մեղավոր են նախկինները, մեղավոր է Ռուսաստանը․ ա՛յ, նրանցից կազատվենք, և ամեն ինչ լավ կլինի։ Քիչ է մնում հարցնես՝ դուք բժշկի ե՞րբ եք գնացել։ Սրացումը նորո՞ւյթ է, թե՞ միշտ եք այդպիսին եղել։ Որովհետև ակնհայտորեն խնդիր ունեք տարրական տրամաբանության հետ։ 

Այսպես, ենթադրենք՝ ճանապարհն իսկապես կառուցվել է 4 ամսում և վատը չէ։ Իսկ ինչո՞ւ 4 ամսում ճանապարհ կառուցող ձեր իշխանությունը 1 տարում չկարողացավ սահմաններն ամրապնդել։ Սահմանին կանգնած զինվորն ինչո՞ւ փամփուշտ չունի, 2021թ․ մայիսից ադրբեջանական զինված խմբեր են Հայաստանում, Սյունիքի ճանապարհներին մաքսակետեր են դնում, իսկ դուք՝ մի ժամանակ երդվյալ ոչմիթիզականներդ, հանգիստ կուլ եք տալիս արցախյան և հայաստանյան տարածքների հանձնումը։  Հայ գերիների վիճակը ձեզ չի՞ անհանգստացնում, թե դա՞ էլ է նախկինների և ռուսների պրոբլեմը։

Ի՞նչ է անում այս իշխանությունն արտաքին ճակատում։ Ինչո՞ւ է Հայաստանն այսքան միայնակ։ Սա չե՞ք ուզում հարցնել ձեր պաշտելի վարչապետին։

Ուրեմն ձեր ամբողջ կյանքում երկրորդական, խղճուկ դերեր եք խաղացել։ Հիմա միկրոֆոն ու էկրան եք ստացել, այստեղից-այնտեղից մի քիչ փող եք կպցրել և ձեր կոմֆորտ վիճակն ավելի թանկ եք գնահատում, քան պետությունը։ 

Ձեզ համար ատելի ընդդիմության հետ համահունչ Սյունիքով անցնելիք թուրքական միջանցքի դեմ եք ճամարտակում։ Չի՛ լինելու միջանցք՝ գոռում եք միասին, բայց չեք ասում՝ ինչպես։ Երևի ամեն մեկդ մի թվանք առած կանգնելու եք միջազգային հանրության առջև և կասեցնելու եք այդ ծրագիրը կամ վերջին պահին այդ նույն թվանքով վնասազերծելու եք Ալիևին ու Էրդողանին։ Ասե՛ք՝ իմանանք։

Հանուն արդարության հիշենք նաև այլոց՝ իբր չեզոքներին, օր․՝ Նորայր Նորիկյանին, որ կուսակցություն ունի, Վահե Հովհաննիսյանին, որ կուսակցություն չունի, բայց ժամանակին եղել է պատգամավոր ԲՀԿ-ից։ Մերթընդմերթ ստիպված ենք կարդալ նաև նրանց գրածները։ Գուցե որևէ նոր, ռացիոնալ առաջա՞րկ ունեն։ Ո՛չ։ Մեկը պնդում է, որ բոլոր նախկինները՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը, վատն են, և իրենք՝ նորիկյանենք, պետք է գան իշխանության և ամեն ինչ շտկեն, բայց թե ինչպես, չի ասում։ Մյուսը թեպետ վերլուծությունն սկսում է քիչ թե շատ տրամաբանական հունով, վերջը փչացնում է, որովհետև պնդում է, թե պետք է նոր ուժ ձևավորվի և վերցնի իշխանությունը։ Եղավ, նստե՛ք, անբավարար։ Որովհետև ո՛չ Հայաստանը ձեր երկար-բարակ ճամարտակությունների ժամանակն ունի, ո՛չ էլ արագորեն նոր ուժեր կգան մեկ այլ մոլորակից։ 
Փաստերն անողոք են։

1․ Հայաստանն աննախադեպ վարչապետի թեթև ձեռքով հայտնվել է իր պատմության ամենաբարդ շրջանում։

2․ Այս իշխանությունը որևէ հարց լուծելու ունակ չէ՝ սկսած պատերազմից, վերջացրած Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան վերադարձնելու գործով։

3․ Հայաստանին պետք է իշ- խա- նու- թյուն։

Իսկ նորի ու հնի կռիվը հետո կանենք, եթե, իհարկե, մնանք ու դրա համար ժամանակ ունենանք։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ