...

Ո՞րն է պետական գաղտնիքը

Ո՞րն է պետական գաղտնիքը

Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել է, որ պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նախկինում Թուրքիայում գտնված ՀՀ քաղաքացի ամուսինների նկատմամբ։ 

«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 դոլար գումար»:

«ՉԻ». Թվում է, թե լավ է, որ մեր անվտանգության ծառայությունները լրտեսների կամ դավաճանների են բացահայտել: Վերջին տարիներին սա հերթական դեպքն է, երբ ինչ-որ քաղաքացիների ձերբակալում են Թուրքիայի, Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու, նրանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տրամադրելու մեջ:

Բայց մեզ մի հարց է հետաքրքրում. ինչպե՞ս են այդ քաղաքացիները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայթայթում: Ո՞նց է նրանց հաջողվում: Պետական գաղտնիք հնարավոր է ձեռք բերել երեք ճանապարհով. կամ մարդը աշխատում է այնպիսի կառույցում, որտեղ առկա են պետական գաղտնիքներ, նա վերցնում և այդ գաղտնիքները փոխանցում է այլ երկրների, կամ էլ այդ կառույցներում ունենում է հանցակից, որի միջոցով է ձեռք բերում պետական գաղտնիքները:

Եվ կա երրորդ տարբերակը. որ ցանկացած ոք կարող է այդ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանգիստ վերցնել, քանի որ դրանք բաց են և պաշտպանված չեն: Բայց այդ դեպքում բացի դավաճանության մեղադրանքով ձերբակալվածներից, պետք է պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք անփութություն են ցուցաբերել և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չեն պահպանել այնպես, որ որևէ մեկի համար այն հասանելի չլինի:

Իսկ ԱԱԾ հաղորդագրություններից, ոչ միայն այս դեպքում, այլ նաև նախկինում, երևում է, որ ձերբակալվածները հիմնականում շարքային քաղաքացիներ են: Չեն կարող իրենք իրենցով պետական գաղտնիքներ ձեռք բերել. կամ պիտի հանցակից ունենային համապատասխան կառույցներում, կամ՝ պետական գաղտնիքների արտահոսք է լինում: Այդ դեպքում նշված գործերով այլ մարդկանց անուններ էլ պետք է նշվեին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով օժանդակել են դավաճանության մեջ մեղադրվողներին: 

Եթե այս գործերով այլ անձինք ներգրավված չեն, ապա անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր դավաճանության մեջ մեղադրել մարդկանց, որոնք դրսի ուժերին՝ բոլորի համար հասանելի, բաց ինֆորմացիա են տրամադրում:

Հ.Գ. Զգացի՞ք. բացի Քոչարյանի հարցազրույցից, ուրիշ թեմաներ էլ կան այս աշխարհում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1118 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ