...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Գագիկ Ծառուկյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Գագիկ Ծառուկյանի հետ

Բարի երեկո, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է: Այսօր մեր խաղին մասնակցում է ԲՀԿ Առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Բարև ձեզ, պրն Ծառուկյան:

-    Բարին համապատասխան ձեզ:

-    Եթե պատրաստ եք, սկսենք խաղը: Հիշեցնեմ, որ 5 հարցի ճիշտ պատասխանելու դեպքում կշահեք առնվազն 5000 դրամ, 10 հարցի դեպքում՝ 100000, իսկ գլխավոր մրցանակը 1 միլիոն դրամն է: Պատրա՞ստ եք:

-    Համապատասխանաբար պատրաստ եմ:

-    Եվ այսպես, սկսում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը Գագիկ Ծառուկյանի հետ: Հարց 1-ին. Ինչպե՞ս է կոչվում նյութի քիմիական քանակի չափման միավորը. ա) Մոլ, բ) Առինջ մոլ, գ) Ռիո Մոլ, դ) Երևան Մոլ:

-    Մտածեմ, ախպերս: Ռիո Մոլը չի, Կարենը հոսանք ա ծախում, Երևան Մոլը չի, տերը նստած ա, Առինջ մոլը հաստատ չի, անբարոյականի տղա ըլնեմ, թե ես քիմիկատների գործ եմ անում, մնում ա Մոլը:

-    Ճիշտ է, 100 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Ինչպե՞ս է կոչվում հայկական ավանդական կերակրատեսակը. ա) Զարթնիր լաո, բ) Իյա իրոք, գ) Կեր ու սուս, դ) Նառա դու սուս:

-    Իմ սենյակը կուխնյայից կես կիլոմետր հեռու ա, համապատասխանաբար, ես կուխնյայից հեռու մարդ եմ: Ավելի լավ ա, օգտվեմ զանգ ընկերոջից:

- Ո՞ւմ ենք զանգահարում:

- Նառային, ինքը իմ ձախ թևն ա ու շատ լավ ուտիլովշիկ ա:

- Այսինքն, դա ո՞րն է:

- Դե, ուտելու լավ մասնագետ ա:

- Խնդրեմ, դուք ունեք 30 վայրկյան:

- Ալո, Նառա, ստեղ մի հատ հարց կա, որ պատասխանես, էն քո հավանած բռլյանտե քարով ոսկի կուլոնը քեզ կնվիրեմ: Լսի, դու կերակրատեսակ ե՞ս: Դե, Նառա դու սուսը որ ասում եմ, էդ կերցնում ե՞մ քեզ, թե՞ ոնց: Հա՜, հասկացա, էդ փոխադրական իմաստ ունի: Բա ո՞րն ա ճիշտը: Կեր ու սո՞ւսը: Աբրիս, կուլոնը քոնն ա: Ի՞նչ, էն զմրուխտով մատանի՞ն: Էդ Նոր Տարուն կտամ: Պատասխան «գ»: 

-    Եվ նորից ճիշտ է, 200 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Ո՞րն է հայալեզու առաջին տպագիր գիրքը. ա) Մատնագիրք, բ) Ուրբաթագիրք, գ) Ղազագիրք, դ) Քրեական օրենսգիրք:

-    Երևի Քրեական օրենսգիրքը:

-    Բայց ինչո՞ւ:

-    Որովհետև առաջինը դա եմ կարդացել: Ուրեմն, դա պիտի լինի:

-    Դուք ունեք հուշումներ: Խորհուրդ կտամ օգտվել: 

-    Յա, կարող ա, սխալ լինի՞: Լավ, օգտվենք 50/50 տարբերակից:

-    Հանում ենք 2 տարբերակը. մնացին բ և գ տարբերակները:

-    Հաստատ էդ Ուրբաթագիրքն ա: Ղազագիրքը տպագիր չի, մենակ ձեռագիր ա լինում:

-    Հրաշալի է, 500 դրամն էլ է ձերը: Հաջորդ հարցը ձեզ կբերի 1000 դրամ: Ինչպե՞ս է կոչվում դպրոցականի առաջին դասագիրքը. ա) Այբբենարան, բ) Առաջնորդարան, գ) Մեկուսարան, դ) Սեռական դաստիարակության ուղեցույց:

-    Առաջնորդարանը չի: Ես դպրոցից հետո եմ Առաջնորդ դարձել: Մեկուսարանը ոչ թե դպրոցական, այլ կյանքի դասագիրք է, ծերից ծեր անցել եմ: Տարբերակ «դ»՝ Սեռական դաստիարակության ուղեցույցը:

-    Ինչո՞ւ եք այդպես կարծում: 

-    Նախ, «դ» է, էդ տառը շատ եմ սիրում: Ու հետո, լսել եմ, էդ գիրքը մտցրել են դպրոցի մեջ, առաջին բանը, որ ասենք թե երեխան պիտի որ երբ մտածում է, թե որն է ազգային արժեքը կորցնելու համար, ինքը կարող ա չի ուզում, իսկ այլասերվածությունը այդպես է փչացնում, մարդ պիտի ամաչի, եթե տենց ա նայում նկարներին: Ուրեմն՝ տարբերակ «դ»: 

-    Ոչ, դա սխալ պատասխան էր: Ճիշտ տարբերակը Այբբենարանն է: Դուք չհաղթահարեցիք 1000 դրամի շեմը:

-    Տղա ջան, Ծառուկյան Գագիկն էն տղեն ա, որ վաղուց անցել ա մի միլիարդի շեմը, դու եկել ես, ստեղ հազար դրամից ես խոսո՞ւմ:

-    Կներեք, բայց մեր հաղորդումն ավարտվեց, ցտեսություն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   84217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ