...

Պապան ա՞ էդպես պատմել

Պապան ա՞ էդպես պատմել

Մեկը թող Լևոն Քոչարյանին ասի` տղա ջան, քանի դեռ դու խոսում ես քո հորից, իրավունք ունես ասելու ամեն ինչ, որովհետև դու պաշտպանում ես քո արյունը, սերը, որ քեզ տվել են, բարեկեցությունը, որը քեզ կտրուկ տարբերել է մարտի 1-ի զոհերի բարեկեցությունից: 

Դու իրավունք ունես մեղադրելու Նիկոլ Փաշինյանին, որ նա է զոհերի իրական պատասխանատուն, կարող ես ասել, որ անձամբ ես տեսել, թե ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը Պարոնյանի տարբեր հատվածներից կրակում ցուցարարների վրա, վստահեցնել, որ այդ մասին կան տեսանյութեր, որոնք անձամբ քեզ ցույց է տվել անձամբ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը: Դու իրավունք ունես ասելու ամեն ինչ, որը որդու ասելիքն է ընդդեմ հորը «զրպարտողներին»: Մենք գիտենք, որ դեպքից 12 տարի հետո դուք կարող եք ասել, թե մարտի1-ի ամենամեծ տուժողներից մեկն էլ ձեր ընտանիքն է: Բայց կխնդրեի թարգմանեիր քո այն միտքը, թե «այդ ամենը անարդարացիորեն առաջին օրից նպատակաուղղված փորձեցին կապել մեզ հետ, տարիներ շարունակ այդ գիծը տարան»: 

Տարիներ շարունակ հա՞յրս էր իշխանության գլխին, ի հեճուկս Ռոբերտ Քոչարյանի էր հայրս եկել իշխանության: Ո՞վ էր այդ ամենը փորձում կապել ձեր ընտանիքի հետ: Դուք հարստություն եք դիզել, պետություն եք մեջ-մեջ արել և մարդկանց սպանելով ձեր «սեփականությունն» եք պաշտպանել, օլիգարխների թիկնազոր եք ներգրավել, բանակ եք բերել մայրաքաղաքի փողոցներ, ի վերջո սուտ եք խոսել, թե Ազատության հրապարակում զենք կա և այդ սուտը ծրագրել եք ասել դեռ փետրվարի 23-ին, երբ անօրինական շտաբ եք ձևավորել: Ձեր հայրը այդ ամենը գիտի: Դուք չգիտեք, Աստված ձեզ հետ: Հենց դա էլ ի գիտություն ենք ընդունում, երբ թեթև ենք տանում որդու «արդարության» ջղաձիգ փնտրտուքները: Մենք ըստ էության հանգիստ ենք տանում այնպիսի մի անհեթեթություն, ինչպիսին այսօրվա իշխանություններին ուղղված այս «միտքն» է. «Իրենք փորձե՞լ են այսօրվա վարչապետին հարցեր ուղղել, թե ինչու էր այն ժամանակ մարդկանց կոչ անում զոհվել, ապստամբել, ինչո՞ւ էր հրճվում, երբ ոստիկաններից խլվում էին մահակները, վահանները, ինչո՞ւ էր ասում, որ պետք է ազատվել ղարաբաղցի տականքներից»: 

Ո՞վ է ապստամբելու կոչ արել, ո՞վ է զոհվելու հրաման տվել: Դուք հավատում եք ձեր հոր ասածներին, նորմալ է, բայց քրեական գործում որտե՞ղ կա նման պնդում: Նույնիսկ մեղադրյալների կողմից նման պնդում չկա: Այսինքն, համ կոչ էին անում զոհվել, համ էլ սպանու՞մ էին: Բա ինչու 10 տարվա ընթացքում նման մեղադրանք չհնչեց, Լևոն: Ասում եմ ձեզ, դուք որդի եք, և դուք կատարյալ ճիշտ կլինեիք, և կդադարեիք լինել միայն որդի, եթե գոնե մեկ վկայություն ապացուցված լիներ, որ այդ օրերի ընդդիմության մանկության երազանքը լիներ հաղթել թեկուզ զոհվելու գնով: «Ղարաբաղցի տականքներ» արտահայտությունը թող մնա ձեր խղճին: Բայց Ղարաբաղից զորքին ընդդիմությունը չի բերել: Եվ դուք դա ասում եք, որպեսզի հասկացնեք, որ դա ասողին սատկացնելն էլ քիչ է, ինչը և արել եք: Եվ, եթե դուք ճիշտ եք, որ ընդդիմությունից նման բաներ են ասել, արդյո՞ք, Ռոբերտ Քոչարյանը «սահմանադրական կարգ» էր պաշտպանում դա ասողից: Այդ դեպքում ինչու՞ էր եթերից բոլորովին այլ բան ասում: Եթերից ինքը խոսում էր Զապորոժեցից Մերսեդես նստելու և այդ հարմարավետությանը արագ սովորելու մասին: Մարդկանց սպանելիս նման  թեմա չկար: Ասում է` իր հորը 10 հոգուն սպանելու մեղադրանք չեն ներկայացրել: Եվ ո՞վ է այս պատմության մեջ երեխա: Առանց սահմանադրական կարգ տապալելու անհրաժեշտության մարդ սպանելու կարիք կա՞: Ավելին, դեռ ոչ մեկը չէր զոհվել, երբ ձեր հայրը հայտարարեց, որ «արդեն ունենք զոհեր»: Այսինքն, Լևոն, պատմաբան եք կտրել ու չգիտե՞ք էս մասին: Իսկ ինչու՞ նման բան հայտարարեց`որպեսզի սկսի իր կոտորածը:

Ռոբերտ Քոչարյանին 10 հոգու սպանության մեղադրանք չի առաջադրվել մի պարզ պատճառով: Եթե միանգամից մարդասպանության մեղադրանք ներկայացվեր, Ռոբերտ Քոչարյանը դատարան կբերվեր հոգեբուժարաններում հետազոտություն անցնելուց հետո և բացառված չէ, որ դրանից հետո նրան դատելու կարիք չլիներ: Նույնիսկ ինձ ձեռք չի տալիս մտածել, որ 10 տարի երկիրը խելագար է ղեկավարել: Լևոն, դուք որդի եք և դա ձեզ ուղղված բոլոր հարցերը դարձնում է հռետորական: Բայց դուք այսօր հնարավորություն ունեք չպատասխանելու ձեզ ուղղված հարցերին: Եվ գիտե՞ք ինչն է սարսափելի: Դատարանի դահլիճից այս ամբողջի պատասխանը տալիս է հայրը, որը գոնե մեկ օր չդարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ: Ահա ինչու սպանեց անխնա: Որովհետև, ըստ նրա, փողոց դուրս եկած ընդդիմադիրները գալիս էին, որ ձեզ` Լևոն, թողնեն «մայկա տրուսիկով»: Պետության հերն էլ անիծած: 

Ի դեպ, Լևոն, դուք փորձում եք նաև քաղաքական մտքեր հայտնել։ Ձեզ կներվի ձեր «պատմաբանությունը», բայց քաղաքականությունն ավելի պրակտիկ մի բան է, և այդտեղ որդի լինելը ձեզ չի խնայվի։ Հեռու մնացեք, քաղաքականությունն այն ամենի, ինչ կատարվում է ձեր հոր հետ, կապ չունի։ 

Սերգեյ Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ