...

Փաշինյանի խոստովանությունները կամ իրականությունը պատերազմի մասին

Փաշինյանի խոստովանությունները կամ իրականությունը պատերազմի մասին

Քանի որ իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև վերջինիս աջակցող որոշ խմբերի կողմից սկսվել են վերջին պատերազմի վերաբերյալ շրջանառվել որոշ կեղծ թեզեր, հարկ է հիշեցնել հայտնի եռակողմ հայտարարության ստորագրմանը անմիջապես հաջորդող տրամադրությունների ներքո Փաշինյանի ուշագրավ խոստովանությունները, որոնք, կարծես, մոռացության են մատնվում: Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, սակայն այդ օրերին հնչեցված խոստովանությունների մեծ մասը եղել են Արցախի խնդրի և վերջին պատերազմի մասին ներկայացված եզակի ճշմարտությունները: Ներկայացնելով Փաշինյանի խոստովանությունները, հավելենք դրանք որոշ մեկնաբանություններով: (Փաշինյանի խոստովանություններին ծանոթացեք տեսանյութում):

1. Հայաստանի ամենամեծ սխալը եղել է երկու մոտեցումների մեկտեղումը. պատերազմի բացառում և ոչմիթիզհողականություն: Սա իրենից ենթադրել է ժամանակի անվերջ ձգձգում: Ի տարբերություն նախկին՝ քոչարյանասերժական  իշխանությունների նման՝ հնարավորինս ժամանակ ձգելու դիրքորոշման, Փաշինյանը կատարել է ընտրություն, այն է՝ պատերազմի չբացառում, իսկ ավելի ճիշտ՝ պատրաստվել պատերազմի: 

2. Պատերազմը կանխելու տրամաբանության մեջ ամենամեծ սխալը եղել է այն, որ Փաշինյանը հակադրվել է տարիներով ձևավորված բանակցային տրամաբանությանը, ինչը չի հաջողվել: Հակադրվելու պայքարը հանգեցրել է պատերազմի: Իշխանությունները գիտեին, որ պատերազմ է լինելու և պատրաստվում էին պատերազմի: Մի խոսքով, Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել պատերազմից խուսափելու համար՝ գիտակցելով, որ բանակցային տրամաբանությանը հակադրվելն ինքնին հանգեցնելու է պատերազմի:

3. Կար պատերազմից խուսափելու հնարավորություն: Ընդունելով բանակցային պլանը, այո, կարելի էր խուսափել պատերազմից: Նույն խաղաղապահների ներգրավմամբ, համաձայնելով վերադարձնել 5 շրջանները՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու պայմանով, այո, կար խաղաղության հասնելու շանս: Ի դեպ՝ Շուշին կամ մյուս՝ բուն ԼՂԻՄ-ի տարածքները հանձնելու մասին խոսք չի եղել: 

4. Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի վերաբերյալ միջազգային հանրության մոտ ձևավորված է եղել կոնսենսուս: Այդ կոնսենսուսն, իրականում, գոյություն է ունեցել մշտապես և, որպես առաջնահերթություն, ընդգծվել է հատկապես 2016 թվականից հետո: 
Տարածքների վերադարձի հարցը, հայկական կողմի ջանքերի շնորհիվ, մշտապես պայմանավորվել է անվտանգության երաշխիքներով և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչն այլ բան, քան խաղաղապահների ներկայություն, չի ենթադրել:

5. Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել առաջին իսկ օրերին, համաձայնելով նույն՝ 5 տարածքները վերադարձնելու պայմանին: Պատերազմը դադարեցնելու պայմաններն ընդլայնվել են հընթացս՝ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի անհաջողություններին զուգընթաց. նախ 5 տարածքը դարձել է 7, հետագայում դրանց գումարվել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ հայտնվող բուն ԼՂԻՄ-ի մաս կազմող տարածքները: 

6. Պատերազմը չի կանգնեցվել ավելի վաղ, քանի որ անկախ գրանցվող անհաջողություններից, իշխանությունները, ի դեմս Փաշինյանի, ցանկացել են բեկում մտցնել պատերազմում: 

7. Պատերազմը կանգնեցվել է բանակի շարունակական պնդումների շնորհիվ՝ խնդիր ունենալով խուսափել վատթարագույնից: 

8.  Եթե, թեկուզ, մի տարի առաջ Փաշինյանն ընդուներ նախկինում բանակցված պլանն ու համաձայներ վերադարձնել 5 շրջանները, ապա կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: «Եվ դա ճշմարտություն է». սա, թերևս, Փաշինյանի ամենանշանակալի խոստովանությունն է:  

9. Անկախ տարիներով քարոզվող ու տարածվող հայտնի տրամադրությունների, Հայաստանում, այո, կային մարդիկ, ովքեր հավատում էին, որ ճիշտ ճանապարհը հարցի լուծման ուղղությամբ քայլեր իրականացնելն էր՝ բանակցային տրամաբանության շրջանակներում:

10. «Ոչ մի պատասխանատու պատասխանատվությունից չի փախչի»: Պատերազմի ավարտից անցել է արդեն 40 օր, սակայն այդպես էլ, բացի առանձին բառակույտերից, ոչ ոքի համար հասկանալի չէ, թե նման խոստովանություններ հնչեցնողն (ես կասեի՝ սեփական արկածախնդրությունները խոստովանողն) ինչպե՞ս է անձամբ պատրաստվում պատասխանատվություն կրել:

Հարութ Ուլոյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ