...

Շուշիի հարցը. այս օրերի ամենամեծ մանիպուլյացիան կամ սուտը

Շուշիի հարցը. այս օրերի ամենամեծ մանիպուլյացիան կամ սուտը

Փաշինյանը մի կողմից խոստովանելով իր և վերջին 20 տարիների իրականացվող «ոչմիթիզհողական» քաղաքականության ողջ սնանկությունն ու կործանարարությունը, մյուս կողմից ամեն կերպ փորձում է արդարացնել Շուշիի անկումը: Մեկ օրում մի քանի անգամ նա մեկ պնդում էր, թե «այո, կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնվեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին», մի քանի նախադասություն հետո նույն հարցի վերաբերյալ հայտարարում էր հետևյալ միտքը` «Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս սկզբնական շրջանում»:

Իրականությունը, սակայն, այն է, որ 

1. Միսկի խմբի շրջանակներում երբևէ բանակցված ու մինչ օրս հրապարակված որևէ փաստաթղթում որևէ խոսք չի եղել Շուշիի «հանձնման»  մասին: Ադրբեջանը ինչ-որ պահերի այդ հարցը բարձրացրել է, բայց այն երևէ լուրջ քննարկումների չի հանգեցրել: Վերջին հաշվով Շուշիի հարցը Ադրբեջանի համար սահմանափակվել է զուտ փախստականների վերադարձի շրջանակներում: Մինսկի խմբի կամ, առհասարակ, որևէ լիազորված անձի կողմից Շուշին վերադարձնելու մասին խոսք չի եղել: Այն դիտարկվել է որպես ԼՂԻՄ-ի անբաժան մաս: Ավելին, նույնիսկ վերջին պատերազմի օրերին, հոկտեմբերի կեսերին, նույն Ալիևը, Շուշիի մասին խոսելիս, այն կրկին դիտարկում էր զուտ փախստականների վերադարձի շրջանակներում: 

2. Եթե Փաշինյանը Շուշին վերադարձնելու ժառանգություն ստացած լիներ, ապա նա 2 տարի միայնումիայն դրա մասին կխոսեր, այնինչ Շուշիի մասին խոսվել է բացառապես այն ժամանակ, երբ այն կորսված է եղել: Պատկերացրեք պատերազմից առաջ իրապես Շուշիի հարց եղած լիներ բանակցությունների սեղանին, ի՞նչ էր անելու Փաշինյանը: Դա մի այնպիսի արգումենտ էր, որը նա կօգտագործեր ոչ միայն նախկինների դեմ, այլև` իր կողմից սիրահոժար կերպով որդեգրած «ոչմիթիզհողական» գիծը ևս մի փաստարկով ամրապնդելու համար:

3. Այս տարի հունվարին Փաշինյանն ինքն է գաղտնազերծել ժառանգություն ստացած «Կրակովյան փաստաթուղթը», որտեղ նույնպես Շուշին վերադարձնելու մասին խոսք չկա: Ավելին, Փաշինյանը հենց նույն ժամանակ բառացի ասել է, որ եթե «հենց այս նույն կետից Հայաստանը ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի»: 

5. Ըստ էության, Շուշին վերադարձնելու հարցը Ադրբեջանի կողմից բարձրացվել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել հայկական կողմի կապիտուլյացիոն դրությունը և Շուշին ուժով գրավելու ռեալ հնարավորությունը: Ըստ այդմ, Փաշինյանի այն պնդումը, թե «Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս սկզբնական շրջանում», լիովին տեղավորվում է հենց այս իրողության շրջանակներում ու, վստահաբար, հենց սա է իրականությունը: 

6. Շուշին «առանց կռվի» հանձնելու մասին խոսակցությունները կատարյալ խայտառակություն են: Հենց Շուշիի համար մղվող ճակատամարտն է վերջնականապես ստիպել մեր իշխանություններին ամբողջովին ըմբռնելու համար 20-ամյա «ոչմիթիզհողականության» կործանարար հետևանքները: 

7. Նույնատիպ խայտառակություն է հակառակ կողմի` Փաշինյանի այն հայտարարությունները, թե «Շուշին հանձնվել է 30 տարիների թալանի ընթացքում»: Պարոն Փաշինյան, երբ հայտարարում եք, որ Դուք հարցեր ունեք այլոց, բա չե՞ք մտածում, որ այլք էլ Ձեզ հարցեր ունեն: Նույն ելույթի մեջ նույն մեղադրանքները մեկ 1998-ից հետո եք ձևակերպում, մեկ 1994-ից, հետո էլ թե` 30 տարի: 

Հայաստանը մինչև 1998 թվականը «ոչմիթիզհողականության» քարոզ է տարել, հա՞: Իրո՞ք: Բա Շուշին ե՞րբ է ազատագրվել, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը ե՞րբ է արձանագրվել, ե՞րբ է Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել որպես հակամարտության կողմ: Էս ամենի տարեթվերը Դուք չգիտե՞ք: Կամ` Դուք չգիտե՞ք, թե Հայաստանը ինչ աներևակայելի ծանր պայմաններում է այդ հաղթանակները նվաճել... Քանի որ մենք իրավունք չունեն կասկածելու Ձեր տեղեկացվածությանը, այդ դեպքում պատասխանեք հետևյալ երկու պարզ հարցին. 

ա. «Համատարած թալանի» պայմաններում հնարավո՞ր էր ազատագրել Շուշին և վերահսկողության տակ վերացնել ԼՂԻՄ հարակից 7 շրջանները` չճանաչվելով «ագրեսոր»: 

բ. «Համատարած թալանի» պայմաններում հնարավո՞ր էր հասնել այն բանին, որ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվեր հակամարտության կողմ:

Հարութ Ուլոյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1179 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ