...

Ինչպես չլինել դավաճան

Ինչպես չլինել դավաճան

Հարութ Ուլոյանը իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ դիտարկում է արել:

Գրել է. «2016 թվականի ամռանը Արցախում սոցհարցում էր իրականացվել: Մասնակիցների 99.7 տոկոսը դեմ էր արտահայտվել 7 շրջանների միանգամից, իսկ 99.4 տոկոսը` փուլային փոխզիջմանը` նույնիսկ Արցախի անկախության ճանաչման դիմաց: Թե´ Արցախի, թե´ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ու հասարակական ուժերն ու գործիչները այս արդյունքները դարձրել էին իրենց ոչմիթիզական պրոպագանդայի հիմնասյունը: 
Ով փոխզիջումից կամ խաղաղապահներից էր խոսում, ասում էին` «գնացեք սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ու սահմանապահ զորքերի մոտ խոսեք, տեսեք ձեզ ինչ կանեն»: Ավելին, առաջարկում էին օրենք ընդունել, որով պետք է արգելվեր փոխզիջումներից խոսելը, իսկ խոսացողներին պետք է դատական կարգով «ազգի դավաճան» կնքեին: Իսկ ավելի համարձակներն ընդհանրապես առաջակում էին փոխզիջման կողմնակիցներին տեղում գնդակահարել:

Հիմա նույն այս մարդիկ, ունենալով իրենց թիկունքում ժողովրդի ավելի քան 99 տոկոսի աջակցությունը, ոչ թե փոխզիջում, այլ` կապիտուլյացիա բերեցին, ոչ թե խաղաղապահ, այլ` վերադաս բերեցին, ու սա էլ հերիք չի, շարունակում են պադոշի դեմքով ինչ-որ աշխարհաքաղաքական վերլուծություններ ու վտանգներ կանխատեսել: 

Վերարտադրված իշխանությունների վարկանիշի մակարդակը, ինչն իրենք փորձում են քողարկել ընտրություններում իրենց հավաքած 54 տոկոսով, ուղիղ համեմատական է վերը նշված 99.7 տոկոս «հանրային կարծիքի» մակարդակի հետ: Թվաբանական համեմատություն չի, այլ` լրջության մակարդակի: Իսկ այդ «լրջության» խորհրդանիշը վերարտադրված իշխանական ուժի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրած թեկնածուն է»:

«ՉԻ». Մեզ մի քիչ, իհարկե, դուր չի գալիս, որ այս մտքերի հեղինակը մենք չենք, բայց ոչինչ:

Մի քանի կարևոր նկատառում. իրականում, եթե այդ հարցումն անեին ոչ թե 2016-ին, այլ օրինակ՝ 2001-ին, նույն արդյունքն էր լինելու, որովհետև Քոչարյանն ու իր շուրջը հավաքված դաշնակ-մաշնակ-պալատականներ-մտավորականներ կոչվածներն արդեն «խոդի» էին տվել «ոչ մի թիզ» ու «հարյուր տարի էլ փակ սահմաններով կզարգանանք» կարգախոսները: Արդեն այն ժամանակ փոխզիջումների մասին խոսելը դավաճանություն էր համարվում:

Այսքանը՝ Քոչարյանի մասով: Չասենք, թե նա ինչեր է արել և ինչ օրն է գցել ղարաբաղյան հակամարտության գործընթացը, ինչպես է օր օրի մոտեցրել 2020թ. պատերազմը:

Հիմա. մինչև 44-օրյա պատերազմը որևէ մեկը խոսե՞լ է փոխզիջումների և խաղաղության մասին: Ոչ ոք: Իհարկե, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից: Մեկը մի թեթև ծպտուն էր հանում, քսան տեղից վրա էին տալիս: Իհարկե, հիմա Սերժ Սարգսյանը կասի, թե պատրաստ էր թեկուզ դավաճանի պիտակ ստանալու գնով լուծեր Ղարաբաղի հարցը:

Ոչ, պրն Սարգսյան, պատրաստ չէիր: Որովհետև նման հարց լուծողը նախ պետք է համապատասխան բանավեճ նախաձեռներ, կոտրեր «ոչ մի թիզ» կարծրատիպը, հանրության հետ խոսեր, նրանց բացատրեր, փոխզիջումների և խաղաղության անհրաժեշտության մասին հստակ արտահայտվեր: Այսինքն՝ ժողովրդին պատրաստեր նրան, որ մենք կարող ենք գնալ հակամարտության կարգավորման՝ թեկուզ փոխզիջումների գնով, որ դա ցավոտ բան է, հաճելի չէ. մի երկու տեղ էլ իրեն կարող է դավաճան որակեին: Արե՞լ է: Չէ, չի արել: Ոնց որ Տեր-Պետրոսյանն արեց: Մարդը հոդված գրեց, ներկայացրեց իր տեսակետը, իրերի դրությունը, կետ առ կետ իր հիմնավորումները բերեց, փորձեց հանրային դիսկուրս նախաձեռնել, այսինքն՝ չվախեցավ, որ իրեն կարող է դավաճան համարեն: Հոդվածում դա էլ էր գրել:

Սերժ Սարգսյանը որևէ նման բան արե՞լ է: Չէ: Հիմա ինչքան ուզում է ասի, թե պատրաստ էր լուծել. հո ասելո՞վ չի: Այդ քաղաքական համարձակությունը պետք է ունենար իր պաշտոնավարման ժամանակ, ոչ թե հիմա: Հետին թվով հիմա բոլորն էլ իրենց հերոս են համարում:

Նիկոլ Փաշինյանի պահով նույնպես անիմաստ է երկար խոսել: Մի բան հիշեցնենք. մի հատ խորհրդական ուներ, անունը՝ Սրբուհի: Էն, որ կանգնեց, հայտարարեց, թե ինչի ժամանակին Գյանջան չենք գրավել, թշնամուն չենք կապիտուլացրել: Պետական համակարգում այս մակարդակի դեմքեր էին: Ի՞նչ փոխզիջման մասին կարող էր խոսք գնալ, եթե սրտները Բաքու էր ուզում: Իմիջիայլոց, այդ Սրբուհուն վերջերս աշխատանքից ազատեցին: Երևի Բաքուն չգրավելու համար: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ