Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն Armdaily.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ վեթինգ որպես այդպիսին չի լինելու՝ ընդգծելով, որ գործող դատավորների մասով իրականացվելու է գույքի եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրություն։
«Բայց դա ոչ բարեվարքություն է, ոչ առավել ևս՝ վեթինգ։ Սա այն նույն սահմանափակ հնարավորությամբ դատավորների գույքի եկամուտների և շահերի ստուգումն է՝ 2017 թ-ից տեղի ունեցած գործարքների և եկամուտների նկատմամբ՝ ստուգման լայնածավալ գործիքների կիրառման հնարավորությամբ։ Եթե նույն դատավորը 2013 թ-ին ձեռք է բերել որևէ գույք կամ ցույց է տվել ինչ-որ դրամական միջոց, և այդ գույքի կամ դրամական միջոցի ծագման օրինականության վերաբերյալ հարցեր կան, հանձնաժողովը սահմանափակ հնարավորություններ ունի դրանց օրինականությունը ստուգելու։ Նրա գործունեության շրջանակում դրսևորած խախտումներին հանձնաժողովը առհասարակ որևէ հասանելիություն և լիազորություն չունի։ Այդ տեսակի գործողություն չկա։ Այսինքն, սա վեթինգի նախագիծը չէ, պետք չէ հանրությանը թյուրիմացության մեջ գցել և ասել, որ այ, 6 ամիս հետո բոլոր դատավորները մաքրվելու են կամ համակարգը այդ ձևով մաքրվելու է։ Նախագիծն այդ իմաստն արտահայտող գործողություններ չի նախատեսել»:
«ՉԻ». Այսինքն, իշխանությունները վերջին մեկ տարում վեթինգի անվան տակ պարզապես լոլոներ էին կարդում: Ըստ էության, վեթինգի այդ օրենքը ընդունելու դեպքում գնալու են ամենակաշառակեր դատավորների մոտ ու հարցնեն. «Կներեք, դուք վա՞տ դատավոր եք»: Դատավորն էլ պատասխանելու է. «Չէ»: «Դե որ չէ, դուք վեթինգը անցաք, կարող եք շարունակել ձեր գործունեությունը»:
Սա մանկապարտեզ չի, սա պարզապես՝ խենթանոց է: 2018թ. հեղափոխության և նոր իշխանության ձևավորման արդեն հաջորդ օրը ներկայացվել են այն պարտադիր քայլերը, որոնք պետք է իրականացվեին՝ երկրում էական, համակարգային փոփոխություններ անելու համար: Ու դատական իշխանությունը ամբողջությամբ բարեփոխելու, տասնյակ հանցագործ դատավորներից ոլորտը մաքրելու պահանջ է դրվել: Դատավորներ, որոնց խղճին հազարավոր խեղված ճակատագրեր կան, որոնց պատճառով մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունը մեծ գումարներ է փոխհատուցում դատական հանցավոր որոշումներից տուժած քաղաքացիներին:
Ու հիմա պարզվում է, որ այդ դատավորները շարունակելու են նույն ձևով աշխատել: Լավ, այս մանկապարտեզում մեկը չկա՞, որ մի քիչ հասունանար այս երկու տարում: Դատական համակարգը փոխելու օրենսդրական քայլերի ամբողջ փաթեթը ծամել, դրել էին բերանները:
Իսկ չի՞ լինի՝ ձեր կարգախոսը փոխեք. «Քայլ արա՛, դոփիր տեղում»: