...

Տեսնես Փաշինյանը խաբար ա՞

Տեսնես Փաշինյանը խաբար ա՞

Ինչպես հայտնի է, վարչապետի կինը և ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքում են Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքը, թե իրենք ծխախոտի խոշոր մաքսանենգությամբ են զբաղվել, և պատվի-արժանապատվության հայց են ներկայացրել դատարան` ընդդեմ Միքայել Մինասյանի: Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին: Իսկ հիմա...ամենաուշագրավը. տիկին Բադիրյանը փաստաբան Հայկ Ալումյանի կինն է:

«ՉԻ». Տեսնես այս լուրը լսելիս Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս է արձագանքել: Մտածել է, որ իր ընտանիքի արժանապատվության վերաբերյալ հայցը մակագրվել է այն մի քանի դատավորներից մեկին, որոնք պրոֆեսիոնալ են, բարեխիղճ և արդար վճի՞ռ կկայացնեն: Թե՞ ջղայնացել է, փոշմանել, որ վեթինգ չկա և իր ընտանիքի արժանապատվության վերաբերյալ հայցի ճակատագիրը կորոշի Ալումյանի նման փաստաբանի ընտանիքի անդամը:

Ամենևին չենք զարմանա, եթե տիկին Բադիրյանը շատ արագ նիստեր գումարի և վճռի՝ Փաշինյանի ընտանիքի անդամները պետք է ներողություն խնդրեն Սուրբ աթոռում նախկին դեսպանից՝ նրա խոսքերը կասկածի տակ դնելու համար: Եթե ասել է, որ զբաղվել են մաքսանենգությամբ, ինչպե՞ս կարելի է չհամաձայնել նրա հետ: Համենայնդեպս, եթե տիկին Բադիրյանը մի քանի րոպեով հեռանա համակարգչի մոտից, Ալումյանը հաստատ կօգտվի առիթից և նման մի վճիռ կերկնի:

Խորհուրդ ենք տալիս տիկին Հակոբյանին հետ վերցնի հայցը, թող սպասի ավելի լավ ժամանակների: Ասում են, որ վարչապետը և արդարադատության նախարարը մինչև 2050 թվականը, այնուամենայնիվ, վեթինգ անցկացնելու մտադրություն ունեն: Այ էդ ժամանակ էլ իմաստ կունենա դիմել դատարան, իսկ մինչ այդ ավելի լավ է բավարարվել Մինասյանի խոսքերը արհամարհելով:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ