...

Միշիկի ֆայլերն ու իրական քայլերը

Միշիկի ֆայլերն ու իրական քայլերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։

Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։

Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։

Կարևորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»:

«ՉԻ». Մի բան ասենք, էլի: Թե Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, դա դեռ Տիգրան Մեծի ժամանակներից բոլորիս էլ հայտնի էր, այս քսան տարվա մեջ միլիոն անգամ գրել ենք դա: Եվ ոչ միայն մենք:

Այնպես որ, եթե նույնիսկ Հրաչյա Հակոբյանը ճիշտ է ասում, և բոլոր ֆայլերը վերականգնվել են, դա դեռ ոչինչ չի նշանակում: Շատ պարզ պատճառով. դատաիրավական համակարգը նախկինների ձեռքում է: Ուզում է, հազար հատ ֆայլ տանեք, ցույց տաք, դրանից Միքայել Մինասյանի կամ նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության հարցը չի լուծվելու: Ոնց ազատ են արձակել, ոնց Հայաստանից փախցրել են, նույնկերպ շարունակելու են: 

Ամենաթարմ օրինակը. հենց այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ։ 
Դա այն Դավիթ Գրիգորյանն էր, որն անցած տարվա մայիսի 18-ին կալանքից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, հետո մի թաքուն որոշում կայացնելով՝ կասեցրեց քրեական գործն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: Վերջացավ, գնաց: Ահա այս ֆայլերը վերականգնեք, այդ դեպքում օրինականություն հաստատելու հույս կլինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1422 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ