...

Ե՞րբ է վերջանալու այս «տուն-տունիկը»

Ե՞րբ է վերջանալու այս «տուն-տունիկը»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, իր էջում գրել է. «Քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին:

Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը: 

Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաև հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի և ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլև նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց:

Գիտեմ գիտեմ: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»:

Երեկ և այսօր բազմաթիվ ընթերցողներ արձագանքել էին մեր այն հրապարակմանը, որտեղ մենք սխալ էինք համարել կառավարության, վարչապետի մակարդակով տեղեկություններ տարածելը, որ այս կամ այն ընդդիմադիր գործիչը, նախկին բարձրաստիճան պաշտոնյան հանցավոր գործունեություն է իրականացրել, ինչ-որ կոռուպցիոն մեխանիզմներով տիրել այս կամ այն ռազմավարական օբյեկտին: Մեր ընթերցողները համակարծիք էին այդ տեսակետի հետ: Որ վարչապետը չպետք է հայտարարի, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան հանցավոր ճանապարհով է տիրացել, օրինակ՝ «Յուքոմին» կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Դրա համար կա դատախազություն, քննչական մարմիններ, որոնց պետք է տրամադրել նման փաստերը, և նրանք դրանք քննության առնեն:

Հիմա ստիպված ենք լրացնել մեր ասածը. ոչ միայն վարչապետի, այլ նաև՝ պատգամավորի մակարդակով այսպիսի հայտարարություններ անելը ճիշտ չէ: Մանավանդ, որ այն արդեն շոշափում է մեր ազգային անվտանգությունը, այնտեղ ակնարկվում է Ռուսաստանը:

Դե, Հրաչյա Հակոբյանը չի տվել Ռուսաստանի անունը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետի պաշտոնից հեռացվելուց հետո պատահական չէր, որ մի քանի օր անց վազեց Մոսկվա: Հետո այնտեղից թափով իջնելով Երևան՝ հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու մասին, ռուսական մամուլում «խաբարբզիկության» մակարդակի հարցազրույցներ տվեց: Ենթադրում էինք, որ նրան արդեն մշակել են, ոնց պետք է: 

Բայց պատգամավորի շուրթերից ոչ միայն դա է հնչում, այլև՝ որ գործակալին չեզոքացնում են, եթե նա այլ պետության գործակալ է լինում կամ պետության դեմ է գործում: Սա արդեն տուն-տունիկ է: Վարչապետից սկսած, վերջացրած բոլոր պատգամավորներով, պետք է հասկանան,որ իրենք այլևս բլոգեր, լրագրող կամ ակտիվիստ չեն, որ մտքին եկածը ասեն: Իրենք պետք է վերջապես գիտակցեն, որ պետություն են ներկայացնում, ինչը նշանակում է, որ նրանց ցանկացած արտահայտած թեկուզ բառ ընկալվում է որպես պետության դիրքորոշում: Երբ իշխանություն ես ստանձնում, պատասխանատվության աստիճանը հարյուրապատկվում է: Քո ամեն խոսքը ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լսարան ունի:

Մի օրինակ բերենք. մինչև ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ կամ կարևորագույն միջազգային փաստաթղթերը ընդունելը, վավերացնելը, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ է այդ փաստաթղթերը ընթերցել և անհրաժեշտության դեպքում տեքստում փոփոխություններ կատարել, օրինակ՝ մի հատ բառ է փոխել: Ասել է՝ այս բառի տեղը այս բառը գրեք, այսպես ավելի ճիշտ է, ապահով է, անվտանգ: Այսինքն, մեկ բառին անգամ կարևորություն է տրվել:

Նույնը՝ հայտարարությունների, ելույթների վերաբերյալ, հատկապես եթե դրանք շոշափում են միջպետական հարաբերություններ: 

Իսկ այստեղ համարյա բաց տեքստով հայտարարվում է, որ Վանեցյանը «շպիոն» է: Նշանակում է, մենք ԱԱԾ չունենք, կամ էլ՝ իշխանությունները չեն վստահում ԱԱԾ-ին: 

Այսպես չեն գործում: Այսպես ընդդիմության, նախկին իշխանավորների հետ հարաբերություններ չեն պարզում: Կան հստակ կանոններ, որոնց պետք է հետևել: Եթե կան կասկածներ, որ ինչ-որ մեկը օտարերկրյա գործակալ է, ապա այդ մասին հայտնում են պատկան մարմիններին, կան կասկածներ, որ Վանեցյանը շանտաժի է ենթարկել Մինասյանին, լավ, գոնե գցեք մամուլի բերանը, հետո հղում արեք մամուլին, որ դա ձեր տեսակետը չէ, այլ մամուլի: 

Իսկ այսպես ստացվում է, որ մենք, այսինքն՝ մամուլը և իշխանությունները, նույն լիազորություններն ունենք: Մենք էլ ենք ասում, որ կա Վանեցյան-Մինասյան կապ, իշխանությունն էլ: Բայց մենք լիազորություն ու լծակներ չունենք՝ այդ ամենը ստուգելու և քննություն իրականացնելու համար, իշխանությունն ունի: Բայց չի անում: Բա էլ ինչի՞ եք գնացել, իշխանություն դարձել: Ձեր համար մնայիք, մամուլով զբաղվեիք, հոդված ու վերլուծություն գրեիք:  

Սա այն անեկդոտն է հիշեցնում, որ ամուսինը գալիս է, ննջարանի դուռը բացում է, տեսնում է՝ մահճակալին անծանոթ տղամարդ է պառկած: Պահարանը բացում է, կինն այնտեղ թաքնված է լինում: Վրան գոռում է. «Հազար եմ ասել, աղջի, էս քո տեղը չի, քո տեղը մահճակալն է»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4151 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ