Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով 3 օր առաջ իր արած բացահայտմանը, երբ նշել էր, որ Բաքվի ներկայացուցիչը Դուբայում Փաշինյանին 5 մլրդ դոլար է առաջարկել Արցախի 7 շրջանի դիմաց, այսօր գրել է.
«Իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»:
«ՉԻ». Էս լրիվ գժանոց է: Մարդ ասում է՝ սաղ թողնի, գնա Սադախլոյից ապրանք բերի:
Իրականում, եթե ընդունենք, որ Միքայել Մինասյանը ճիշտ է ասում, ապա ստացվում է, որ Արթուր Վանեցյանը դեռ 2018 թվականին է իմացել՝ Արցախի 7 շրջանի դիմաց Բաքվի այդ 5 մլրդ դոլար առաջարկի մասին: Որովհետև եթե Միքայել Մինասյանը աշխարհի ինչ-որ հեռավոր անկյունից դա իմացել է, ապա այն ժամանակվա ԱԱԾ գործող պետը չէր կարող չիմանալ:
Բնականաբար, եթե Վանեցյանին այդ առաջարկը ծրարով տվել են, որ փոխանցի Փաշինյանին, ապա նա պարտավոր էր իմանալ, թե այդ ինչ առաջարկ է: Թե չէ ԱԱԾ պետը հո փոստատար չի՞, որ իր միջոցով իրար նամակներ փոխանցեն: Մանավանդ, եթե ծրար տվողը Ադրբեջանի ներկայացուցիչ է: Բա էլ ի՞նչ ԱԱԾ պետ, եթե չիմանար ծրարի մեջ գտնվող նամակի բովանդակությունը:
Այնպիսի տպավորություն է, որ Միքայել Մինասյանը սրանով «պադստավկա» է անում Արթուր Վանեցյանին: Ճիշտ է, Մինասյանն իր այս գրառման մեջ դիվանագիտորեն գրել է հետևյալը. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին», բայց իրականում Արթուր Վանեցյանին էլ է մեղադրում՝ «7 շրջանները 5 միլիարդ դոլարի դիմաց հանձնելու» առաջարկի մասին իմանալու և այդ մասին լռելու մեջ: Համենայնդեպս, տրամաբանությամբ այդպես է ստացվում: Ու Վանեցյանը պետք է պարզաբանի, թե ինչու այդ առաջարկի մասին ժամանակին չի ասել:
Մենք չգիտենք, թե Արթուր Վանեցյանն ինչպես է արձագանքելու Միքայել Մինասյանի այս սկանդալային գրառմանը, բայց զգում ենք, որ Հայաստանում իշխանության համար պայքար է գնում ոչ միայն ընդդիմության և իշխանության միջև, այլ նաև ընդդիմության տարբեր հատվածների միջև: Ու մենք առաջիկայում դեռ նորանոր «սլիվների» ականատեսը կդառնանք: То ли еще будет:
Հ.Գ. Վերնագիրը նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցների ոճով ենք գրել: Տեսնենք, ինչ է ստացվելու: